Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Որքանով է նպատակահարմար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում գումարների փոխանցումը՝ պետական բյուջե

Ապրիլ 30,2020 22:45
Tatul manasaryan

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը բազմաթիվ մտահոգությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, նախագիծը հաշվի չի առնում գույքի արժեզրկման կամ արժևորման օբյեկտիվ միտումները, որոնք անկախության երեք տասնամյակների ընթացքում էական տատանումներ են գրանցել: Միաժամանակ, հաշվի չեն առնվել ՀՀ դրամի արժեզրկումը՝ 1993թ. նոյեմբերին այն շրջանառության մեջ մտնելուց անմիջապես հետո /միայն նոյեմբեր – հունվար ամիսներին այն արժեզրկվել է ավելի քան 300 տոկոսով/:

Գործնական օրինակ

Քանի որ 1991թ. ից սկսած անշարժ գույքը Հայաստանում կտրուկ արժեզրկվում էր, միջին եկամուտ ունեցող ցանկացած անձ կարող էր 5-6 հազար ԱՄՆ դոլար գումարով Երևանի փոքր կենտրոնում մինչև 100 մ2 տարածքով բնակարան գնել: Նույն տարածքի ձեռքբերման համար Նորքի 5, 6, 7, 8, 9 զանգվածներում, Հարավ – Արևմտյան թաղամասում կարելի էր վճարել այդ գումարի կեսը՝ 2,5 – 3 հազար ԱՄՆ դոլար, հաճախ՝ կահույքի հետ միասին: Ստացվում է, որ այն ժամանակ գրեթե համատարած բնույթ կրող միջին խավի ցանկացած ներկայացուցիչ կարող էր գնել անշարժ գույք, որը 1990-ականների վերջից սկսած, անընդհատ արժևորվել է: Այսօր Երևանի փոքր կենտրոնում նույն բնակարանի միջին շուկայական արժեքը վաղուց անցել է ինչպես 25 մլն ՀՀ դրամի, այնպես էլ 100 մլն ՀՀ դրամի կամ 200 հազար ԱՄՆ դոլարի սահմանը: Շրջանառվող Նախագծի համաձայն, Երևանում նման բնակարանի ցանկացած սեփականատիրոջը սպառնում է բռնագանձում, առավել ևս, 1990-ականներին անշարժ գույքի առք ու վաճառքի փաստաթղթավորման պահանջները խիստ տարբերվում են ներկա պայմաններից: Ոչ բոլորն են պահպանել այդ հիմքերը: Իսկ շատերն ապրում են իրենց ծնողներից ժառանգած բնակարաններում, պահպանելով միայն սեփականաշնորհման վկայականները: Հետևաբար, ոչ ոք երաշխավորված չէ կասկածի հիման վրա իր գույքի բռնագանձման վտանգից:

Կրիպտոարժույթը որպես գույք սահմանելը, տնտեսագիտորեն և իրավական առումով համոզիչ և հիմնավոր չէ

Բացի մտավոր սեփականությունից, տնտեսագիտորեն, այլ արժեք չի կարող գույք հանդիսանալ: Մեր համոզմամբ, կրիպտոարժույթը լավագույն դեպքում կարող է դիտարկվել որպես մտավոր սեփականության արդյունք, բայց ոչ երբևէ՝ գույք:

Կրիպտոարժույթը ՀՀ օրենսդրությամբ որևէ կերպ չի կարգավորվում և հընթացս դրան գույքային որակում տալն, առանց այլ օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու, նույնպես արհեստավարժ մոտեցման մասին չի խոսում և հակասում է օրենսդրական սկզբունքներին: Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 141 հոդվածի կետ 1-ի՝ Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի Հանրապետության դրամն է: Իսկ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկման մասին» օրենքի առաջին կետը սահմանում է, թե որոնք են համարվում արժութային արժեքներ համարվող գույքի տեսակներ։ Այստեղ թերևս ուշադրության է արժանի արտարժույթի վերաբերյալ դրույթը, քանի որ ԿԱ-երը կարող են շփոթվել արտարժույթի հետ։ Համաձայն նույն օրենքի երրորդ կետի՝ օտարերկրյա արժույթն (արտարժույթն) է`

