Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ միավորում է իր երկու դպրոցները, վարձը չի թանկանա

Նոյեմբեր 11,2019 11:11 Share

ՀԲԸՄ «Մանուկյան – Դեմիրճյան» վարժարանի (Փասադենա) միավորումը նույն միության «Վաչե և Թամար Մանուկյան» (Քանոգա Փարք) վարժարանի հետ որոշակի կրքեր է բորբոքել, եղել են հրապարակումներ նաեւ հայաստանյան լրատվամիջոցներում: (Փասադենա եւ Քանոգա Փարք քաղաքները գտնվում են ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում՝ դրանց միջեւ տարածությունը կազմում է 42 կիլոմետր): Սակայն ՀԲԸՄ Կենտրոնական խորհուրդը եւ Մանուկյան հիմնադրամը վստահեցնում են, որ միավորումը հիմնովին պատճառաբանված է, հաշվի են առնվել մի շարք գործոններ, կարեւորվել է սովորողների շահը: Նախ՝ Փասադենայի դպրոցում աշակերտների թիվն էր նվազել, վերջին տարիներին այդ հաստատությունում լճացում էր նկատվում, արդյունքներն էլ բավարար չէին: Մինչդեռ համատեղ ծրագրերը զարգացման մեծ հնարավորություններ են ստեղծում:

Հենց սկզբից՝ չնայած աշակերտների փոքր թվին, դպրոցը մշտապես հատկացումներ է ստացել ՀԲԸՄ-ից և «Մանուկյան» հիմնադրամից: Այդ հատկացումները տարեցտարի զգալիորեն աճում էին՝ անցած տարի հասնելով մոտ 2 միլիոն դոլարի: ՀԲԸՄ-ը և «Մանուկյան» հիմնադրամը տարեկան յուրաքանչյուր աշակերտի վրա ծախսում էին 10-13 հազար դոլար, սակայն դա չի փրկել իրավիճակը. դպրոցը դժվարին ֆինանսական դրության մեջ էր հայտնվել:

Դրանից հետո մանրամասն ուսումնասիրություն է կատարվել, եւ եզրակացությունն այն էր, որ ռեսուրսները կարելի է ավելի արդյունավետ բաշխել՝ բավարարելով ՀԲԸՄ-ի և Հիմնադրամի համար երկու կարևոր սկզբունքները.

ա) շարունակել ապահովել բարձրակարգ կրթություն «Մանուկյան-Դեմիրճյան» վարժարանի սաների համար՝ առանց հավելյալ վճարի,

բ) ռեսուրսները ներդնել այնպես, որ դրանք լավագույն կերպով համապատասխանեն համայնքի պահանջներին և շահերին:

ՀԲԸՄ Կենտրոնական խորհուրդը եւ «Մանուկյան» հիմնադրամը հայտարարել են, որ պատրաստ են աջակցել վարժարանի սաներին և ընտանիքներին այս անցումային շրջանում և փոխհատուցել այս պահին դպրոցում սովորող բոլոր սաների կրթական վճարների տարբերությունը, դիտարկվում է նաեւ «Վաչե և Թամար Մանուկյան» վարժարանի և «Մանուկյան-Դեմիրճյան» վարժարանի միջև անվճար փոխադրման հարցը լուծելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է 11-րդ դասարանի աշակերտներին, ապա նրանց առաջարկվել է SAT/ACT-ի անվճար նախապատրաստական դասընթաց:

ՀԲԸՄ-ը և «Մանուկյան» հիմնադրամը վստահություն են հայտնել, որ երկու դպրոցների միավորումը թույլ կտա, որ «Քանոգա Փարք» կամպուսը կենտրոնանա գերազանցապես ավանդական կրթության վրա, ինչը հնարավորություն կտա վերածել Փասադենայի կամպուսը համայնքային և մշակութային կենտրոնի:

Փասադենայի կենտրոնում ծրագրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտաշինության և ինժեներության ծրագրեր իրականացվել, ինչպես նաեւ կազմակերպել երաժշտության, պարի և խոհարարության դասընթացներ, բացի այդ՝ կամպուսը ծառայեցնել որպես մարզական միջոցառումների ու զանազան այլ հանդիպումների տարածք:

Գ.Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930