Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք պատրաստվում արդարանալ այսօրվա եւ վաղվա համար՝ վկայակոչելով անցած տարիները, անգամ՝ Հոկտեմբերի 27-ը»

Մարտ 04,2020 13:30

Ի՞նչ էին գրում «Առավոտում» քսան տարի առաջ՝ մարտի 3-ին

«Իսկ դուք որտեղ էիք քսան տարում», «Իսկ ինչու այդ մասին չեք գրել վերջին երեսուն տարում» հարցերը լրատվամիջոցներին տալիս են հիմնականում նրանք, ովքեր չգիտեն, որ գոյություն ունի արխիվ, եւ այդ արխիվները պահպանվում են ոչ միայն ազգային գրադարանում, այլ՝ խմբագրություններում:

Մտովի ցանկացա վերադառնալ 2000թ. մարտի 3: «Կառուցվածքային խաղեր» խմբագրականով բացվող հրապարակումից տեղեկանում ենք, որ այդօրեական է եղել նախարարությունների խոշորացման հարցը: Առաջարկվել է 17:

«Պետք չէ ամեն ոլորտի համար առանձին նախարարություն պահել՝ դրանք կարելի է ղեկավարել զույգ-զույգ, միացնելով, ասենք, սոցապն ու առողջապահությունը: Զգո՞ւմ եք, վեջին ժամանակներս ինչպիսի առաջընթաց է զգացվում՝ սոցիալական ապահովության եւ առողջապահության բնագավառում: Եթե այսպես շարունակվի, ապա մոտակա տասը տարվա ընթացքում հնարավոր կլինի միացնել ոլորտները երեք-երեք կամ չորս-չորս»: Խմբագրականի հեղինակն ասես կանխատեսել էր ոլորտների այսօրվա միացման վառ օրինակները՝ կրթության-գիտության-սպորտի-երիտասարդության-մշակույթի…

Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ին, «Միասնության» անունից Տիգրան Թորոսյանն ասել է. «Մենք չենք պատրաստվում արդարանալ այսօրվա եւ վաղվա համար՝ վկայակոչելով անցած տարիները, անգամ՝ Հոկտեմբերի 27-ը: Մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել եւ, անկեղծ եմ, չէինք մտածում, թե որեւէ մեկը մեզ հետ պատասխանատվություն է կրելու եւ պետք էլ չէ՝ մենք կկրենք»:

Այդ օրը տեղեկանում ենք, որ «Հոկտեմբերի 27-ի» գործով մեղադրվողի պաշտպանի՝ Ռուբեն Ռշտունու համառ պնդումներից հետո գիրք են տվել կարդալու ՀԱՀ-ի փոխտնօրեն Հ. Հարությունյանին, այն էլ Ստեփան Զորյանի պատմվածքները, որն անգիր գտեր նրա պաշտպանյալը, որին երկու ամսից ավելի զրկել էին գրելու հնարավորությունից:

Խորհրդարանում քսան տարի առաջ այս օրը կողմնորոշված չէին. բյուջեի քննարկումն էր, եւ «Մեկ «կողմ», մեկ «դեմ», մեկ «ձեռնպահ» հրապարակումից տեղեկանում ենք, որ առարկող խմբակցություններից՝ ԱԺՄ-ն չի ցանկացել քվեարկել «50 մլրդ-անոց դեֆիցիտով բյուջեին»: «Ո՞ր կոճակն են սեղմելու դաշնակցականները, եթե կառավարությունը երկուշաբթի բյուջեի նախագիծը հետ չվերցնի լրամշակման»,-գրել էր հոդվածագիրը:

Սպասվում էր մարտի 26-ին Վլ.Պուտինի նախագահական ընտրությունները, եւ նա Մոսկվայում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոսին: Ըստ «Առավոտի», «Հաշվի առնելով հայ համայնքի թիվն ու ազդեցության ոլորտների լայն շրջանակը, Ռուսաստանում ընդհանրապես, Մոսկվայում՝ մասնավորապես, մեր կաթողիկոսը կնպաստի, որ Պուտինին տրվելիք ձայների մեջ իր «ուրույն» տեղն ունենա նաեւ հայ համայնքը»:

Կարեւորագույն լուրերից է եղել Արմենիկումի ծրագրի տեղեկատվական վերլուծական կենտրոնի փոխանցածը, համաձայն որի («Կեղծիք ինտերնետում»), Երեւանում չէր սահմանվել ԴԱՎ-ի գինը, մինչդեռ, Ինտերնետում խոսք էր գնացել տասնվեց հազար ԱՄՆ դոլարի մասին: «Այսօրվա դրությամբ Հայաստանի սահմաններից ոչ մի գրամ դեղ դուրս չի եկել, եւ այն, ինչպես հայտնի է, վաճառքի ենթակա չէ»,- հայտնել էր Արմենիկումի ծրագրի տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Ասլանյանը: Զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Ռ. Ազարյանը հանդիպել է լրագրողների հետ, Նոր Նորքի թաղապետական ընտրությունների հանձնաժողովի առեւանգված անդամներից Հրաչյա Աբրահամյանի առողջական վիճակի հետ կապված՝ հարազատները դիմել են գլխավոր դատախազությանը, փորձաքննություն նշանակելու պահանջով, «Վերսուս» ստուդիան գնացել էր Գորիսի բանտ, եւ նվիրել յոթ հեռուստացույց, որից երկուսը նվիրել էր կաթողիկոսարանի «Շողակաթ» ստուդիան, իսկ ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը խոստացել էր ԱԺ-ին նվիրել 60 համակարգիչ, յուրաքանչյուր 2 պատգամավորի մեկը բաժին կհասնի, ինչպես «Լավ լուրում» տեղեկացնում է «Առավոտը»՝ «էլի շարիկ կգլորեն»:

Օրվա հանրահավաքը եղել է տարբեր բուհերի ուսանողներինը, որոնք գնացել են Ֆրանսիայի դեսպանատուն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը չընդունելու կապակցությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
03.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031