Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի բանաձեւերն ու իրականությունը

Նոյեմբեր 06,2020 10:00

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր բազմաթիվ հարցազրույցներից մեկում կրկին անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերին, նշելով, որ դրանցում իբր ասված է, թե Հայաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը սկզբից 5, ապա եւս 2 շրջաններից:

Ես չեմ զարմանա, եթե ադրբեջանական կողմն այդ բանաձեւերում «գտնի» հիշատակումներ այն մասին, որ, օրինակ, հայերը պետք է դուրս գան նաեւ Սյունիքից եւ Երեւանից, կամ՝ որ Հարավային Կովկասում պետք է ստեղծվեն թուրքական պետության վիլայեթներ: Հիրավի, մարդիկ անգամ կես էջանոց փաստաթղթերում տեսնում են միայն այն, ինչ ցանկանում են տեսնել, անտեսելով իրենց համար ոչ ձեռնտու բոլոր կետերը: Այնտեղ իսկապես կա «բոլոր ուժերը» Ադրբեջանի «գրավյալ» շրջաններից դուրս բերելու կոչը: Բայց եթե 28 տարի առաջ ընդունված այդ բանաձեւերն այդքան արդիական են, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, ապա դրանք պետք է կարդալ ամբողջապես, ոչ թե հատվածաբար:

Ես, իհարկե, դիվանագետ, կամ միջազգային իրավունքի մասնագետ չեմ. պարզապես, զուտ լրագրողական տեսանկյունից փորձեմ ներկայացրել, թե ինչ այլ կետեր կան նշված բանաձեւերում:

1993-ի ապրիլի 30-ին ընդունված թիվ 822 բանաձեւը պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները եւ թշնամական ակտերը հուսալի հրադադար հաստատելու համար: (Քանի որ իմ թարգմանությունը կարող է ճշգրիտ չլինել, մեջբերում եմ բնագիրը. «Demands the immediate cessation of all hostilities and hostile acts with a view to establishing a durable cease-fire»):

Իսկ նույն թվականի հոկտեմբերի 14-ին ընդունված թիվ 874 բանաձեւը կոչ է անում տարածաշրջանի բոլոր երկրներին զերծ մնալ ռազմական գործողություններից եւ որեւէ միջամտությունից, որը կարող է ընդլայնել կոնֆլիկտը եւ խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը: («Urges all States in the region to refrain from any hostile acts and from any interference or intervention which would lead to the widening of the conflict and undermine peace and security in the region»):

Նույն ձեւակերպումը copy-paste է արվել նաեւ 1993-ի նոյեմբերի 12-ի թիվ 884 բանաձեւում:

Կրկնեմ, եթե այդ բոլոր կոչերն այս պահին արդիական են, ապա ցանկացած չնախապաշարված եւ ուղեղը չլվացած անձնավորություն աշխարհի ցանկացած անկյունից թող անկեղծորեն պատասխանի հարցին՝ արդյոք Ադրբեջանը եւ Թուրքիան կատարո՞ւմ են բանաձեւերի պահանջները:

Իհարկե, ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե ժամանակակից աշխարհում «միջազգային իրավունք» կոչվածը որեւէ դեր է խաղում: Մասնավորապես, գերտերությունները երբեմն սրբացնում են այդ օրենքները՝ դրոշի նման թափահարելով նման փաստաթղթերով, երբեմն էլ՝ ոտի տակ են գցում այդ բանաձեւերը՝ դրանք համարելով ընդամենը թղթի կտորներ: Արցախի, Կոսովոյի, Ղրիմի, Մերձդնեստրի. Արեւելյան Թիմորի, Հարավային Սուդանի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իրար, մեղմ ասած, հակասող նախադեպերը այդ ամենի վառ վկայությունն են: Պակաս խոսուն չեն «արաբական գարունը» եւ դրան հետեւած պետությունների փլուզումներն ու շարունակվող պատերազմները:

Ակնհայտ է, որ աշխարհն ունի խաղի նոր կանոնների մշակման եւ դրանց միատեսակ կիրառման անհրաժեշտությունը: Բայց այս հարցում ես առանձնապես լավատես չեմ՝ իմ կյանքի օրոք դա տեղի չի ունենա: Մնում է սեփական իրավունքն ապահովել սեփական ուժով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Jora Grigoryan says:

    ”Ես, իհարկե, դիվանագետ, կամ միջազգային իրավունքի մասնագետ չեմ.”- միակ միտքը ամբողջ դպրոցական շարադրության մեջ: Մինչ ԱԳՆ-ն փորձում է խանգարել բոլոր իրավական պրոցեսներին, որոնք կարող են դառնալ իրական դիվանագիտության հենք՝ դուք շարադրություն եք գրում նրանց դավաճանական քայլերը քողարկելով: Ադրբեջանը ՄԱԿ օրակարգ մտցրեց հակահայկական հարց, որը քննարկելու են դեկտեմբերին: Դա չե՞ք հասկանում, թե՞ պատվեր չի եղել:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես չեմ ջնջում իմ հասցեին վիրավորանք պարունակող այս մեկնաբանությունը, բայց խնդրում եմ մոդերատորներին այսունհետ ավելի ուշադիր լինել

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30