ա) օտարերկրյա մեկ կամ մի քանի պետությունների տարածքում շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հանված կամ հանվող, բայց փոխանակման ենթակա օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամներն ու մետաղադրամները,
բ) բանկային հաշիվներում և ավանդներում գտնվող օտարերկրյա պետությունների դրամական միավորներով և (կամ) միջազգային դրամական միավորներով արտահայտված միջոցները.
Բնական է, որ ԿԱ-ը չի կարող համարվել, ոչ թղթադրամ և ոչ էլ մետաղադրամ, քանի որ այն չունի ֆիզիկական արտահայտման ձև, իսկ ինչը վերաբերում է բ) կետին, ԿԱ-ները չեն կարող բավարարել վերջինիս, քանի որ դրանք ինքնուրույն միավորներ են և այլ արժույթով արտահայտվում են միայն բորսաներում վաճառքի դեպքում և, փաստորեն, այդ ժամանակ հանդիսանում են ոչ թե ԿԱ, այլ վերածվում են դրամական միջոցի։ Հետևաբար, ԿԱ-ները չեն կարող հանդիսանալ արտարժույթ, ինչպես նաև արժութային արժեք՝ ընդհանրապես։

1․ Կրիպոարժույթները լինելով նոր երևույթ հայաստանյան իրականության մեջ՝ չեն հասցրել իրենց իրավական կարգավորումը ստանալ կոնկրետ իրավանորմերով, սակայն ամբողջ իրավական համակարգը թույլ է տալիս կարգավորել վերջիններիս առնչությամբ ծագող իրավահարաբերություն-ները օրենքի կամ իրավունքի անալոգիայով։
2․ Կրիպտոարժույթները՝ որպես Քաղաքացիական իրավունքների օբյեկտ կարող են հանդիսանալ մտավոր գործունեության արդյունք։ ԿԱ-երը նաև կարող են հանդիսանալ գույքի օգտագործումից ստացված արտադրանք կամ եկամուտներ։
3․ Թե՛ կրիպտոարժույթների և թե վերջիններիս ստեղծման գործընթացի հետ կապված կարող են առաջանալ բազմապիսի իրավական հարաբերություններ, որոնց կարգավորումից կշահի ինչպես ֆինանսական համակարգը՝ մասնավորապես, այնպես էլ հասարակությունը՝ ընդհանրապես։ Կարգավորման անհրաժեշտությունը առկա է, քանի որ շուկան գնալով ընդլայնվում է, իսկ ֆինանսական համակարգի կայունության համար կարող են ստեղծվել վտանգներ։ Մյուս կողմից այդ կարգավորումը անհրաժեշտ է քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի առավել ամբողջական պաշտպանության համար։

Միջազգային փորձ

Ակնհայտ է, որ Նախագծի հեղինակները հաշվի առել միջազգային պրակտիկայում նման օրենքների պահանջները: Որպես կանոն, գույքի բռնագանձման ասպարեզում առավել արդյունավետ է զարգացած երկրների փորձը, որտեղ կիրարկվում են այլ օրենսդրական հիմնադրույթներ և ենթաօրենսդրական կառուցակարգեր: Մասնավորապես, ԱՄՆ-ում և ԵՄ բազմաթիվ երկրներում, կասկածները և հայցը հիմնավորելու նպատակով դիմում են հարկային մարմինների օգնությանը, որտեղ հավաքված են բոլոր քաղաքացիների, ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտների մասին պաշտոնական տվյալներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտադիր հայտարարագրումն առայժմ օրենքի ուժ չունի, Հայաստանում գույքին և եկամուտներին առնչվող տվյալներն ամբողջական չեն և իրավական տեսանկյունից կանոնակարգման կարիք ունեն: Հետևաբար, առանց հավաստի տվյալների, Նախագծում շարադրած հիմնադրույթներով գույքի բռնագանձումը մնում է խնդրահարույց:

Ով է թիրախավորվում

– փաստերի ուսումնասիրությունը վկայում է, որ այն անձինք, ովքեր անկախության տարիներին գույք են ձեռք բերել ակնհայտորեն ապօրինի միջոցներով և առանձնապես մեծ չափերի հասնող պետական ունեցվածքի հափշտակության հետ են առնչվում, տարբեր տարիներին, մեծ մասամբ, հայտնվել են նաև իշխանության տարբեր օղակներում: Այսինքն, նրանց մեծ մասը ներկայացրել է հայտարարագրեր, որը, Հանրային ծառայության մասին օրենքի ընդունումից ի վեր, պարտադիր է բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների համար: Հետևաբար, նրանք, ում դեմ ենթադրաբար ուղղված է այս Նախագիծը, կարող են ավելի պատրաստված լինել, քան շարքային քաղաքացիները: Չի բացառվում, որ այսօր չեզոք կամ իշխանամետ, իսկ վաղը՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած մեկը կարող է հայտնվել նման օրենքը կիրարկողների ՛՛ուշադրության կենտրոնում՛՛:
Կարևոր է պարզել հասկանալ, թե ում է թիրախավորում պետությունն այս Նախագծով: Նախատեսված է շուրջ 48 հանցագործություններ, որոնց շարքում, սակայն, բացակայում է օրինակ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը կամ պաշտոնավարման ընթացքում կատարած քայլերի, սխալ որոշումների կայացման արդյունքում երկրին և դրա տնտեսությանը հասցված վնասը:

