Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը փաստացի հրաժարվում է բանակցային գործընթացից, բայց պնդում է, որ դրանք Հայաստանն է տապալել

Սեպտեմբեր 20,2020 22:38

ԱՀ դիրքորոշման կոշտացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության արձագանքների և Թուրքիայի կողմից Ադրբեջանի համար օտար վարձկան զորք հավաքագրելու մասին Aravot.am-ի զրուցակիցն է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը

-Արցախի Հանրապետության նախագահի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բավական կոշտացել է՝ դատելով Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարություններից: Ինչո՞վ է պայմանավորված նախագահի դիրքորոշման կոշտացումը եւ ինչպե՞ս կանդրադառնա այն հակամարտության կարգավորման վրա:

-Արցախի Հանրապետության դիրքորոշումը իրատեսական հիմքերով պայմանավորված կոշտացել է, սա հետևանք է տարածաշրջանային ռազմաքաղաքական իրողությունների հստակ վերլուծության և վերագնահատման: ԱՀ նախագահի կողմից հայտարարված յոթ սկզբունքները, որոնք կրկին շեշտվել են Անվտանգության խորհրդի առաջին նիստում, ուղենիշային են, մասնավորապես՝ «Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին: Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը որևէ պարագայում չեն կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել: Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի առաջնահերթ ճանաչման՝ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ»:

Հակամարտության կարգավորման հարցին վերաբերող ԱՀ նախագահի մակարդակով արված մի շարք հայտարարություններում վերոնշյալ սկզբունքները մեկնաբանվում են հետևյալ կերպ. բացառում է որևէ բանակցային թեմա, որը ենթադրում է անցանկալի ելք ԱՀ համար, գտնում է, որ կարգավորման կարելի է հասնել աշխարհաքաղաքական հնարավոր նպաստավոր իրավիճակների պայմաններում, որոնք այսօր բացակայում են: Մինչ այդ ԱՀ-ն ամրացնում է իր ռազմական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական ռեզերվը: ԱՀ գերխնդիրն է անվտանգության ամենաբարձր մակարդակի ապահովումը և բացառում է այն թուլացնող որևէ տարբերակի քննարկում:

-Տեւական լռությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հանդես եկան հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով վերսկսել բանակցությունները, ընդ որում, բովանդակային բանակցությունների մասին է խոսքը: Ինչպե՞ս եք գնահատում հայտարարությունը և դրա՝ ադրբեջանական արձագանքները:

-Պետք է արձանագրել, որ առկա է «բանակցային տարածքի», հակամարտող կողմերի հարաբերվելու եզրերի ակնհայտ բացակայություն, ադրբեջանական կողմից հակամարտության բորբոքման տրամադրություններ, շարունակվող ադրբեջանա-թուրքական զորավարժություններ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այս նախաձեռնությունը հերթական էսկալացիային միտված գործողությունների կանխման նպատակ ունի:

Կա «բովանդակային բանակցություների» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընկալում, ՀՀ և ԱՀ ընկալում, Ադրբեջանի ընկալում: Հակամարտող կողմերի ընկալումները չեն հատվում, նույնը կարելի է ասել նախապայմանների և առաջնահերթությունների մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, գնահատելով կողմերի ընկալումները և դիտարկելով նախապայմանները որպես խոչընդոտներ, կողմերին առաջարկել են բանակցային սեղան վերադառնալ առանց նախապայմանների և քննարկել սուբստանտիվ /բովանդակային/ նշանակության այնպիսի հարցեր, որոնք կարող են այս փուլում թուլացնել էսկալացիան: Ստեղծված իրավիճակը տեղավորվում է ոչ թե «հակամարտությունների կարգավորման», այլ «հակամարտությունների կառավարման»՝ առավել նեղ իմաստ ենթադրող գործընթացներում:

Սեպտեմբերի 19-ին Իլհամ Ալիևի արված հայտարարությունները նշանակում էին, որ Ադրբեջանը փաստացի հրաժարվում է բանակցային գործընթացից, սակայն պնդում է, որ բանակցությունները տապալվել են ՀՀ-ի կողմից:

Ադրբեջանի տրամադրություններն այս հարցում ակնհայտ են՝ Ադրբեջան-Թուրքիա համագործակցության հիմքով Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, այլ ոչ թե բանակցությունների, և եթե, թեական մակարդակում, ի վերջո Ադրբեջանը դրական արձագանքի համանախագահների հայտարարությանը, ապա դա միայն իմիտացիոն բնույթ է ունենալու:

Կարծում եմ, որ Ալիևի հայտարարության բովանդակությունը պետք է մտահոգի համապատասխան միջազգային կառույցներին և թուրքական բազմակողմ ազդեցության ուժեղացմամբ մտահոգ պետություններին:

-Թուրքիայի կողմից Սիրիայում վճարովի հիմունքներով զինյալներ հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու փաստի մասին վերջերս Եգիպտոս կատարած այցի ժամանակ հայտարարեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Վարձկաններ Ադրբեջանը 1991-1994 թվականներին էլ է օգտագործել, որոնք հետագայում մեծ խնդիր են դարձել հենց Ադրբեջանի համար: Բայց այստեղ խնդիրն այլ է. հարցեր կան ուղղված հենց ադրբեջանական հասարակությանը, արդյո՞ք դա նորմալ է, երբ Իլհամ Ալիևը խոսում է ադրբեջանցի 50000 կամավորների հավաքագրման մասին, բայց միևնույն պահին Ադրբեջանը պատրաստ է օտար վարձկան զորք ունենալ՝ յուրաքանչյուր անձին վճարելով 4000 դոլար աշխատավարձ: Ի դեպ, սա այն դեպքում, երբ ադրբեջանցի սպայի աշխատավարձը մոտավորապես 6 անգամ քիչ է: Արդյո՞ք ամեն առիթով ադրբեջանական բանակի հզորության մասին խոսող Ադրբեջանի նախագահը և պաշտոնյաները բավականաչափ ազնիվ են սեփական հասարակության հետ և վստահում են սեփական զինուժի ներուժին: Սրանք հարցեր են, որոնք պետք է ուղղվեն ադրբեջանական հասարակության և զինված ուժերի ծառայողների կողմից սեփական քաղաքական վերնախավին:

Հավանաբար այս թեմայի զգայունության աստիճանը գնահատելով, ադրբեջանական մամուլը անմիջապես կեղծ տեղեկատվություն շրջանառության մեջ դրեց, ըստ որի վարձու հիմունքներով քրդական PKK-ի զինյալների խմբեր են տեղափոխվում Արցախ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930