Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկա տարում չենք կարող բացառել ռազմական գործողությունների վերսկսումը». Արա Պապյան

Դեկտեմբեր 14,2020 12:08

Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ է, որ արցախյան հարցի կարգավորումը վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ: «Եթե խնդիրը լուծվում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա, դա նշանակում է, որ ԼՂԻՄ-ն ամբողջությամբ պետք է լինի հայկական տնօրինության տակ եւ համանախագահների երաշխիքով: Կամ եթե այդ փաստաթուղթը զինադադար է, այսինքն՝ զորքերը պետք է կանգնեին իրենց դիրքերում, հասկանալի չէ Քարվաճառի եւ Բերձորի հանձնումը: Այսինքն, տեղի է ունեցել սկզբունքների խառնում»,-«Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամանման առիթով երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նա: Արա Պապյանը նշեց՝ այս հավաքով համանախագահներին ցանկանում են ասել, որ նրանք մեծապես պետք է ներգրավվեն գործընթացում:

 

Արա Պապյանի խոսքով՝ եռակողմ հայտարարությունն ուղղակի հայտարարություն է, ոչ թե համաձայնագիր, ուստի դրանով ՀՀ սահմանազատումներին եւ սուվերեն տարածքին առնչվող գործողություններ չեն կարող լինել առանց խորհրդարանի մասնակցության. «Պիտի հստակեցվի՝ դա ի՞նչ փաստաթուղթ է: Այո, գտնում ենք, որ դրանում փոփոխություններ հնարավոր են, որովհետեւ ամրագրված չէ, թե խաղաղապահները պետք է լինեն մեկ երկրից: Հակառակը, մշտապես խոսվել է տարբեր երկրների խաղաղապահների մասին: Շատերը մեր ասածը խեղաթյուրում են ու ասում, թե մենք դեմ ենք ռուս խաղաղապահներին: Ոչ, նրանցից բացի, այլ երկրների ներգրավում էլ է ցանկալի: Բացի այդ, պետք է հստակ լինի, որ սա Արցախի կարգավիճակը որոշող վերջնական փաստաթուղթ չէ: Եթե լռենք այս մասին, կստացվի, որ համաձայնում ենք Ալիեւի՝ զենքի ուժով լուծելու տեսակետին: Իսկ դա ցանկալի չէ»:

Արա Պապյանի խոսքով. «Սա ընդամենը հրադադար է, եւ, ցավոք, առաջիկա տարում չենք կարող բացառել ռազմական գործողությունների վերսկսումը»:

Քաղաքագետը նաեւ նշեց՝ աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ պարտվող առաջնորդները հրաժարական են տալիս. «Անգամ եթե Նիկոլ Փաշինյանը երեք ամիս լիներ իշխանության, ինքն է պատասխանատու: Անկախ հանձնաժողով պետք է ստեղծել՝ մեղավորներին պատժելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031