Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթների նոր «խմբաքանակ»

Հոկտեմբեր 29,2019 10:00

Վերջերս հերթական քաղաքացին (որն այս անգամ տաքսու վարորդ չէր) բողոքում էր ինձ, թե «ինչպես է Հայաստանը փչանում»: Պատմում եմ դրա մասին՝ ցույց տալու համար մեր ժողովրդի մի մասի (գուցե մեծ մասի) «առասպելաբանական» մտածողությունը: Առաջին հեքիաթը, որին հավատում էր իմ զրուցակիցը, հետեւյալն էր. «Էս Նիկոլն էլ էկավ, միասեռականներին օրինականացրեց» (վիրավորական բառերն ու որակումները վերաձեւակերպում եմ): Հարցնում եմ՝ ինչպե՞ս, ե՞րբ: «Իրա խորհրդարանը օրենք ընդունեց, որ դրանք կարան իրար հետ ամուսնանան»: Ի՞նչ օրենք: «Էն օրը ֆեյսբուքում եմ կարդացել»: Այդ մարդը, հավանաբար, լսել էր Ստամբուլյան կոնվենցիայի մասին տարածվող հեքիաթները, բայց փաստացի նյութին բացարձակապես չէր տիրապետում:

Երկրորդ առասպելը Հայաստանին տրամադրվող վարկերի մասին էր: «Տրամաբանական շղթան» հետեւյալն է՝ «Եվրոպաներից» վարկերը տալիս են միասեռական ամուսնությունները օրինականացնելու դիմաց, բայց առանձնապես մեծ գումարներ չեն տալիս, որ «էս իշխանությունը էս ժողովրդին պահի»: Իմ զրուցակիցը «ֆեյսբուքով կարդացել է» նաեւ այն մասին, որ «Նիկոլը գնաց դրանցից փող ուզելու, էնքան խնդրեց, որ վերջը դրանք ջղայնացան ու ասին՝ ձեր նման երկրին մենք չենք ֆինանսավորում»: Հետաքրքիր է, որ զրուցակիցս, կարծես թե, ձգտում էր ստանալ իմ արձագանքը (ցանկալի է, իհարկե, դրական), բայց ես նրան հարցրեցի, թե երբ են տեղի ունեցել վարչապետի եւ միջազգային կառույցի միջեւ իր հիշատակած բանակցությունները, նա, ի վերջո, հեգնանքով, եզրափակեց՝ «հա, հա, պաշտպանի քո վարչապետին»: Նա չգիտի, որ երբ նախորդ բոլոր իշխանությունների մասին նման հեքիաթներ էին պատմում, ես նույն «ճշտող» հարցերն էի տալիս:

Ես չեմ կարող «օդի մեջ» կամ «օդում կախված» բաներ խոսել կամ համաձայնել դրանց հետ, ինձ պետք է որոշակի փաստական հիմք, որը սովորաբար իշխանությունների մասին խոսակցություններում, արդեն առնվազն 27 տարի է, բացակայում է: Ժողովրդական զանգվածներին նման փաստական հիմք պետք չէ:

Պետք չէ նաեւ քաղաքական գործիչներին, որոնք ողջունում են, խրախուսում են «պատի տակի» խոսակցությունները, օգտվում են դրանցից, երբեմն նաեւ տարածում են դրանք: Օրինակ, ներկայիս ընդդիմադիրները շատ լավ գիտեն, որ Ստամբուլյան կոնվենցիայում միասեռականության մասին ոչ մի բառ չկա, բայց ձեւ են անում, որ մտահոգված են «ազգային արժեքների կորստով»:

Նախկին ընդդիմադիրները, բնականաբար, տեղյակ էին, որ արագաչափերի տուգանքները «Սաշիկի» հետ կապ չունեն, սակայն նրանց ձեռնտու էր պահպանել եւ զարգացնել այդ առասպելը: Քաղաքականություն է, ինչ արած՝ ամբողջ աշխարհում է այդպես:

Ես չեմ հասկանում մեկ այլ բան: Կան մարդիկ, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում, քաղաքական շահեր չունեն եւ ճշմարտությունը գիտեն: Ինչո՞ւ են նրանք հեքիաթներ լսելիս գլուխները տմբտմբացնում եւ «տոն տալիս» նման խոսակցություններին: Վախենո՞ւմ են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Արդիական թեմայ էք արծարծում:
    Ես կարծում եմ, որ այս առասպելների տարածման հարցում մեղաւորութիւնը մերն է՝ կիրթ, գրագէտ մարդկանցը:
    Առաջ, այս կարգի էժանագին խօսակցութիւնները, զրոյցները մնում էին տան խոհանոցներում, ռեստորաններում: Հիմա ամէն քնից զարթնողը կարծիք է յայտնում ֆեյսբուքում, որը մանրէների արագութեամբ կարող է բազմանալ: Ի սէր Աստուծոյ, թող խօսեն: Ես խօսքի ազատութեան ջերմեռանդ աջակից եմ: Բայց չփաստարկուած, չտրամաբանուած եւ ակնյայտ քարոզչական խօսքը չպէտք է վերին շերտեր բարձրանայ: Մարդկանց ուսեալ խաւը պէտք է արհամարհի նրանց, չպէտք է «տոն տայ» նման էժանագին զրոյցներին: Ու եթէ հետեւողական լինենք, առասպելներ յօրինողները ժամանակի ընթացքում կը մաղուեն:

    Հիմա մի երկու առասպել էլ ես ասեմ: «Ստամբուլեան կոնվենցիայի» մասին չեմ կարող խօսել, որովհետեւ ոչ միայն չեմ կարդացել, այլ նոյնիսկ չգիտեմ, թէ ինչի մասին է: Բայց այ արագաչափերի մասին լսել եմ: Ու անկեղծ ասած ներքուստ հաւատացել եմ այդ լուրին (բայց երբեք չեմ տարածել, որովհետեւ փաստեր չեմ ունեցել):
    Հաւատացել եմ (բայց չեմ տարածել), որովհետեւ երբեմն շատ ու շատ անճշտութիւններ տարածւում են նաեւ յայտնի մարդկանց շուրթերով:

    Ահաւասիկ երէկ՝ պատգամաւորն ասում է, որ հրշէջ մեքենաները յաճախ առանց ջրի են գնում կրակը մարելու: Մեր բանավիճային մշակոյթը էնքան զարգացած չի, որ ասեն «մի րոպէ, աղջիկ ջան էս ինչե՞ր ես խօսում» կամ «շնորհակալութիւն աղջիկ ջան, մենք այս հարցը կը լուծենք»: Յետոյ օրուայ վերջում «Առաւօտում» հակառակ լուր եղաւ, որ սոյն պատգամաւորները առհասարակ լուրեր չեն կարդում ու ԱԻՆ-ի անցուդարձից անտեղեակ են: Առասպելի պարարտ հող է՝ «էս ինչ երգիր ա, դաժէ պաժարնու աֆտոյըմ ջուր չկա»:

    Նոյն կերպ յիշո՞ւմ էք՝ մի քանի ամիս առաջ ամերիկահայ երեխան, որ վատացել էր: Ուսուցչուհին կանգնեց ասաց, որ Եղեգնաձորի թէ Վայքի հիւանդանոցի շտապօգնութեան մեքենան առանցի բենզինի էր: Եղելութիւնն այդպէս էլ չիմացանք: Շատ հանգիստ կարող է առասպել դառնալ:
    Հրշէջն ու ՇՕ-ն դեռ ոչինչ: Բա որ նոյն կարգի առասպելները հասան բանակ ու Ապրիլեան պատերա՞զմ: «Տանկերում բենզին չկար, տանկերում բենզինի տեղը ջուր էր»:

    Առասպելների, ասեկոսների, բամբասանքների ի յայտ գալը շատ բնական է: Դա նման է կենսաբանութեան մէջ Էվոլուցիոն տեսութեանը: Մենք չենք կարող արգելել մուտացիաները: Դրանք ինքնաբերաբար առաջանում են: Բայց ամէն մի անկենսունակ մուտացիա չի կարող զարգացում ունենալ, որովհետեւ մրցակցութիւն, գոյութեան կռիւ եւ բնական ընտրութիւն կայ:

    Եթէ հայ հասարակութիւնում էլ ուժեղ մրցակցութիւն (բանավէճ), բնական ընտրութիւն լինի, բազում առասպելներ դեռ չծնուած կը մահանան:

  2. Հ.Շ. says:

    « Ստամբուլյան կոնվենցիայում միասեռականության մասին ոչ մի բառ չկա »
     ************
    Ներեցէք որ ձեր ուշադրութեան յանձնեմ սոյն Պայմանագրի 4րդ յօդուածի 3րդ պարբերութիւնը, ուր նշուած են յատկապէս ՝ «sexual orientation» եւ «gender identity».
     
    Այսինքն, այդ Պայմանագրում ամէն մի տեղ ուր «կին» բառը նշուած է, վերոնշեալ յօդուածի հիման վրայ, կը վերաբերի նաեւ անձի մը որ ծնած է որպէս տղամարդ, սակայն ինքզինք կը համարէ կին: Կամ ել իրագիտականօրէն կին է, սակայն իր «ամուսինն» ալ կին է: Եւ փոխադարձաբար: Եւ “domestic violence”ը ըստ այնմ կը բնորոշուի:
     
    Ահա, որպէս նմոյշ միայն, այս ըմբռնողութեամբ մեկնաբանական յօդուածներից մի հատ մը՝
    Protection of Trans People under the Istanbul Convention
    https://tgeu.org/protection-of-trans-people-under-the-istanbul-convention/
     
    Ուղղակի վախնալիք է որ Հայաստանում Ձեր նման մէկը իսկ չէ նկատած ասիկա:
     
    Իսկ հազար անգամ արդէն ըսուած է, եւ շատ հեշտ է ոեւէ մէկին համար հասկանալ՝ ՀՀ Քրէական Օրէնսգիրքի բազմաթիւ յօդուածներ լիովին բաւարար են օրինական հետապնդումներու ենթարկելու համար ոեւէ տղամարդ որ իր կնոջ նկատմամբ որեւէ բիրտ արարք կը գործէ, կամ հակառակը – ինչ որ կրնայ նաեւ պատահիլ, բնաւ անսովոր բան չէ, Արեւմուտքի մէջ – : Նոյնպէս, երբ որ զոհը երեխան է: Եթէ նպատակը այդ է, կառավարութեան կը մնայ պարզապէս «համոզել» ոստիկաններին եւ իրաւապահ մարմիններին որ ընտանեկան բռնութեան պարագային ալ պարզապէս բարեհաճին կիրառել ՀՀ Քրէական Օրէնսգիրքի: Եթէ շատ զբաղած չեն անշուշտ քաղաքական հալածանքներով:
     
    Յարգանքով,
     
    Մ. Հայդուկ Շամլեան, Կանադա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031