Լրահոս
Օրվա լրահոսը

Սնանկության կառավարիչը 2018թ. դեկտեմբերին մահացած Ասատրյանին հրավիրել էր այս տարվա փետրվարին կայանալիք աճուրդին

Հուլիս 29,2020 13:30

Ակնհայտ է, որ Հովհաննես Ասատրյանի մահվան վերաբերյալ կարող էր հայտնի դառնալ հենց վերջինիս պարտադիր ծանուցումների արդյունքում, եթե փոստատարը առաքեր նրան ուղղված նամակները եւ կվերադարձներ դրանք «մահացած է» նշումով:

ՀՀ սնանկության դատարանի վարույթում է գտնվում սնանկության գործը` «Սեֆ ինտերնեյշնլ  ՈւՎԿ» ՍՊԸ-ի՝ Մանուկ Ասատրյանին սնանկ ճանաչելու մասին:

Դատավոր Գ.Ավագյանին միջնորդություն էր ներկայացրել Մանուկ Ասատրյանի ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. օգոստոսի 5-ի վճռով Մ.Ասատրյանի հայրը` Հովհաննես Ասատրյանը ճանաչվել է սնանկ: Նրա գործով սնանկության կառավարիչ է նշանակվել:

Սնանկության կառավարիչն էլ գրություն է ուղարկել հանգուցյալ Հովհաննես Ասատրյանին, այն մասին, որ 2020թ. փետրվարի 4-ին, ժամը՝ 12:00-ին հայտարարվում է երրորդ անձ հանդիսացող քաղաքացի Հովհաննես Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող եւ Մանուկ Ասատրյանի պարտավորությունների դիմաց «ՍԵՖ ինտերնեշնլ Ունիվերսալ վարկային Կազմակերպություն» ՍՊԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդը ՀՀ սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա ԻԿԿ շենքում ք. Երեւան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակում:

Լոտ 1-ՀՀ, ք. Երեւան, Ռոստոմի փողոց, թիվ 64/4 հասցեում գտնվող անշարժ գույք 131,1 քմ մակերեսով բնակելի տուն եւ 68 քմ մակերեսով տնամերձ հողատարածք, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1708630, տրված 05.11.2003թ., մեկնարկային գինը կազմում է 11.952.784:

Նշվել է նաեւ, որ Հովհաննես Խաչիկյանը, համաձայն գործող օրենսդրության, իրավունք ունի նախապատվության իրավունքով վճարելու ստանձնած պարտավորությունը եւ գույքը գրավից ազատելու: Այս գրությունը կառավարիչը խնդրել է դիտել որպես առաջարկ:

Փաստաբան ներկայացուցիչը դատարանին ներկայացրել է Հովհաննես Ասատրյանի` մահվան վկայականի պատճենը: Ի դեպ, մահվան մասին տեղեկացված չեն եղել դատարանը, սնանկության կառավարիչը:

Ըստ Գայանե Գրիգորյանի, օրենսդիրը սահմանել է ժառանգության բացման պահից ժառանգատուի գույքի նկատմամբ հավակնություններ ներկայացնող  անձանց շրջանակը՝ պարզաբանելով հանդերձ, թե ով ունի ժառանգության պարտադիր բաժնի իրավունք: Դրանով հանդերձ չի նշել որպես այդպիսին ժառանգի պարտատերերին, վերջիններիս համար սահմանելով ժառանգության զանգվածի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու առանձին ընթացակարգ, համաձայն որի՝ «Պարտատերը մահացած պարտապանի գույքի հաշվին իր պարտավորությունների բավարարում ստանալու ցանկության դեպքում  պարտավոր է  ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20 հոդվածի համաձայն, Քաղաքացիական իրավունքներ ունենալու եւ պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

  1. Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին եւ դադարում է մահվամբ:

Նույն օրենսգրքի 423 հոդվածի համաձայն.

  1. Պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:
  2. Կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

Նույն օրենսգրքի 434 հոդվածի համաձայն.

