Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է․ դա պետության առաջնահերթ խնդիրներից շեղելու նպատակ ունի

Սեպտեմբեր 10,2020 21:30

Հարցազրույց Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

– Խորհրդարանական ոչ իշխանական ուժերից մեկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնարկելիք խորհրդարանի նիստերում պահանջելու է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, և այդ առիթով ԱԺ շենքի մոտ հրավիրել է հանրահավաք։ Որքանո՞վ է իրականում այդ հրաժարականի պահանջը հասունացած, ինչպե՞ս կարող են այդ և նմանատիպ այլ գործընթացներն ազդել հետագա քաղաքական զարգացումների վրա։

– Դրանք՝ այդ և այլ հրաժարականների պահանջները, ամբողջությամբ կեղծ օրակարգեր են, ոչ ավելի, քան էժանագին պոպուլիզմի դրսևորումներ։ Գուցե տարօրինակ, իսկ գուցե օրինաչափ է, որ այդ արշավին միացել է նաև խորհրդարանական այդ ուժը, քանի որ այդ հրաժարականի պահանջը մինչ այս ներկայացնում էր անհասկանալի, մարգինալ ինչ-որ խմբավորում, որը այս կամ այն կերպ ասոցացվում է նախկին իշխանությունների հետ։ Բնականաբար, այդ պահանջները որևէ կերպ չեն կարող ազդել իրական քաղաքականության, իրական քաղաքական գործընթացների վրա։ Բայց դրանք իրենց արհեստական ու կեղծ բնույթով ունեն շատ վտանգավոր ու բացասական նշանակություն՝ հասարակության ուշադրությունը շեղում են պետության համար իրական կարևորություն ունեցող, լուծման կենսական անհրաժեշտություն ունեցող խնդիրներից։ Ես հենց դա եմ համարում այս պսևդոքաղաղաքական գործընթացների ամենաբացասական կողմը։ Այն դեպքում, երբ երկրում առկա են բազմաթիվ, տասնյակ հիմնարար խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել առանց արմատական բարեփոխումների։ Դրանց մասին խոսելու, դրանց մասին բարձրաձայնելու փոխարեն՝ այսօր շատ քաղաքական ուժեր, այդ թվում՝ խորհրդարանական, զբաղված են պոպուլիզմով ու կեղծ օրակարգերի ձևավորմամբ, օրակարգեր, որոնք թիթեռի կյանք են ունենալու և որևէ իրական ազդեցություն չեն թողնելու խորքային քաղաքական զարգացումների վրա։

– Դուք ասում եք, որ նման քայլերով այդ ուժերը, այդ թվում՝ խորհրդարանական, իրականում հասարակության ուշադրությունը շեղում են ավելի կարևոր, կենսական խնդիրներից։ Իսկ ո՞րն է, ըստ ձեզ, ամենակարևոր խնդիրն այս փուլում։

-Իմ խորին համոզմամբ՝ պետության ու հասարակության համար ամենակարևորագույն հարցը դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունն է։ Դատական համակարգը գտնվում է բառի բուն իմաստով խայտառակ վիճակում և ամենատարբեր քաղաքական ու կիսաքրեական խմբերի ազդեցության ներքո։ Փաստացի, դատական համակարգը պատերազմ է հայտարարել պետությանը, հասարակությանն ու ժողովրդավարությանը՝ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք։ Հենց այդ իրավիճակի արտահայտությունն էր Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների որոշումը՝ չմասնակցել ֆարսի վերածված դատական նիստերին։ Այդ որոշումը պետք է ահազանգ ու սթափեցնող նշան դառնար երկրի համար մտահոգ բոլոր անհատների ու ուժերի համար առ այն, որ օր առաջ պետք է ձեռնամուխ լինել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին։ Դա չանելով՝ մենք վտանգի տակ ենք դնում ընդհուպ հեղափոխությունն ամբողջությամբ, որովհետև հեղափոխությունից երկուսուկես տարի անց չի իրականացվել հեղափոխության գլխավոր խոստումներից ու հռչակումներից մեկը՝ արդարության հաստատումը, ինչն այս դատական համակարգի պայմաններում ուղղակի անհնարին է։ Իսկ դա նշանակում է, որ երկրի բոլոր առողջ անհատների ու ուժերի, այդ թվում՝ հեղափոխությանն աջակցած միավորների համար օրակարգի թիվ մեկ հարցը պետք է դառնա դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը, դա պետք է լինի համապետական, միջկուսակցական, միջխմբային ու քաղաքացիական համընդհանուր կոնսենսուսի առարկա, քանի որ, առանց այդ բարեփոխումների, վտանգվելու է այն ամենայնը, ինչը մենք համարում ենք հեղափոխության ձեռքբերում։ Եվ այս պայմաններում՝ նման համակարգային ու խորքային խնդիրների առկայության պայմաններում, քաղաքական օրակարգը լցնել ինչ-որ անմիտ հրաժարականների պահանջներով՝ առնվազն փարիսեցիություն է, թեև չեմ բացառում նաև, որ դա ավելի մեծ ծրագրի, հակաիշխանական ու հակապետական ինչ-որ նախագծի մի մասն է միայն։

