Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձգողականության կետերը պահում ենք»

Հոկտեմբեր 29,2020 12:30

 Պատերազմն արցախցի լուսանկարչի տեսախցիկով

Պատերազմի առաջին օրից է արցախցի լուսանկարիչ, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Դավիթ Ղահրամանյանն աշխարհին հրամցնում ստեղծված իրավիճակը, հակառակորդի կողմից ավերված շենքերը։ Նրա լուսանկարներից անպակաս են քաջարի զինվորները, կամավորագրված հայորդիներն ու Արցախի խաղաղ բնակչությունը։ Ինչքան կարեւոր բան կա` նրա ուշադրության կենտրոնում է, եւ միշտ լավատեսորեն է մոտենում երեւույթներին։ Սակայն պատերազմական այս շրջանի լուսանկարչի ներաշխարհում կյանքի եւ աշխարհի միջեւ շեշտադրված պարտադրանք է դրված, որ Արցախը պետք է ապրի ու արարի։

– «Ձգողականության կետեր»-ից մինչեւ պատերազմ. ընթացք, որը քո մեջ ապրելու է։ Ի՞նչ փոխվեց։

– Այդ ձգողականության կետերը պահել է պետք, այդ կետերի համար է մեր կռիվը։ Փոխվեց այն, որ երբ ինձ ասում են` շատ լավ լուսանկարներ ես արել, ասում եմ` երանի այդ լուսանկարները երջանկության մասին լինեին, խաղաղ կյանքի մասին պատմող։

– Իրական պատկեր եւ լուսանկար… այս պատերազմի հետեւանքներն ի՞նչ աստիճանի են ֆիքսվում քո տեսախցիկով։ Դրանց նայելուց հետո քո ներաշխարհում ի՞նչ է կատարվում։

– Գիտեք, մինչ օրս մեկ-մեկ թվում է, թե սա ընդամենը սարսափելի երազ է, կարթնանամ եւ ամեն ինչ լավ կլինի, կրակոցներ եւ պայթյուններ չեն լինի, երեխաների կենսուրախ ձայներ կլսվեն, մայրը երեխայի ձեռքից բռնած դպրոց կտանի, զինվորը խաղաղությամբ տուն կգա… Սակայն, երբ տագնապի ազդանշանի տակ սեղմում ես կոճակը եւ նայում ստացված լուսանկարին, հասկանում ես, որ ամեն ինչ իրական է։
Ներաշխարհումս իրականում շատ բան է փոխվել, լինում են դեպքեր, երբ քայլում եմ դատարկ քաղաքով եւ ինչ շենքի նայում եմ, թվում է, թե ավերված է… Դա սարսափելի է։

– Պատերազմի հետ ուղեկցվող քո բանաձեւը, առաքելությունը եւ ապրելու նպատակը…

– Միշտ մտածում էի, թե` պատերազմը որ ավարտվի, ի՞նչ ես անելու հարցը միայն բեմում կլսեմ, ներկայացման ժամանակ, սակայն այդ հարցը իրական էլ եղավ եւ հանկարծակի։ Մի պահ մտածեցի եւ պատասխանեցի՝ ինչ պետք է անեմ, շարունակելու եմ կռիվս, լուսանկարելու եմ, ապրելու եմ, որպեսզի ցույց տամ աշխարհին, որ մեր կռիվը մեր ապրելու համար է, մեր սուրբ հայրենիքը պահելու համար է եւ ուրիշ ոչինչ չենք ուզում։ Երեւի իմ առաքելությունը պահի իրականությունը լուսաբանելն ու աշխարհին ներկայացնելն է։ Առաջին օրը, երբ սկսվեց ամեն ինչ, առավոտյան առանց վարանելու իրերս հավաքեցի եւ գնացի կամավորագրվելու, սակայն այնպես ստացվեց, որ այս անգամ իմ կռիվը լուսանկարչական ապարատի միջոցով պետք է լիներ։ Իհարկե, ահավոր է, երբ, օրինակ, լուսանկարում ես հերթական ավերված տունը… Սկզբից չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իմ մարտական ընկերները, որոնց հետ արդեն ճանապարհ էի անցել, հիմա առանց ինձ են, անընդհատ ուզում էի գնալ, սակայն հետո հասկացա, որ լուսանկարների միջոցով էլ կարելի է կռվել։

– Լուսանկարները կմնան որպես…

– Որպես անցյալի մասին պատմող կադրեր, սակայն հիշեցնեն մեզ, որ միշտ պետք է զինվել, եւ խոսքս միայն մարդ սպանող զենքի մասին չէ։

– Խաղաղությունը տեսախցիկիդ նշանակետից մո՞տ է…

– Ամեն օր սպասում եմ, ամեն օր։

Զրույցը` Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
Արցախ

«Առավոտ» օրաթերթ

28.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031