  1. Պարտավորությունը դադարում է պարտապանի մահով, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության, կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտապանի անձի հետ:
  2. Պարտավորությունը դադարում է պարտատիրոջ մահով, եթե կատարումը նախատեսված է անձամբ պարտատիրոջ համար կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտատիրոջ անձի հետ:

Գ.Գրիգորյանը վկայակոչել էր պարտապանի մահվան հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային՝ 25.12.2007թ.-ի թիվ 3-1778 քաղաքացիական գործով որոշումը. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջեւ իրեն անցած գույքի սահմաններում կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում (կամ մինչեւ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը) պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել: Պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման, քանի որ մինչեւ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը պահանջի ներկայացման դեպքում միայն ժառանգը կարող էր որոշել ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը»:

Իսկ մեկ այլ՝  25.07.2008թ. թիվ 3-446 ՎԴ որոշմամբ էլ ՀՀ վճռաբեկ դատարանը այս դիրքորոշումն է արտահայտել. «Օրենսդիրը սահմանելով ժառանգների ցանկը, որոնք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ընդունել ժառանգությունը, միաժամանակ նույն ժամկետը նախատեսել է ժառանգատուի պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման համար: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ժառանգներ չկան կամ նրանք հրաժարվել են ժառանգությունից, ժառանգության ընդունման կամ պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման համար օրենքով նախատեսված ժամկետի լրացման փաստի ուժով ժառանգական գույքը ձեռք է բերում մի կարգավիճակ, որով փաստորեն համարվում է որեւէ մեկի իրավունքով չծանրաբեռնված գույք` անժառանգ գույք»:

Փաստաբան-ներկայացուցչի` Գայանե Գրիգորյանի՝ դատարանին ուղղված միջնորդությամբ նշվել էր. «Մինչ օրս առկա չեն տեղեկություններ առ այն, որ. «ՍԵՖ ինտերնեշնլ Ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի կողմից նոտարական գրասենյակ է ներկայացվել  պահանջ իրեն պարտատերերի ցանկում ներառելու վերաբերյալ, ուստի, ակնհայտ է, որ պարտատերը կորցրել է Հովհաննես Ասատրյանի գույքի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու իրավունքը: Վերոնշյալ առաջարկով սնանկության կառավարիչը հանգուցյալ Հովհաննես Ասատրյանին առաջարկել է օգտվել իր իրավունքներից, մինչդեռ, նման իրավունքը պարտավորության վիճելիության արդյունքում դեռեւս կարիք ունի լուծման օրենքով սահմանված կարգով, իսկ դրանից հետո եթե Հովհաննես Ասատրյանը ունեցել է իրավունքներ, որոնք անցել են իր ժառանգներին: Մինչդեռ, սնանկության կառավարչի կողմից չեն պարզվել ժառանգների կազմը եւ ժառանգության ընդունման հետ կապված այլ հարցեր: Ակնհայտ է, որ Հովհաննես Ասատրյանի մահվան վերաբերյալ կարող էր հայտնի դառնալ հենց վերջինիս պարտադիր ծանուցումների արդյունքում, եթե փոստատարը կառաքեր նրան ուղղված նամակները եւ ետ կվերադարձներ դրանք մահացած է նշումով»:

Դատարանից կողմը խնդրել էր կասեցնել էլեկտրոնային կրկնաճուրդի իրականացումը մինչեւ վերը նշված հարցերի պարզաբանումը եւ լուծումը: Եթե ոչ, ապա կբողոքարկվեն  սնանկության կառավարչի գործողությունները օրենքով սահմանված կարգով:

Կողմը խնդրել էր տրամադրել սնանկության գործի նյութերը դրանց ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում պատճենները ստանալու նպատակով:

Դատարանը հուլիսի 15-ին միջնորդությունը բավարարել է մասնակի, դադարեցրել է անշարժ գույքի հարապարակային սակարկություններով իրացումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031