-Արդյոք ձեր նշած կարևորության գիտակցումը իշխանության կողմից տեսնո՞ւմ եք դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու հարցում։

-Ոչ, ցավոք, իշխանության կողմից այդ խնդրի կարևորության գիտակցումը ու դրանից բխող համարժեք գործողություններ չեմ տեսնում։ Տպավորություն է ստեղծվում, որքան էլ դա կարող է տարօրինակ հնչել, որ իշխանությունը դատաիրավական համակարգում որդեգրել է փոփոխությունների էվոլյուցիոն ճանապարհի մարտավարություն, ինչն ուղղակի նոնսենս է հեղափոխական իշխանության համար։ Բայց միամտություն, թույլ տամ ինձ ասել՝ անգամ անմեղսունակություն է կարծել, որ դատական համակարգի այս խայտառակ վիճակը հնարավոր է կարգավորել էվոլյուցիոն ճանապարհով. առանց արմատական, հեղափոխական, խիստ հատու միջոցների այդ ոլորտում որակական փոփոխություն ուղղակի հնարավոր չէ իրականացնել։ Ահա այս գիտակցումը ես իշխանության կողմից չեմ զգում, ինչը շատ մտահոգիչ է։ Բայց եթե իշխանության մոտ չկա այդ գիտակցումը, չի նշանակում, թե պետք է պասիվ կերպով համակերպվել այդ իրողության հետ։ Ճիշտ հակառակը, ինչպես արդեն նշեցի, պետք է անել առավելագույնը դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը բոլոր առողջ անհատների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, փորձագիտական հանրության կոնսոլիդացված օրակարգի թիվ մեկ հարց դարձնելու համար։ Այդ դեպքում, խնդիրը որպես համահասարակական պահանջ ներկայացնելու դեպքում հնարավոր կլինի իշխանություններին պարտադրել կատարելու այդ բարեփոխումները։ Այլապես մենք ոչ միայն դոփելու ենք տեղում, այլև ամեն օրվա հետ նահանջ ենք արձանագրելու, նահանջ հեղափոխությունից, հեղափոխության արժեքներից ու հռչակումներից։

-Դուք վկայակոչում եք Մարտի 1-ի գործը, բայց իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արդարադատության նախարարը, իշխող ուժի պատգամավորներ, ըստ էության մեղադրում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին՝ ասելով, որ նրանք խաթարում են իրավական գործընթացը։ Այդ պայմաններում որքանո՞վ է իրատեսական իրական բարեփոխումներ ակնկալել իշխանությունից։

-Այո, դա խնդիր է, որը կրկին վկայում է իշխանության ոչ համարժեքության մասին։ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների քայլը, կրկնում եմ, վերջին կաթիլն էր, վերջին ճիչը կամ աղաղակը այն մասին, որ այս պայմաններում Մարտի 1-ի գործն ուղղակի տապալվում է։ Դա ահազանգ պետք է լինի իրավապահ մարմինների, դատական համակարգի, բայց նախ և առաջ իշխանության համար։ Մինչդեռ իշխանության մի շարք ներկայացուցիչներ, այս իրավիճակը ծնած երևույթների խորքային պատճառների մասին խոսելու փոխարեն, տուրք են տալիս իրավական նիհիլիզմին՝ իրենց անգամ թույլ տալով մեղադրանքի սլաքներն ուղղել Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ուղղությամբ, ինչն անթույլատրելի է ինչպես քաղաքական, այնպես էլ ու առավել ևս բարոյական առումով։ Ընդ որում, որքան էլ տարօրինակ հնչի, իր այս ամորֆ արձագանքով իշխանությունն անուղղակիորեն միանում է բոլոր այն ուժերին, ովքեր խորհրդարանում ու դրանից դուրս, կեղծ օրակարգեր առաջ մղելով, փորձում ենք աղմուկ ստեղծել քաղաքական դաշտում՝ հանրային ուշադրությունն ու էներգիան այս կենսական կարևորություն ունեցող խնդրից շեղելու համար։ Իհարկե, չեմ չափազանցնի ու չեմ ասի, թե իշխանության ու այդ ուժերի շահերը նույնական են, բայց փաստն այն է, որ մի կողմից՝ այդ խմբավորումներն են օրակարգից դուրս մղում թիվ մեկ կարևորության խնդիրը, մյուս կողմից՝ իշխանությունն է նպաստում այդ դուրսմղմանը իր պասիվ, ամուլ, ոչ նախաձեռնողական վարքագծով։ Բայց կրկնում եմ, անթույլատրելի է այս ամենին հետևել սոսկ պասիվ արձանագրողի դիրքերից։ Ճիշտ հակառակը՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների կարևորությունը գիտակցող բոլոր անհատներն ու ուժերը, որոնց թվին ես դասում եմ նաև ինձ ու իմ ներկայացրած քաղաքական ուժը, պետք է անենք հնարավորը այս խնդիրը որպես հանրային պահանջ ձևակերպելու ու դատաիրավական բարեփոխումների իրականացումը իշխանություններին պարտադրելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930