Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ մոտ խրախուսո՞ւմ են ինքնուրույն մարդկանց

Սեպտեմբեր 26,2020 10:00
erexa

Իշխանական թիմի երեք ներկայացուցիչների՝ պաշտոնից կամ մանդատից հրաժարվելու մասին խոսակցությունը ես ուզում եմ սկսել… կրթական չափորոշիչներից: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ ի հեճուկս տարածված տեսակետների, ես կարծում եմ, որ հայեցակարգային տեսանկյունից դրանք կարող են տանել կրթությունը ճիշտ ուղղությամբ: Առաջարկվող բարեփոխումների առանցքում է ինքնուրույն մտածող մարդկանց դաստիարակելը՝ նպատակ, որի համար արժե մեծ ջանքեր եւ մեծ գումարներ ներդնել: Բայց այդ հրաշալի նպատակն իրագործելու համար պետք են բարձր կարգի ուսուցիչներ՝ մարդիկ, որոնք տիրապետում են բազմակողմանի գիտելիքների եւ ամեն օր կատարելագործում են դրանք, որոնք օժտված են մանկավարժական տաղանդներով, եւ վերջապես՝ մարդիկ, որոնք ոգեշնչված են իրենց բարձր առաքելությամբ: Ես վստահ չեմ, որ հիմա կամ մոտակա մի քանի տարվա ընթացքում նման ուսուցիչները Հայաստանում մեծամասնություն կկազմեն:

Սակայն այդ ճանապարհով գնալու համար միայն կրթական համակարգը բարեփոխելը քիչ է: Վստահ եմ, որ պետք է բարեփոխել պետական համակարգը եւ հասարակական կյանքը: Որովհետեւ եթե պետական պաշտոններում կամ խորհրդարանում մենք չենք հանդուրժում ինքնուրույն մտածող, ոչ ստանդարտ մոտեցումներ ցուցաբերող մարդկանց, ապա դժվար է պատկերացնել, որ դա կխրախուսվի հանրակրթական եւ բուհական ոլորտում: Աշոտ Բլեյանին կարելի է մեղադրել հազար ու մի մեղքերի մեջ, բայց ոչ մեկի լեզուն, կարծում եմ, չի պտտվի ասել, որ նրա մտածողությունը շաբլոն է: Թե՛ կոմունիստների ժամանակ, եւ թե՛ անկախ Հայաստանում նա, որոշակի դիմադրություն հաղթահարելով, կարողանում էր իրագործել իր ոչ ստանդարտ գաղափարները: Եվ հանկարծ այն իշխանության ժամանակ, որի համար նա, կարծես թե, պետք է առավել հոգեհարազատ լիներ, առաջանում են լուրջ լուրջ խնդիրներ:

Թե որ հարցերում են Սմբատ Գոգյանը, Գայանե Աբրահամյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը ճիշտ կամ սխալ, կարելի է երկար քննարկել, բայց մի բան պարզ է՝ նրանք վառ անհատականություններ են՝ մարդիկ, որոնք մեխանիկորեն չեն կրկնի «վերեւներից» հնչող բանաձեւերն ու կարգախոսները: Դա լա՞վ է, թե՞ վատ: Թե՞ ինքնուրույնությունն ու սկզբունքայնությունը խրախուսվում է միայն կրթական չափորոշիչներով: Մյուս կողմից էլ՝ ազատ մտածող մարդիկ պետք է իրե՛նք գիտակցեն, թե ուր են գնում եւ ինչ է նրանցից պահանջվելու:

…Ես չեմ կարող աշխատել որպես քաղաքական գործիչ, ինչպես նաեւ՝ որպես փականագործ, կրկեսի արտիստ կամ ճանապարհային ոստիկան: Դա չի նշանակում, որ այդ մասնագիտությունների մարդիկ ինձնից ինչ-որ բանով ավելի են կամ պակաս, կամ՝ որ մեր երկրին քաղաքական գործիչներ, արտիստներ կամ «գաիշնիկներ» պետք չեն: Պարզապես ես հասկանում եմ, որ դա իմը չէ: Անշուշտ, մեզ պետք են նաեւ վարչապետեր, քաղաքապետեր, թաղապետեր եւ զանազան այլ պետեր՝ ընդհուպ մինչեւ ԺԵԿ-ի պետ: Հայաստանի բնակչության 90 տոկոսն ուզում է լինել ինչ-որ բանի պետ, եւ այդ 90 տոկոսից միայն 10-ը կարող է աշխատել այդ «պետ»-ական պաշտոններում: Իսկ բնակչության 10 տոկոսը, ինձ նման, ո՛չ կարող է, ո՛չ էլ նման ցանկություն ունի: Ամենաբարդ խնդիրն է՝ որ մարդ ինքն իրեն ճանաչի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930