Գործնական օրինակ

Հնարավոր է, որ թիրախում հայտնվեն անգամ աղքատ կամ գործազուրկ մարդիկ: Հայցը ներկայացնելու պահին մարդը կարող է ոչ մի եկամուտի աղբյուր չներկայացնել, բայց բնակվել 25 մլն ՀՀ դրամը գերազանցող տանը: Աղքատության մեջ ապրող մարդն այս դեպքում կարող է կորցնել նաև կացարանը: Մեկ այլ օրինակ բերենք: Ժամանակավորապես գործազուրկի կարգավիճակում հայտնված մարդը, գաղտնիք չէ, որ հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի, արտերկրում արդար քրտինքով վաստակած գումարը առանց հայտարարագրելու Հայաստան է բերում և որոշում է գույք ձեռք բերել: Մեր հաշվարկներով ՀՀ-ում առանձին տարիներին արտերկրներից, որպես տրանսֆերտներ, ստացվում էր մինչեւ 2,5-3 մլրդ. ԱՄՆ դոլար կամ ՀՀ ՀՆԱ-ի 20-30 տոկոսը կազմող գումար: Ըստ որում, ներկայումս կանխիկ գումարով բերվում է, տարբեր գնահատականների համաձայն՝ մասնավոր տրանսֆերտների շուրջ 20%-ը , իսկ 90-ականներին՝ անհամեմատ ավելի մեծ մասը, քանի որ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված էին սահմանափակումներ՝ արտարժույթի արտահանման համար: Բացի այդ, տրանսֆերտների մեծ մասը ստացվում է ՌԴ-ից, որտեղ ստվերային տնտեսությունը զգալի տեղ է զբաղեցնում: Հետևաբար, իրենց եկամուտը կանխիկ գումարով ստացած «խոպանչին» որևէ կերպ չի կարող խուսափել իր արդար վաստակով ձեռք բերված գույքի բռնագանձումից: Սա անխուսափելիորեն կհանգեցնի ոչ թե արտագնա աշխատանքի, այլ արտագաղթի նոր ալիքի, ինչը ժողովրդագրական լուրջ սպառնալիք է երկրում::

Տնտեսական հիմնավորումները և նպատակները հայտնի չեն:
– զանգվածային բնույթ ենթադրող բռնագանձումների արդյունքում կկուտակվի մեծ ծավալներ և մեծ արժեք ներկայացնող անշարժ գույք, որը կարող է բեռ դառնալ պետության համար հետևյալ պատճառներով.
– նախկին սեփականատերերն այլևս դրանց տնօրինման հետ կապված հարկեր, տուրքեր, վարձեր չեն վճարելու մինչև մի որոշակի ժամանակ պահանջող աճուրդների կազմակերպումն ու դրանց վաճառքը, ձևակերպումը և նոր սեփականատարերի կողմից հիշյալ գումարների վճարումը.
– այս դեպքում պետական բյուջեն տևական ժամանակ զրկվելու է որոշակի եկամուտներից
– առանձին դեպքերում նման շրջափուլը կարող է պահանջել տարիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր սեփականատերերը նոր Օրենքի պայմաններում այնքան էլ շատ մոտիվացված չեն լինի ի ցույց դնելու իրենց գործունեության բոլոր մանրամասները:

Սփյուռք

Գաղտնիք չէ, որ տարբեր կառույցների մասնավորեցմանը և անշարժ ու շարժական գույքի ձեռքբերմանն անուղղակիորեն մասնակցել են նաև Սփյուռքում բնակվող բազմաթիվ հայեր: Չի բացառվում, որ նրանց վրա ևս կտարածվեն Օրենքի պահանջները: Հատկապես, դա կկատարվի միջպետական մակարդակով՝ Օրենքում նախատեսված Խնդրանքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կատարված ներդրումների մեջ պատկառելի տեղ են զբաղեցնում Սփյուռքում բնակվող հայերի կողմից անմիջականորեն կամ միջնորդված ձևով կատարված ներդրումները, դժվար չէ կանխատեսել, որ նրանց շրջանում կառաջանա որոշակի մտավախություն, ինչը կստիպի գոնե առժամանակ ձեռնպահ մնալ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերում իրենց հնարավոր մասնակցության ձևերից:

