Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանը հեռանա, թեկնածու ունե՞ն, ես ինքս չեմ պատրաստվում այս մեծամասնության հետ վարչապետ աշխատել, ինձ հանեք, նայենք տեսնենք ուրիշ ով կա». Մարուքյան

Սեպտեմբեր 22,2020 13:06

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցրեցին՝ ՀՅԴ-ն, «Հայրենիք» կուսակցությունը և ԲՀԿ-ն հոկտեմբերի 8-ին համատեղ հանրահավաք են անցկացնում, կկարողանա՞ն հանրությանը համախմբել, իշխանություններից դժգոհությունն այդքան մե՞ծ է եւ հնարավո՞ր է ինչ-որ մի փուլում ԼՀԿ-ն միանա եռյակին: Մարուքյանը պատասխանեց. «Հանրահավաքի հետ կապված ձեզանից եմ տեղեկանում, չգիտեմ, թե ինչ օրակարգով են հանրահավաք հրավիրել: Ես բազմիցս նշել եմ, որ մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախաձեռնություններ ենք ունենում, երբ որ մեր օրակարգերը համընկնում են: Մինչ օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ կապված Սահմանադրական դատարան դիմելու, կորոնավիրուսի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ, եւ դրանք հաջողությամբ են պսակվել: Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը: Կարծում եմ՝ այստեղ նոր բան չկա, որ որեւէ ընդդիմադիր ուժ կամ ուժեր հանրահավաք են անցկացնում»:

Ըստ Մարուքյանի, այն, որ դժգոհություններ կան գործող իշխանության կառավարումից՝ միանշանակ է, բայց թե դա ինչ մակարդակում է, ո՛չ հարցումների է տիրապետում, ո՛չ էլ կարող է դրա հետ կապված հետեւություններ անել. «Այդ դժգոհությունները մենք էլ ենք ստանում, մեր օրակարգը ձեւավորվում է այդ դժգոհությունների ճնշման տակ, եւ այն հարցերը, որոնք մենք բարձրաձայնում ենք, կրկին այդ դժգոհությունների հետեւանք են»:

Մարուքյանը հիշեցրեց, որ Հայաստանի ընդդիմության պատմության մեջ միշտ եղել է եռյակ, քառյակ, ՀՅԴ-ի հետ եղել են հանդիպումներ, քննարկումներ, կապեր կան, բայց երբ օրակարգը կհամընկնի, նոր կհամագործակցեն:

Ինչ վերաբերում է իշխանության հրաժարականի պահանջին՝ Մարուքյանն ասաց, որ եթե նման բան լինի, իրենք խորհրդարանական ուժ են, իմպիչմենտի գործընթաց կսկսեն ԱԺ-ում, ոչ թե կսպասեն տեսնեն՝ ով ինչ է ասում, վազեն ուրիշների հետեւից. «Երբ որ ասում են՝ վարչապետը պետք է հրաժարական տա, պետք է նաեւ ասեն, թե ում են ուզում վարչապետ, որովհետեւ երբ վարչապետը հրաժարական տա, «Իմ քայլը» դաշինքը պետք է ընտրի վարչապետ, կարող է Ռոմանոս Պետրոսյանին ընտրեն: Պետք է հստակ ասվի՝ ինչ են ուզում: Եթե իշխանություններն ուզում են տոտալ փոխվի, պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ճանապարհային քարտեզ պետք է ներկայացվի: Մենք երեք նախարարների հրաժարականի հարց ենք բարձրացրել եւ միակ ընդդիմությունն ենք, որ դա արել ենք»:

Մարուքյանն ասաց, որ իշխանությունից ակնկալում է, որ ընտրություններին հանգիստ իշխանությունը հանձնի, Հայաստանում առաջին անգամ տեղի ունենա խաղաղ իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով ու այս իշխանությունների պատմական առաքելությունը դա է լինելու: Եթե դա ձախողի իշխանությունը, այդ ժամանակ այլ օրակարգի մասին կխոսեն. «Որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանը հեռանա, թեկնածու ունե՞ն: Ես ինքս չեմ պատրաստվում այս մեծամասնության հետ վարչապետ աշխատել, ինձ հանեք, նայենք տեսնենք ուրիշ ով կա»:

Aravot.am-ի հարցին՝դուք էլ եք ասում, որ այս կառավարությունը ձախողել է մի շարք ոլորտներում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չեք պահանջում, դա նրանից է, որ ըստ ձեզ նա լա՞վ է աշխատում ու միայն իր թի՞մն է տանուլ տալիս, թե՞ որովհետեւ գիտեք՝ բարձր ռեյտինգ ունի, վախենում եք իր դեմ դուրս գաք, ընտրազանգվա՞ծ կորցնեք՝ Մարուքյանը պատասխանեց. «Որքան մենք ենք դուրս եկել Նիկոլ Փաշինյանի ու այս իշխանության դեմ, Հայաստանում ոչ մի ուժ դուրս չի եկել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ: Հետեւաբար այդ վախերը, որ հայտարարում են, այդ ուժերը կարող է ունեն վախեր, մենք վախ չունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930