Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի դպրոցներից մեկի ուսուցչուհին Վիտալի Բալասանյանի եւ նախկին իշխանավորների նկարների վրա «թուրք», «դավաճան» գրություն է կատարել․ «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 30,2019 11:00

Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դպրոցի «Արցախի հերոսներ» պաստառին Վիտալի Բալասանյանի և նախկին իշխանավորների նկարների վրա հայտնվել են «թուրք», «դավաճան» գրությունները:

«Խորը զայրույթով տեղեկացանք Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դպրոցում «Արցախի հերոսներ» հուշատախտակի պղծման մասին: Երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բարձրաձայնում էր ազգային ավանդույթների, բարոյական և հոգևոր արժեքների պահպանման մասին, խորը գիտակցում էր այդ արժեքների կարևորությունը, որոնց կորուստը կործանարար և անդառնալի հետևանքներ կունենա մեր սերունդների համար: Այս արարքը կրկնակի նողկալի և վտանգավոր է, երբ այն կատարում է ուսուցիչը, որի առաքելությունն ապագա հայ մարդու դաստիարակությունն է: Նման արարքը վիրավորանք է ոչ միայն տվյալ անձանց, այլև բոլոր նրանց, ովքեր պայքարել են Արցախի ազատագրման համար: Կատարված սրբապղծությունը պետք է դառնա համաժողովրդական պարսավանքի առարկա»,- ասվում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գրասենյակի տարարած հայտարարության մեջ:

Դրանում նաեւ պահանջ է ներկայացվում Կրթության, գիտության եւ սպորտի նախարարությանն ու իրավապահ մարմիններին՝ ուսումնասիրել կրթական օջախներում վանդալիզմ ծնող պատճառները, իսկ վանդալիզմ իրականացրած անձին ենթարկել ամենախիստ պատասխանատվության:

Արցախի ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին, որ հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործի հարուցումը մերժվել է, սակայն տեղեկություն ունեն, որ Մարտունու շրջանի կրթության բաժնի կողմից նշված արարքը կատարած ուսուցչուհուն նկատողություն է տրվել:

Արցախի դատախազությունը, ի տարբերություն Բալասանյանի գրասենյակի, արարքը չի որակել «պղծություն» կամ «վանդալիզմ», և բավարարվել է ուսուցչուհու նկատմամբ վարչական տույժ նշանակելով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Վազգենաշենի համայնքապետ Անդրանիկ Բաբայանը: Նա ասաց, որ հուշատախտակի վրա գրառումներ կատարել է գյուղի պատմության ուսուցչուհին՝ Մաթևոսյան Մարուշը՝ աշակերտների ներկայությամբ. «Ինքն իր կատարած քայլը ճիշտ է համարում: Եվ էդպիսի մարդիկ էսօր ազգասիրություն են դաստիարակում: Ոստիկանապետն ամբողջ անձնակազմով եկավ-ներկայացավ, մեր թաղային տեսուչը համապատասխան գործերը կազմեց, դատախազությունն էլ ասաց՝ էստեղ քրեական բան չեմ տեսնում, թե սա վանդալիզմ չի. իբր թե օրենքով ոչ մի միջոց չունենք, որ ձեռք առնենք, 1500 դրամ տուգանք ենք առնում, վերջ»:

«Սուտ է. դա դպրոցի հուշատախտակ չէր. դա ընդամենը մի կեղտոտ, ճմռթած թղթի կտոր էր, որ գտել եմ աղբի միջից՝ փոշոտ դարակի տակից՝ A4 ֆորմատից էլ փոքր: Ես չգիտեմ՝ ինչ է ասել Բալասանյանը, բայց այդ նույն հերոսների պաստառը՝ մեծ, պետության կողմից ուղարկված, արդեն մի տարի է, դպրոցի պատին փակցված է՝ վրան խզբզած, գրոտած, խաչ քաշած: Ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում, իմ գրությունը փոքր, ճմռթած թղթին միանգամից դարձավ պատմություն»,- ասաց ուսուցչուհին՝ ընդգծելով, որ դա տեսել է գյուղապետի կինը, որ դպրոցի փոխտնօրենն է, և նա է բարձրացրել այս աղմուկը:

 

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930