Ուր է փոխանցվում բռնագանձված գույքի գումարը

Հարց է առաջանում. որքանով է նպատակահարմար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում գումարների փոխանցումը՝ պետական բյուջե:
Գործնական առաջարկ. Բոլոր այն դեպքերում, երբ բարեփոխված, խմբագրված տարբերակով այս Օրենքը ա, առաջարկում ենք պետական բյուջե միանվագ եկամուտ արձանագրելու փոխարեն այն դնել շրջանառության մեջ: Կարելի է ձևավորել խառը ներդրումային հիմնադրամ՝ պետության և մասնավոր հատված մասնակցությամբ, ուր բռնագանձումից և աճուրդով գույքն իրացումից ստացված գումարները կհամալրեն հիմնադրամի միջոցները և կուղղվեն համապետական նշանակության ներդրումային ծրագրերի իրագործմանը:

Բռնագանձվող գույքի գումարի չափը

Տարիմաստություն է առաջացնում նաև գումարի սահմանումը և դրա գործնական կիրառությունը:
Գործնական օրինակ:
Գործնական օրինակ. Անձը 1994թ. 17 մլն դրամով ձեռք է բերել ֆիզիկապես մաշված, ոչ բարեկարգ վիճակում գտնվող գույք: Տարիների ընթացքում գույքը հիմնանորոգվել է և հայցի ներկայացման պահին կազմել է 26 մլն դրամ: Որքանով է արդարացի այն դարձնել գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում բռնագանձվելու ենթակա գույք։

Անձանց շրջանակը, ում վրա տարածվում են նախագծով կարգավորվող հարաբերությունները (փոխկապակցված անձիք)
Խնդրահարույց են Նախագծում պաշտոնատար անձ և փոխկապակցված անձ կամ պաշտոնատար անձ հասկացություններին տրված անորոշ սահմանումը:

Գործնական օրինակ

Հայաստանում բնակվողների գերակշիռ մասը ազգականներ ունի արտերկրում, որոնք տարիների ընթացքում հասցրել են որոշակի եկամուտներ, գույք ձեռք բերել հյուրընկալող երկրներում: Եթե որևէ մեկի հորաքրոջ որդին կամ սանիկը, անգամ հարազատ եղբայրը որոշակի կարողություն ունեն, ապա նրանց ազգականը Հայաստանում պետք է խուսափի պետական պաշտոն զբաղեցնելուց, այլապես Նախագծով բոլոր հիմքերը սահմանված են կասկածելու և հայց ներկայացնելու տվյալ անձի դեմ: Իհարկե, նման իրավիճակներում հայտնված ոչ բոլոր հայաստանաբնակներին կարելի է կասկածել: Սակայն դա կարող է որոշել միայն դատախազը, այսինքն՝ սուբյեկտիվ գործոնի դերը էապես մեծանում է:

Հնարավոր վնասը

Ոչ միայն չի բացառվում, այլև ենթադրվում է, որ սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը կհանգեցնի նաև այնպիսի որոշումների:

Գործնական օրինակ
Որևէ անձից անարդար կերպով բռնագանձում են գույքը: Անձը վճիռներ հետագայում վիճարկում է ՄԻԵԴ-ում: Վճիռը բողոքարկվում, բեկանվում է և Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնում են փոխհատուցել անձին հասցված վնասները: Ակնհայտ է, որ վնասը փոխհատուցվելու է ոչ թե բարձր վարձատրություն ստացող դատախազի, այլ պետական բյուջեի հաշվին: Հետևաբար, կարևոր է մանրակրկիտ հաշվարկել հնարավոր հետևանքների տնտեսական գինը:

Այլ մտահոգություններ

– իրապես ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու օրենսդրական հիմքեր այսօր էլ կան գործող ՀՀ օրենսդրությունում. Դրանք, թերևս, կարելի է լրամշակել;
– օրինագիծն ակնհայտորեն հակասում է անձի անմեղության կանխավարկածի սկզբունքին և խախտում արդարադատության մրցակցային սկզբունքը, քանզի գործընթացը սկսելիս հայցին պատասխանող անձն իրազեկված չէ և հայտնի չեն օպերատիվ տվյալների աղբյուրները;
– գույքի բռնագանձումը կարող է իրականացվել առանց մեղադրանք առաջադրելու, առանց դատական ընդունված ընթացակարգերի;
– այս նախագիծը թույլ է տալիս բռնագանձել որոշակի արժեք ունեցող ցանկացած գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով, ինչը հակասում է նաև սոցիալական արդարության սկզբունքին;
– պետությունը փաստաթղթերի արխիվացման համար սեղմ ժամկետ է սահմանել և արդարացի չէ դրա համար պատասխանատվությունը թողնել հայցից պաշտպանվող քաղաքացիների վրա։
– ցանկալի է մանրակրկիտ ուսումնասիրել Նախագծի կիրարկման դեպքում առաջացող հնարավոր օգուտներն ու վնասները:

Թաթուլ Մանասերյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930