Լրահոս
Օրվա լրահոսը

7-ամյա երեխան իրեն ավելորդ է զգում

Օգոստոս 27,2020 13:30

Երեք տարի առաջ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պատասխանատուներից մեկն օգոստոսյան ասուլիս էր հրավիրել, եւ հիշում եմ հայտարարեց, որ իրենց կողմից մշակված համակարգն ավտոմատ ցույց է տալիս, թե երեխան ինչու չի գնալու դպրոց` հագուստի, կոշիկի, տեղափոխման, գումարի… պատճառո՞վ: Համակարգն ավտոմատ ցույց է տալու սոցիալական ծառայություններին, ԿԳՆ-ին, քաղաքապետարանի համապատասխան վարչությանը:

Աննա Գրիգորյանի, համոզված եմ նրա նման շատերինը, համակարգը կարող է ցույց չտալ էլ, նրանք անձամբ են գնում կրթական հաստատություններ, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ, բարձրաձայնում են, սակայն որեւէ տեղ չի երեւում նրանց պահանջները:

Զրուցակիցս՝ Աննա Գրիգորյանը, «Առավոտին» երեկ ասաց, որ այս տարվա մայիսից չի կարողանում իր թոռնիկին տեղավորել որեւէ դպրոցում, մասնավորապես, իրենց բակին կից` Էրեբունի համայնքում գտնվող, Տիգրան Մեծի փողոցի Լիսիցյանի անվան դպրոցի երկրորդ դասարանում:

Նա եղել է ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, բաց նամակներ է ուղարկել ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, իր խոսքերով` «աշխարհի բոլոր թեժ գծերին»:

Զոհված զինվորականի կնոջը չեն հասկանում, նրա փաստարկները չեն ընդունում:
Աննա Գրիգորյանը երեկ մասնակցել էր կրթության նախարարի դեմ հանրահավաքին, նա «Առավոտի» հետ զրույցում պատմեց հետեւյալը. «Անցյալ տարի էլեկտրոնային եղանակով` վիրտուալ չենք կարողացել գրանցվել, ժամանակը բաց էինք թողել եւ երեխան մնացել էր օդում: Դիմեցի նախարարությանը, թե կարո՞ղ եմ, արդյոք, ազատ դպրոց տանել, որպեսզի երեխան չկորցնի իր դասերը: Այնտեղից պատասխանեցին` այո: Այդ ժամանակ ազատ էր միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` Բլեյանի դպրոցը, ուր տեղավորվեց տղա թոռնիկս: Երեխան դպրոց հաճախելու համար քառասուն րոպե էր կորցնում, մի այդքան էլ վերադարձի համար, իսկ մենք՝ աղջիկս եւ ես, հազիվ կարողացանք նրա ուսման վարձը` 400 դոլարին համարժեք գումարը տալ:

Այս համավարակի օրերին, մայիսին դիմեցի Լիսիցյանի անվան դպրոցի տնօրինիությանը, ասացին` երեսունհինգ երեխա է, չենք կարող նրան ընդունել: Ես ասացի, որ որոշմամբ կիսվելու են դասարանները, եւ իմ թոռնիկը կարող է կիսված դասարանում պարապել: Գնացի նախարարություն, այնտեղ բաժնի պատասխանատուներից մեկն ասաց՝ չկա որեւէ տարբերակ, երեխան պետք է գնա իր դպրոցը: Ես ասացի, որ մենք անգամ պայմանագիր չունենք, մի խոսքով, դա նրան չէր հետաքրքրում: Երկու օր առաջ էլ գնացի ՄԻՊ, այնտեղ հասկացրեցին, որ եթե երեխան չգնա դպրոց, ծնողը կամ ես՝ խնամակալս, կենթարկվեմ պատասխանատվության»: Ծնողը ըստ իրավական կարգավորիչների, զրկվում է ծնողական իրավունքներից, եթե արգելում է երեխան սովորի: Իսկ սա այդ դեպքը չէ:
ՀՀ օրենքը երեխաների իրավունքների մասին սահմանում է. «Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու եւ զարգանալու համար:

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու եւ ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսեւորման, տաղանդի, մտավոր եւ ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական եւ մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ եւ այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում եւ իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության եւ կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության եւ մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության եւ նյութերի տրամադրման մատչելիություն»:

Աննա Գրիգորյանն ասում է, որ բացի տարածքային մատչելիության եւ գումարի խնդրից, կա մի հարց էլ. երեխան ունի բակում ընկերներ, որոնք հաճախում են այդ դպրոց, հարկ եղած դեպքում նա կարող էր իր ընկերների հետ հաղթահարել կրթական դժվարությունները, ինչից եւս զրկված է: Երեխան ամեն անգամ իրեն վիրավորված ու ավելորդ է համարում, երբ տատիկն ու մայրը հերթական անգամ վերադառնալով տուն` հայտնում են, դեռ դպրոցի հարցը չի լուծվել:

Իսկ ո՞վ է պատասխան տալու երեխային այս երկարուձիգ ապրումների համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Ակնկալում եմ կրթության ոլորտի պատասխանատուների արձագանքը. մի՞թե երեխան չի կարող ընտրել այն դպրոցը, որը ցանկանում է, այն դպրոցը, որն իր բակում է, այն դպրոցը, որն անվճար է:

«Առավոտ» օրաթերթ
26.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31