Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց Հոլոքոստի հիշատակն այդքան կարևոր է, որովհետև անտարբերության և լռության հետևանքները մահացու են». Լատվիայի հոգևոր առաջնորդ

Ապրիլ 27,2020 22:35

Լատվիայի ավետարանական լյութերանական եկեղեցու արքեպիսկոպոս (Լատվիայի հոգևոր առաջնորդ) Յանիս Վանագսի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ

Ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի

Երեկ՝ կիրակի, մեր եկեղեցում մենք աղոթեցինք հայ ազգի ողբերգության համար, որը շատ երկրներում, և հատկապես Հայաստանում որպես ցեղասպանություն է որակվում։ Ապրիլի 24-ին մենք ոգեկոչեցինք այս ողբերգության 105-րդ տարելիցը։ Գլոբալ համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումների պատճառով Երևանում տեղի չունեցան հիշատակի ավանդական միջոցառումներ։ Դրա փոխարեն, մարդիկ անջատեցին իրենց տների էլեկտրականությունը, և իրենց պատուհանները կամ պատշգամբերը լուսավորեցին մոմերով կամ բջջային հեռախոսների լապտերներով։ Լատվիացի ժողովուրդը տեսել է կոտորածներ և խաղաղ բնակչության տեղահանություններ, բայց մենք քիչ բան գիտենք այն տանջանքների մասին, որոնց միջով անցել են հայերը։ Նույնիսկ ես ինքս ստիպված էի որոշ դետալներ ստուգել Բրիտանիկա հանրագիտարանում։

Անհիշելի ժամանակներից ի վեր Անատոլիայի սարահարթը բնակեցված էր հիմնականում հայ քրիստոնյաներով, ովքեր այնտեղ կողք կողքի ապրում էին քուրդ մահմեդականների հետ: XV-XVI դարում այս տարածքն ընկավ Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Հայկական ծագում ունեցող քրիստոնյաների կյանքը հետզհետե բարդացավ:

Իրենց մահմեդական հարևանների դեմ նրանց անգամ օրենքը հաճախ չէր պաշտպանում: 20-րդ դարի սկզբին, երբ արդեն մոտենում էր Առաջին համաշխարհային պատերազմը, նրանց սկսեցին մեղադրել սահմանից այն կողմ ապրող հայերի հետ դավաճանական կապերի մեջ։

1915թ․ սկզբին օսմանյան բանակը Սարիղամիշի ճակատամարտում ջախջախիչ պարտություն կրեց: Այս պարտության հիմնական պատճառը անբարենպաստ եղանակն էր և թույլ հրամանատարությունը, բայց մեղքը բարդվեց «հայերի դավաճանության» վրա: Դա Եղեռնի նախերգանքն էր: Օսմանյան իշխանությունները սկսեցին հայերի տեղահանումը Արևելյան Անատոլիայից այն պատրվակով, որ նրանց ներկայությունը վտանգում է պետության անվտանգությունը: Օսմանյան պառլամենտն ընդունեց օրենքներ, որոնք պաշտոնապես հաստատում են տեղահանությունները: Մոտալուտ աղետի առաջին նշանը 1915թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլիսից (Ստամբուլ) 250 հայ մտավորականների տեղահանումն էր:

Նույն թվականի ամռանը և աշնանը հայ քաղաքացիական անձինք իրենց տներից տեղահան արվեցին և Արևելյան Անատոլիայի լեռներով և դաշտերով աքսորվեցին դեպի անապատի համակենտրոնացման ճամբարներ: Քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների կողմից վերահսկվող աքսորը ուղեկցվում էր համակարգված զանգվածային սպանություններով ինչպես անկանոն հրոսակախմբերի, այնպես էլ տեղի քրդերի և չերքեզների կողմից: Վերապրածները [մահվան երթերից], որոնք հասան Սիրիայի անապատ, անհետացան համակենտրոնացման ճամբարներում: Զանգվածային սպանությունները շարունակվեցին նաև 1916 թ.։

Ըստ համեստ գնահատականների, 600 000-ից մինչև ավելի քան մեկ միլիոն հայ զոհվել կամ սպանվել է տեղահանությունների ընթացքում: Այլ աղբյուրներ պնդում են, որ զոհերի թիվը հասել է նույնիսկ 1,5 միլիոնի: Զեկույցները ստացվել են արտասահմանցի լրագրողներից, դիվանագետներից և զինվորականներից: Արևելյան Անատոլիայում գտնվող ամայացած հայկական տները տրվեցին մահմեդական փախստականներին: Հայ կանայք և երեխաները, ովքեր հասցրել են փրկվել, հաճախ ստիպված եղան հրաժարվել հայկական ինքնությունից և իսլամ ընդունել: Տասնյակ հազարավոր հայ որբեր օտարերկրյա միսիոներների կողմից ապաստան ստացան:

2014թ․ Թուրքիայի կառավարությունը ցավակցություն հայտնեց հայ զոհերին, բայց այսօր Թուրքիան ժխտում է, որ հայերի նկատմամբ բռնաճնշումները պետք է ցեղասպանություն անվանել: Թուրքիան պնդում է, որ դա ակնթարթային արձագանք է եղել Առաջին աշխարհամարտի ճգնաժամին, այլ ոչ թե հայ ժողովրդի բնաջնջման երկարատև ծրագրի իրականացում: Եղել են զանգվածային սպանություններ, բայց դրանք չեն նախաձեռնվել և կազմակերպվել է կառավարության կողմից: Ամեն դեպքում, հետևանքները նման էին կանխամտածված էթնիկական զտման: Երբ պատերազմն ավարտվեց, Օսմանյան կայսրության հայերի ավելի քան 90 տոկոսը անհետացավ, և իրենց գոյության ապացույցները ջնջվեցին: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետությունը պնդում է, որ հայ ժողովրդի բնաջնջումը պետք է անվանել ցեղասպանություն:

Նույնիսկ այս օրերին կան քրիստոնյաների նպատակաուղղված հետապնդումներ և սպանություններ: Ամեն տարի շատ եկեղեցիներ հրի են մատնվում և հազարավոր քրիստոնյաներ են սպանվում, բայց արևմտյան երկրների կառավարությունները քաղաքական լռություն են պահպանում այդ մասին: Այդ իսկ պատճառով Հայոց Հոլոքոստի հիշատակն այդքան կարևոր է, որովհետև անտարբերության և լռության հետևանքները մահացու են:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930