Մեծ Հայրենականում խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար զոհված հայ մարտիկների ու սպաների մասին ռուսական աղբյուրները խիստ փոքր թիվ են ներկայացնում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, 2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին Արցախի առաջատար քաղաքական ուժի կողմից հայտարարված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ կոչով դիմելով ՀՀ ԱԳ նախարարին և շահագրգիռ մարմիններին, պատմական այդ խեղաթյուրված փաստը վերանայելու խնդրանքով:
«Շուտով կլրանա Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած փառավոր հաղթանակի 75-ամյակը, որին հայ ժողովրդի պատկառելի մասնակցության մասին բոլորս գիտենք: Փաստագիտական աղբյուրների վկայությամբ՝ խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար 200 հազար հայ մարտիկներ ու սպաներ են զոհվել: Իսկ որոշ աղբյուրների պնդմամբ՝ զոհերի և անհետ կորածների թիվը անցնում է 314 հազարը: Սակայն, որքան էլ ցավալի է, ռուսական աղբյուրներում նշվում է, որ զոհերի թիվը Հայաստանից կազմել է ընդամենը 83 700 (Տես հետևյալ հղումով ): Նույն խնդիրն առկա է նաև խորհրդային նախկին այլ պետությունների մասով, որն, ըստ իս, ոչ թե դիտավորյալ աշխատանքի հետևանք է, այլ համապատասխան մարմինների միջև ոչ պատշաճ համագործակցության: Այս մասին դեռևս իմ վարչապետության շրջանում ՀՀ մեր գործընկերների հետ հանդիպումներիս ժամանակ տարբեր առիթներով բազմիցս բարձրաձայնել եմ, սակայն ոչ մի արդյունք:
Երեկ մամուլում կարդացի, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում ներկա են գտնվել Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Առիթն օգտագործելով՝ հրապարակավ ցանկանում եմ դիմել պարոն Մնացականյանին և բոլոր շահագրգիռ կառույցներին պատմական այդ խեղաթյուրված փաստը վերանայելու խնդրանքով: Կարծում եմ՝ գոնե 75 տարի անց, հայ ժողովրդի համար խիստ կարևոր այս ճշմարտությունը վերականգնելով, մեր պապերի հիշատակին մեծ տուրք մատուցած կլինենք»,- նշել է Ա. Հարությունյանը:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/415076812523031/?type=3&av=171436153553766&eav=AfaMC28GP–sxEJEcUKoF1K9LPyhX2RiziANIO6ioXVl3uM1tQa9AFFolce8LMy5KH4&theater
«Ազատ հայրենիք» կուսակցություն


















































