Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյան. «Կկարողանանք գրավիտացիոն ուժը ուղղել Հայաստան»

Հուլիս 09,2020 15:57

Հուլիսի 10-28-ը Երևանում կկայանա Music 20 խորագրով առցանց միջազգային փառատոն: «Արմենպրեսի» մամուլի սրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մանրամասներ հայտնեցին բացառիկ փառատոնի վերաբերյալ:

Կարեն Ղազարյանը մասնավորապես հայտնեց, որ նման միջոցառում կազմակերպելու գաղափարը ծնվել է Սերգեյ Սմբատյանի մոտ, եւ քննարկումների արդյունքում որոշել են հենց այս ձեւաչափով փառատոն կազմակերպել: Նա տեղեկացրեց, որ դասական երաժշտության այս փառատոնին մասնակցելու են հանրահայտ երաժիշտներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Կարեն Ղազարյանի ձեւակերպմամբ, Հայաստանը մի երկիր է, որը կարողանում է պահելով անվտանգության բոլոր կանոնները՝ կազմակերպել միջոցառում, որտեղ մշակույթը շարունակում է ապրել, այն պարագայում, երբ այլ երկրներում նման միջոցառումները հանված են:

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

«Փառատոնի մասին խոսելը դարձել է անոմալիա… Շատ քիչ են մարդիկ էին հավատում այս գաղափարին, որը նորմայից դուրս էր: Հուսով եմ, որ բոլորը կոգեւորվեն այս փառատոնից: Աշխարհում եւ Հայաստանում մշակութային նախագծեր չեն կայանում, մենք բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ փաստորեն ստեղծում ենք արժեք, միջավայր, ակնկալում ենք ավելի քանի 100 000 օնլայն դիտումներ: Մենք կպրոպագանդենք նվագախումբը, մեր փայլուն համերգասրահը, որը հրաշալի ակուստիկա ունի, կունենանք աշխարհահռչակ արտիստներ, քսանից ավելի մենակատար կգան Հայաստան, մենք կկարողանանք գրավիտացիոն ուժը ուղղել դեպի Հայաստան:

Ամեն օր տարբեր դիրիժորներ, տարբեր մենակատարներ եւ տարբեր երաժշտություն կլինի: Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը գաղափարակից էր մեզ, քանի որ հավատաց, որ ունենք լավ համերգասրահ, արտիստներ, փայլուն նվագախումբ եւ որակական չափանիշներ, որոնք թույլ են տալիս իրականացնել նման գաղափար: Աշխարհում չկա որեւէ այլ փառատոն, որը մեկնարկում է այսքան խիտ ծրագրով, հանրահայտ արտիստներով ու այսպիսի ժամկետով»,-ընդգծեց Սերգեյ Սմբատյանը:

Կարեն Ղազարյանի խոսքով, փառատոնը դրական լիցքեր կփոխանցի ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց: Նա շնորհակալություն հայտնեց պարետատանը, որն աջակցեց, ուղղորդեց, որպեսզի բոլոր նորմերը պահվեն, ու փառատոնն իրականանա:

Սերգեյ Սմբատյանի խոսքերով, շատ կարեւոր է, երբ միջազգային համբավ վայելող արտիստները ստանում են հրավեր Հայաստանից, ամենավերին ատյանների թույլտվությամբ են մեր երկիր մուտք գործում. «Այդպիսով իրենք հասկանում են, որ կարեւոր է մշակույթը Հայաստանում, եւ արվեստը, մշակույթը այստեղ պահանջ են.. Այսքան հայտնի արտիստներ, բարդ երկացանկ, արդեն երևույթ է: Աշխարհում ոչ մի տեղ համերգ չի կայանում, իրենք ոգեւորվում են տեսնելով, որ Հայաստանն այն կետն է, որտեղ կարող են համերգ ունենալ»:

Բանախոսները շեշտեցին, որ համերգասրահը թույլ է տալիս պահպանել սոցիալական հեռավորություն: Փառատոնի բոլոր հյուրերը թեստ կհանձնեն՝ համալիր մտնելուց առաջ, իսկ հատուկ սարքի միջով անցնելով՝ ամեն ինչ կախտահանվի, միայն երաժշտությունը նվագելիս կհանեն դիմակները: Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ նման մի փառատոն էլ կկայանա լեփ-լեցուն դահլիճով, երբ հաղթահարված կլինի կորոնավիրուսը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031