Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան. «Կառավարությունը հանքարդյունաբերության հարցում հակապետական վերաբերմունք ունի»

Մարտ 03,2020 20:25

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հասցեական լուրջ մեղադրանքներ ներկայացրեց:

«Կառավարությունը հանքարդյունաբերության հարցում հակապետական վերաբերմունք ունի: Կամ սա բացարձակ տգիտության, կամ ուղղակի դավադրության արդյունք է: Իշխանությանը արդեն 30 տարի տիրանում են այնպիսի մարդիկ, որոնք սեփական երկրում սեփական քաղաքականություն վարելու իրավունք չունեն: Առանձին հարցերում կարող եմ զուգահեռներ բերել սկսած Անկախության առաջին օրից, թե պառլամենտում ինչպիսի հայտարարություններ արվեցին: Հանքարդյունաբերության վիճակը մինչեւ հիմա այս է: «Լիդիանը» այսօր փաստորեն զրկվում է հանքը շահագործելու արտոնությունից: Միջազգային առումով նա որեւէ հենարան չունի:  Բաժնետերերը հեռանում են: Եվ պատահական չի, որ 2018 թ. հունվարին խոշոր բաժնետերերից մեկը նյույորքյան բորսայում հայտարարեց. «Ես չեմ հավատում, որ մոտ ապագայում Ամուլսարը շահագործվի: Հայերը աֆրիկացիներ չեն, որ ռազմական մի գեներալ ուղարկես՝ հարցը լուծի»: Օնտարիոյի դատարանը հիմա քննում է նրա սնանկացման խնդիրը: Ես ինչի՞ եմ ասում, որ երեւի կառավարության ներսում կան մարդիկ, որոնք, հավանաբար, իրական հանքատերերն են: Ու պարտադիր չի, որ վարչապետը լինի: Եթե «Լիդիանը» փակվեց, ծախսած գումարները, որ զգալի են, կորչում են: Եվ կառավարության ղեկավարը հայտարարում է. «Մենք իրավական որեւէ հիմք չունենք Ամուլսարի հանքավայրի շահագործումը դադարեցնելու»:

Լրագրողի հարցին, թե «Լիդիանի» հետ կապված դատական պրոցեսներում ինչ քայլեր են կատարվում, Հակոբ Սանասարյանը պատասխանեց. «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը Ամուլսարի հանքավայրի հետ կապված երկար ուսումնասիրություն կատարեց եւ դատարան ներկայացրեց 10 կետեր: Այսօր ՀՀ վարչական դատարանը ութ կետերը համարեց, որ իրավասու չի: Մնացել է երկուսը, այն էլ փաստաթղթերի հետ կապված: Այնտեղ նույնիսկ ապօրինի հանքօգտագործում է կատարվել առանց թույլտվության: Արթուր Գրիգորյանը, որ տեսչական մարմնի ղեկավարն էր, երբ պաշտոնից հեռացրին, գրեց, որ հենց առաջին օրվանից  Տիգրան Ավինյանի կարգադրությամբ իր ձեռքով պետք է իրականացներ Ամուլսարի շահագործման թույլտվությունը: Այսօր Հայաստանի Հանրապետությունը միակ հենարանն է այս հանցագործ ծրագրի իրականացման համար»,- պատասխանեց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031