Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք, որ Բելառուսի ժողովուրդն էլ հաղթի». ցույց՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան առաջ

Սեպտեմբեր 10,2020 18:01

Հայաստանում Բելառուսի դեսպանատան առաջ այսօր բողոքի ցույց էր՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան ներկայացուցիչների, այդ թվում՝ իրավապաշտպանների մասնակցությամբ: Պահանջն առնչվում է վերջերս Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուն հաջորդած բազմամարդ բողոքի ցույցերի ընթացքում, այդ թվում իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ձերբակալություններին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, սեպտեմբերի 5-7-ը Բելառուսում ձերբակալվել են Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի երեք բելառուս հասարակական գործիչներ` Իրինա Սուխիյը, Անդրեյ Յահորաուն և Ստանիսլավա Հուսակովան:

Լուսինե Հակոբյանը նշեց. «Ֆորումի անդամ վեց պետություններում այս օրերին բողոքի ցույցեր են, այդ թվում՝ Վրաստանում եւ Մոլդովայում: Ի համերաշխություն մեր գործընկերների՝ մենք էլ այսօր բողոքի ցույց ենք անում: Պահանջն այն է, որ Բելառուսի իշխանությունն ազատ արձակի հավաքների ազատությունն իրականացնող քաղաքացիներին: Միջազգային հանրությանը եւ Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում սատարել մեզ եւ պահանջել մեր գործընկերների ազատումը»:

Լուսինե Հակոբյանը կարծում է, որ հայաստանյան իշխանության արձագանքը Բելառուսի իրադարձություններին համարժեք չէ. «Ավելի ուշադիր պետք է հետեւեն եւ համարժեք արձագանքեն»:

Ցույցի մասնակից, փաստաբան Տիգրան Եգորյանն էլ համոզմունք հայտնեց, որ նման հարցերը դուրս են առանձին պետությունների որոշումների տիրույթից. «Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարող անձինք եւ կազմակերպություններն աջակցություն ունեն նաեւ այլ երկրների իրենց գործընկերների շրջանում, եւ, ըստ էության, միջազգային մակարդակում»:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ շեշտեց. «2008թ.-ին մենք եղել ենք մենակ, իսկ այսօր տեղեկատվական պատը ճեղքելու հնարավորություն կա: Բելառուսի ժողովրդին մեր աջակցությունն ենք փոխանցում: Մենք անցել ենք այս ամենի միջով եւ ուզում ենք, որ իրենք էլ հաղթեն: 2008թ.-ին վախենալով էի գնում Ազատության հրապարակ, բայց ամեն օր մեջիս ստրուկը կտոր առ կտոր դուրս էր գալիս»:

Հավելենք՝ ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեի հայտարարությունում նշված է, որ ձերբակալված բելառուս գործիչները մշտապես աչքի են ընկել հայ գործընկերների հետ բացառիկ համերաշխությամբ. «Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բելառուս իրավապահ մարմինների կողմից քաղաքացիական հասարակության, երիտասարդների և այլախոհների հանդեպ բռնությունը, բռնաճնշումները ու հորդորում ենք Բելառուսի իշխանությանը կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի ու նրա ներկայացուցիչների հետ: Բելառուսի Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 9-ին կայացած ընտրությունների արդյունքները շատ պետությունների և կառույցների կողմից, այդ թվում՝ Եվրոպական միության, բազմաթիվ խախտումների եւ կեղծիքների պատճառով ճանաչվել են անվավեր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930