Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկուն:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Վիշնևսկուն Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Կարևորելով պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցությունը՝ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, սեպտեմբերի սկզբից կողմերի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել վերսկսել հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության 2020թ․ պլանով նախատեսված միջոցառումները։
Դեսպան Չեպլակն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման ուղղությամբ լեհական կողմի պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության դինամիկան վերականգնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանում զարգացող անվտանգային խնդիրները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: