Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «ՀՀ-ում հեղափոխության օրերին մեր գործողությունները զուտ հայտարարություններով չեն սահմանափակվել»

Նոյեմբեր 10,2019 17:10

Այսօր Շուշիում տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը։ Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանն ընտրվեց որպես կուսակցության նախագահ: Հարությունյանն Արցախում նախագահական առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու է:

Այսօր Հարությունյանն իր հաշվետու ելույթում անդրադարձավ իր գործունեությանն ու  Հայաստան- Արցախ հարաբերություններին և համաժողովրդական շարժմանը ցուցաբերած իր աջակցությանը: Հարությունյանն ասաց. «Արցախի ապագան գրեթե անհնարին է պատկերացնել Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունից դուրս։  Այդ է պատճառը, որ իմ՝ պետական նախարարի պաշտոնը թողնելուց հետո, մեր քաղաքական կուրսը որեւէ փոփոխություն չի կրել, քանի որ պետական շահն առաջնահերթ է մեզ համար: Մենք որ որպես առաջատար քաղաքական ուժ՝ ինքնանպատակ չենք ձգտել միայն իշխանությունը պահելուն, քանի որ ունենք սեփական առաքելության խորը գիտակցում եւ հավակնոտ ծրագրեր, քաղաքական կամք եւ վճռականություն: Առաքելություն, որը պետք է սրբագրի անցյալի թերություններն, ալ ոչ թե ուրանա անցյալը, պետք է ապահովի ոչ միայն հայրենիքի ազատությունն, այլ բոլորիս ազատությունն այդ հայրենիքում»:

Հարությունյանի խոսքերով՝ «Ազատ հայրենիքը» նախանձախնդիր է ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացնելու հարցում. «Մենք չէինք կարող չհարգել ՀՀ քաղաքացու կամքով տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Այդ օրերին մեր գործողությունները զուտ հայտարարություններով չեն սահմանափակվել։ Ի լուր մեր ժողովրդի ուզում եմ հայտնել՝ որ նախ գործադրեցինք բոլոր ջանքերը՝ կանխելու հեղափոխության հետեւանքով տնտեսական հնարավոր խնդիրների առաջացումն Արցախում եւ ինչ-որ տեղ նաեւ Հայաստանում: Հատկանշական է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված Երեւանում հրավիրված ավելի քան հազար հոգով մեր մասնակցելու նախաձեռնությունը, որը ոչ միայն վերահաստատեց մեր դիրքորոշումը, այլեւ ավելի ամրապնդեց մեր թիմի միասնականությունը՝  չեզոքացնելու ներքաղաքական դաշտում բոլոր տեսակի տարանջատումների վտանգը։ Իսկ ավելի քան 10 հազար մեր կուսակիցների եւ համակիրների բանակով  այս տարվա օգոստոսի 5-ին Ստեփանակերտում  հրավիրված միասնության հանրահավաքին մասնակցությունը փաստեց, որ մեր ընտրած ուղին անբեկանելի է»:

Հարությունյանն ասաց, որ կուսակցության անդամների թիվը հատել է 7 հազարը: Նա անդրադարձավ այն մեկնաբանություններին, թե ինչպես են անդամագրվում կուսակցությանը. «Ասում են «ինչ-որ մեթոդներով ենք» անդամագրում: Սա մեկնաբանության կարիք չունի, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հին եւ նոր անդամներին»: Նա ասաց, որ անդամներից շատերը երիտասարդներ են:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930