«Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը առաջարկում է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարել: Այսօր ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի երկրորդ ընթերցման քննարկումն էր: Հիշեցնենք, թե ինչի մասին է նախագիծը՝ հղիության արձակուրդից վերադարձած կանանց երաշխիքներն ամրապնդվում են մինչեւ երեխայի մեկ տարեկան դառնալը, օրինակ՝ մինչեւ երեխայի մեկ տարեկանը չի կարող փոփոխվել նրա մոր աշխատավարձի չափը: Բացի այդ, այս նախագծով սահմանվում է հայրության՝ վճարովի հիմունքներով արձակուրդ: Այսինքն, երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում երեխայի հայրն իր ցանկությամբ կարող է վերցնել հինգ աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ»:
Այսօր քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն առաջարկեց, որ գործատուների վրա այդքան բեռ չթողնեն, այդ 5-օրյա արձակուրդից 3 օրվա վճարը տա պետությունը ու այդպես խրախուսի երեխա ունենալն ու ժողովրդագրությունը բարելավելը: Ըստ նրա, գործատուները դժգոհում են: Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ Գործարարների միությունը բավականին ակտիվ է գործում, դեռ որեւէ բողոքի ձայն չեն լսել այս առնչությամբ:
Ծովինար Վարդանյանն էլ ասաց, որ ընդամենը մեկ գործատուի դժգոհություն է իրենց հայտնի՝ Փայլակ Թադեւոսյանի. «Ցավով պետք է նշեմ, որ մեր ծնելիությունն այնքան ցածր է, որ դա գործատուների վրա որեւէ բեռ չի թողնի, էական որեւէ ազդեցություն ծախսային առումով չի կարող ունենալ»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ ասաց. «Պետությունը բավականին մեծ լումա է ներդնում՝ ծննդօգնության հարցերից սկսած՝ մինչեւ նպաստները: Երբ ասում եք, որ գործատուների վրա բեռ է լինելու, գործատուի համար առարկություն էր նաեւ իր աշխատողներին հարկային դաշտ մտցնելը, այսինքն, այդ առարկությունները գործատուների կողմից բնականաբար միշտ էլ լինելու են: Այդպիսի ծնող կլինի մի քանի տարին մեկ, թե չի լինի, ընդամենը 5 օրվա մասին է խոսքը: Բարդ մեխանիզմ ստեղծել, թե կեսը պետությունը վճարի, կեսը՝ գործատուն, անիմաստ է: Մենք նախագծի վրա երկար ենք աշխատել՝ ամիսներ շարունակ: Փորձել ենք այնպես անենք, որ վերջնական կոնսենսուս լինի, բոլորը կողմ լինեն՝ ե՛ւ հայրերը, ե՛ւ մայրերը, ե՛ւ գործատուները»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: