Լրահոս
Օրվա լրահոսը

Չափորոշիչներում առկա մի շարք տեխնիկական խնդիրները ոչ մի աղերս չունեն «հակազգային» դրսեւորումների հետ. «Տխրունի»

Օգոստոս 13,2020 17:08

Օրեր առաջ «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամները հանդիպում ունեցան  ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դասախոս, պ․գ․թ․, դոցենտ, «Պատմություն» առարկայախմբի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի հետ։

Կառուցողական եւ առողջ մթնոլորտում քննարկվեցին մի շարք հարցեր առնչվող «Հայոց Պատմություն» առարկայի չափորոշիչներին, առարկայի ապագային, դրանում տեղ գտնող նյութերին եւ դրանցում պարունակվող ուղերձներին։

Լիլիթ Մկրտչյանի կողմից կատարվեցին մի շարք հստակեցումներ, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունելի են մեր միության կողմից։

Միանալով բազմաթիվ անձանց հստակեցումներին մենք եւս հաստատում ենք, որ չափորոշիչներում չկա ոչ մի հակազգային, հակապետական դրսեւորում կամ դրա քարոզ, չափորոշիչներում առկա մի շարք տեխնիկական խնդիրները ոչ մի աղերս չունեն «հակազգային» դրսեւորումների հետ։

Ամփոփ կերպով ծանոթանալով չափորոշիչներին մենք կարող ենք ասել ավելին՝ դրանք իրենց ոգով ազգային են եւ պետականամետ, ուղղված են աշակերտի մեջ զարգացնելու պատմական, վերլուծական եւ ինքնուրույն մտածելու կարողությունը, դրանք ի տարբերություն այժմ գործող դպրոցական դասագրքերի միտում չունեն աշակերտին պարտադրելու հեղինակի կարծիքը(որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք մենք)։

Ցավով պիտի նշենք, որ չափորոշիչների «հակազգային» բնույթի մասին խոսողները զբաղվում են մանիպուլյացիաներով եւ հակագիտական գործունեությամբ ելնելով նեղ անձնական ու քաղաքական շահերից (այս մասին մենք եւս խոսել էինք դեռ անցյալ տարի), նրանց ջղաձգումները ղեկավարվում են հստակ կառույցներից։

Նաեւ ցավոք պիտի նշենք, որ ԳԱԱ պատմության ինստիտուտը իրեն դրսեւորում է հակագիտական ու քաղաքական ուղղվածությամբ եւ սա մեր ազգային ամոթն է, երբ ազգային գիտական բարձր հաստատությունը պայքարում է գիտության դեմ թաքնվելով «հայրենասիրության» թիկունքում, հարձակում կատարում գործընկերոջ վրա, թիրախավորում նրա անձը  խախտելով եւ գիտական եւ ազգային-հասարակական բարեկրթության կարգերը. ՏՈԵՄ-ը դատապարտում է այդ պահվածքը։

ՏՈԵՄ-ը իր լիակատար աջակցությունն է հայտնում Լիլիթ Մկրտչյանին նախաձեռնված բարեփոխումներում, նրա անձի դեմ հարձակումները գնահատում ենք ոչ այլ ինչ, քան անտակտություն եւ անաչառ գիտության դեմ հարձակում ու աշխատանքների խոչընդոտում։

Պատմություն առարկայի չափորոշիչների փոփոխությունները բխում են հայ ազգային-պետական շահերից եւ ոլորտում տիրող բացասական մթնոլորտը Լիլիթ Մկրտչյանի անձնական հարցը չէ, այլ հայկական գիտության, դրա առողջության ու անաչառության, ուստի կոչ ենք անում բոլոր գիտության ներկայացուցիչներին, դրա հետ առնչվող ոլորտի ներկայացուցիչներին ձեռնպահ չմնալ, աջակից լինել, խոսել եւ չվախենալ։

«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31