Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին խնդիրը նախեւառաջ վարչապետի հրաժարականն է». Տիգրան Ուրիխանյան

Դեկտեմբեր 26,2020 14:16

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը արտահերթ համագումար է հրավիրել, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաեւ միութենական պետության ձեւավորման քաղաքական պլատֆորմն է:

«Ալյանսի» նախագահ Տիգրան Ուրիխանյանի առաջարկով համագումարը սկսելուց առաջ նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվածների հիշատակը:

Նա իր ելույթում նշեց, որ կենցաղային զրույցներից սկսած, վերջապես լուրջ քաղաքական, վերլուծական, մասնագիտական քննարկումների շրջանակում հայտնված մտքերով բոլորի մոտ հետեւյալ ձեւակերպումներն են՝ «ծայրահեղ վիճակ», «ճգնաժամ», «աղետ», «անդունդի եզրին հասած երկիր» եւ այլն: Ու այս համատեքստում, ըստ Ուրիխանյանի, յուրաքանչյուր կուսակցություն, հասարակական-քաղաքական կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է երկրի խնդիրների լուծմանն աջակցելը, պետք է այս օրերին իր ձայնը բարձրացնի, հանդես գա արտահերթ գործողություններով, այդ թվում՝ համագումարներով, որտեղ պետք է որոշվի՝ ինչ անել, ներկայացվի տեսլական եւ լուծումներ:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով, առաջին խնդիրը, որը պետք է լուծվի երկրում, գործող կառավարության, իշխանությունների եւ նախեւառաջ վարչապետի հրաժարականն է. «Անձամբ ես, վստահ եմ՝ նաեւ բոլորդ, չենք պատկերացնում՝ ինչպես՞ կարելի է պատասխանատվություն ստանձնել եւ չենթարկվել այդ պատասխանատվությունից բխող տրամաբանությանը՝ նախ եւ առաջ հրաժարականի տեսքով: Տեղեկատվական, քաղաքական օրակարգում շատ է քննարկվում՝ բա ինչ է լինելու դրանից հետո:

Այս հարցը տալիս է իրեն մեր հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ իր առօրյայում, իրենց նույն հարցը տալիս են մտավորականության ներկայացուցիչները, քաղաքական միտք գեներացնողներն ու վերլուծողները: Կա հայտնի պատասխան, որը տարբեր ժամանակներում տարբեր ուժերի կողմից օգտագործվել է եւ օգտագործվում է՝ լավ կամ վատ իմաստով, մասնավորապես գործող իշխանություններն ասում են՝ թող ժողովուրդը որոշի:

Այո, թող ժողովուրդը որոշի, այնպես, ինչպես որոշեց 2018 թ․, երբ տեղի չունեցան ընտրություններ, բայց փոխվեց իշխանությունը, իշխանությունը փոխվեց՝ խոստանալով կազմակերպել լավ ընտրություններ՝ ընտրակարգի փոփոխությամբ, ինչը չիրականացվեց, խոստացավ երկիրը վերածել դրախտի, հրաժարվել պարտադիր կուտակային, կենսաթոշակային համակարգից, հրաժարվել Սահմանադրությամբ կեղծ օրակարգով, ինչպես ներկայացվում էր՝ կարված քաղաքական համակարգից, սուպերվարչապետությունից, կայուն մեծամասնությունից, իրականացնել տնտեսական հեփղափոխություն, բերել որակյալ կադրեր՝ երկրում իրապես կառավարում իրականացնելու համար, հայրենիքի, երկրի, ժողովրդի նկատմամբ սրտի ցավ, բարյացակամություն, կադրային որակներ, հմտություն, փորձ, օգտակար գործողության գործակից եւ օպերատիվ մտածողություն ունեցող կադրեր… Ասածիս համեմատ, թե ի՞նչ տեղի ունեցավ, չասեմ… Այդ ամենն ակնառու է բոլորի համար»:

Ի թիվս այլնի, «Ալյանս կուսակցության նախագահի խոսքով, կադրային լուծումն առաջնային է համարվում, եւ չեն կարող մարդու արժանիքները գնահատվել քայլելու ու հայհոյելու ունակությամբ: Նրա ձեւակերպմամբ, հենց այդ ամենի արդյունքում է ձեւավորվել միմյանց նկատմամբ վատ, մինչեւ իսկ թշնամական վերաբերմունքը, ինչը դրսեւորվում է ամեն տեղ, եւ թույլ չի տալիս արարել, պայքարել, անգամ պատերազմել հավուր պատշաճի:

«Որեւէ իշխանության լավ կամ վատ կառավարելու մեկ չափորոշիչ կա՝ երկրում ապրող մարդկանց կյանքի որակը… Այսօր, այս պահին՝ 2020 թ. դեկտեմբերի 26-ին ժողովրդի բացարձակ մեծամասնությունը մտածում է ինչպես գոյատեւել, ողջ մնալ եւ դրանից հետո նոր փորձել լուծել նվազագույն խնդիրները… Բոլորը մտածում են՝ ինչ է կատարվում մեր սահմանների հետ, էլ ինչ հատված ենք կորցնելու վաղը, բոլորը մտածում են՝ ինչպես պաշտպանել մեր հարազատների ու երեխաների կյանքը՝ բառի բուն իմաստով»,- շեշտեց Տիգրան Ուրիխանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031