Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում է արդյո՞ք Սպիտակ տունը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Ամերիկայի ձայն»

Մարտ 22,2021 23:40

Ամերիկյան պաշտոնական և հանրային շրջանակներն անդրադառնում են Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական հնարավոր ճանաչման հարցին

Սպիտակ տունը չունի որևէ նորություն այս հարցում մեր քաղաքականության կապակցությամբ, լրագրողների հետ մամլո ասուլիսի ընթացքում արձագանքել է Սպիտակ տան մամլո քարտուղարն ի պատասխան Ամերիկայի ձայնի հնչեցրած հարցին՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր պաշտոնական ճանաչման մասին:

Ճանաչման հարցը շարունակում է շոշափվել ամերիկյան տարբեր պաշտոնական և հանրային շրջանակների կողմից: Նախօրեին հայկական ծագում ունեցող ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմմերը իր մարտի 20-ի թվիթերյան գրառման մեջ գրել էր՝ «Սպիտակ Տուն. ԱՄՆ-ը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Այս գրառմանը հաջորդել է ամերիկյան ԶԼՄ-ների անդրադարձը Հայոց ցեղասպանության հարցում Սպիտակ տան դիրքորոշման վերաբերյալ: Մասնավորապես, The Hill պարբերականը մարտի 21-ին հաղորդել է այս հարցի վերաբերյալ Սպիտակ տան բարձրաստիճան անանուն աղբյուրի մեկնաբանության մասին, ով հիշեցրել է Բայդենի՝ նախընտրական շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունը՝ ավելացնելով, որ վերջինս այն ժամանակ ասել է, որ «մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այս սարսափելի իրողության մասին: Մենք հավերժ կհարգենք հայ ժողովրդի ցուցաբերած հաստատակամությունը այս մեծ ողբերգությունը վերապրելուց հետո»:

Ըստ The Hill-ի, բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է Բայդենի վարչակազմի հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանն, ու նման վայրագությունների բացառման հարցերում: Դրա կարևոր մասը պատմության ճանաչումն է, The Hill-ին է ասել իր անունը չհրապարակած Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրը:

Հիշեցնենք նաև, որ մարտի 19-ին հրապարակվեց ԱՄՆ Սենատի 38 անդամների նամակը՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ուր սենատորները կոչ են արել նախագահին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթն իր ապրիլի 24-ի առաջիկա հնարավոր հայտարարության մեջ՝ Հիշատակի օրվա կապակցությամբ: Սենատորները պահանջել են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը՝ հիշեցնելով, որ նախագահ Բայդենը նախկինում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ներառյալ անցած տարվա նախընտրական ընտրարշավի ժամանակ։ Սենատորները կոչ են արել նախագահին նույն կերպ վարվել արդեն երկրի ղեկավարի պաշտոնում։ Սենատորները հիշեցրել են, որ Բայդենի վարչակազմը հանձն է առել կառուցելու ամերիկյան քաղաքականությունը մարդու իրավունքների պաշտպանության և ամերիկյան արժեքների հիմքի վրա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031