Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյան. Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է. ilur.am

Մարտ 15,2021 21:33

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am կայքում ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքը:

Վազգեն Մանուկյանն այսօր ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ՝

ա. ռազմական հեղաշրջումը,  բ. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը և գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույլատրելիությունը:

Նա հաշվի չի առնում, սակայն, հետևյալ հանգամանքները. առաջին տարբերակը բացարձակապես հակասահմանադրական է, ինչը գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրա ընդդիմության գործադրած ճնշումներին՝ մերժեց ամենայն վճռականությամբ: Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժմանը, ապա այն այլևս ժամանակավրեպ է, քանի որ ավելի քան քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը և լիովին սպառված է:

Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկյանի հետ: Ինչո՞ւ. որովհետև վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը:

Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031