«Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են չափազանց դժվար օրեր: Մեր բոլորի սրտի մեջ կսկիծ կա, մեր բոլորի աչքերի մեջ արցունք, մեր բոլորի հոգու մեջ ցավ: Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտն այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ՝ ինչպիսին է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության, հանրային հուսահատություն է առաջացրել, հարցեր, որոնց պատասխանն առաջին հերթին ակնկալվում է ինձանից»,-այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում:
Նա մեկնաբանեց՝ ինչու ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: «Դա տեղի ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ամեն րոպե, շատ կարեւոր էր, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը: Իսկ Արցախի նախագահն ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն օրերի, նույնիսկ որոշ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը: Շատերն, իհարկե կարող են ասել՝ եթե կորցրել ենք Հադրութը, Շուշին կարող էինք կորցնել նաեւ Ստեփանակերտը եւ դրանից շատ բան չէր փոխվի: Իրականությունը սակայն, մի փոքր այլ է, որովհետեւ, եթե կորսվեր Ստեփանակերտը, որը ինչպես հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն, այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էր Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում չափազանց կանխատեսելիորեն: Այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավականին հեռու եւ պաշտպանական միջոցներ ու ամրություններ չունեին: Նաեւ չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը:
Իսկ ինչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո: Պաշտպանության բանակի երկրորդ երրորդ, չորրորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան քսան հազար զինվորներ ու սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջեւ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այս պայմաններում, անխուսափելի կլիներ Քարվաճառի եւ Քաշաթաղի անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի. «Շատերը, հնարավոր է, տրամաբանության բերումով հարց հնչեցնեն՝ ինչո՞ւ ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ եւ ինչո՞ւ նույնքան մտահոգ չէի դրանից առջեւ: Խնդիրը հետեւյալն է, ըստ էության հրամանատարի ամենակարեւոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ եւ հրամանատարն այդ խնդիրներն առաջադրում է, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն: Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի զինված ուժերի առջեւ: Բայց, երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որեւէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի: Հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ՝ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի: Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթը: Եվ այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է, ոչ միայն քաղաքական, այլեւ՝ ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքն ավելի կարեւոր էր, կարծում եմ նաեւ ձեզ համար»:
Կարդացեք նաև
Վարչապետը կրկին շեշտեց՝ սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը. «Ընդ որում, այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին, թիկունքում այլեւս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա, եւ, ուրեմն, եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը թե՛ ֆիզիկական թե՛ քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը, հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների: Եվ ես այդ թուղթը ստորագրել եմ հենց այս գիտակցությամբ: Ընդ որում, այս իրավիճակում եւ պայմաններում հարցը ոչ թե օրերի եւ շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում՝ հակառակ դեպքում կարող էր սկսվել մի գործընթաց, որը կավարտվեր մեր տաս հազար, քսան հազար, քսանհինգ հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ты умница застрелись за погибших солдатов. Это будет честно.
Նույնը պնդում էր Սերժ Սարգսյանը՝ապրիլյանի ժամանակ մի քանի դիրքերի համար զոհեր չտալ,բայց Դուք այդ փաստարկը չընդունեցիք և հանձնաժողով ստեղծեցիք այն քննելու…..