Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալաշնիկովյան ծուղրուղուներն ի վնաս Ռուսաստանի են». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հուլիս 20,2021 11:09

ԿԱԼԱՇՆԻԿՈՎՅԱՆ ԾՈՒՂՐՈՒՂՈՒՆԵՐՆ Ի ՎՆԱՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՆ

Օրերս ռուսական «Ազատ մամուլ» ծրագրի հյուրն էր Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, որը ռուս-հայկական հարաբերությունների առնչությամբ հանդես եկավ հստակ կողմնորոշված թուրքամետ դիրքորոշմամբ։

Ըստ սույն պատգամավորի, Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը։ Դիմելով մեզ՝ հայերիս, նա հայտարարում է՝ «այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար» ու խորհուրդ տալիս՝ «այնպես որ ծուղրուղու մի կանչեք» և հավելում․ «Կարծում եք, որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»։

Եթե սա այս քաղաքական գործչի դիրքորոշումն է, համոզմունքը, միանգամայն պարզ է, թե քամին, որ կողմից է փչում, և նա ում շահերն է սպասարկում։ Ակնհայտ է, որ Կալաշնիկովն ադրբեջանական շահերի հայտնի լոբբիստ է, նրա ասածները պետք է ընդամենը ի գիտության ընդունել։ Իսկ եթե Կալաշնիկովի ասածը Ռուսաստանի իշխանությունների, քաղաքական էլիտայի դիրքորոշման արտահայտությունն է, ապա այն ռազմավարական դաշնակցի հետ հետայսու հարաբերություններ կառուցելու տեսակետից լուրջ մտորումների տեղիք է տալիս։

Այդ նույն Կալաշնիկովին, Ռուսաստանի իշխանություններին և, ինչու չէ, ողջ ռուս ժողովրդին ստիպված ենք հիշեցնել հետևյալ անժխտելի փաստերը՝

-տարածաշրջանում ռուսների ու թուրքերի հայտնվելուց հետո ռուս-թուրքական թվով տասներեք պատերազմներում հայերը, չունենալով պետականություն, մշտապես եղել են ռուս զինվորի կողքին, հանդիսացել նրա բնական դաշնակիցը։ Ընդ որում` տարածաշրջանում Ռուսաստանի հայտնվելը թելադրված է եղել բացառապես Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերով և ոչ թե հայերին փրկելու միֆով,

-խորհրդայնացումից հետո Հայաստանը լիարժեք ինտեգրվեց միասնական պետության կազմում՝ նաև Ռուսաստանը համարելով ընդհանրական հայրենիք։ Չլինելով պատերազմական գործողությունների էպիկենտրոնում՝ Մեծ հայրենականում, բնակչության մեկ շնչի հաշվարկով, Հայաստանը եղել է ամենաշատ զոհ տված հանրապետություններից մեկը, տվել է Խորհրդային Միության 100-ից ավելի հերոսներ, մի քանի տասնյակ մարշալներ ու գեներալներ։ Հետախուզության և հակահետախուզության ուղղություններով հայաստանյան ներկայացուցիչներն ունեցել են փայլուն ձեռքբերումներ, համագործակցության բացառիկ էֆեկտիվ օրինակներ՝ այդ թվում և հայոց Սփյուռքի ներուժի օգտագործմամբ,

-անկախացումից հետո, չնայած Արևմուտքի գործադրած ջանքերին, ոչ հայ ժողովրդի, ոչ էլ իշխանությունների կողմից չի եղել հակառուսականության որևէ դրսևորում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվել է ռուսական շահերին համահունչ, հանրապետության տարածքում շարունակել են տեղակայված մնալ ռուսական զորքերը, Ռուսաստանի ու Հայաստանի հատուկ ծառայությունները, զինված ուժերը շարունակել են սերտ համագործակցել փոխշահավետության, փոխվստահության մթնոլորտում։

Եթե Կալաշնիկովի արտահայտած մտքերը տարածաշրջանում Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության ռեալության արտացոլումն են, և Ռուսաստանը մտադիր է դուրս գալ տարածաշրջանից, ապա պիտի պատրաստ լինի Սիրիա-Թուրքիա սահմանագծում ռուս օդաչուին, Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին սպանած ահաբեկիչների, պանթուրքիզմի գաղափարի իրականացման մոլուցքով տառապող թուրքալեզու զինվորների ներխուժմանը Ռուսաստանի, Միջին Ասիայի իր դաշնակից երկրների տարածք։ Այս դեպքում Հայաստանին մնում է, Սփյուռքի և Հայ եկեղեցու կարելիությունները նեցուկ ունենալով, բացառապես ապավինել սեփական ուժերին, ՆԱՏՕ-ի հետ գնալ դաշնային նոր հարաբերություների հաստատման՝ միգուցե ականջալուր լինելով Էրդողանի՝ հայերին ուղղված «խելքի գալու» կոչին։ Այս պայմաններում, երբ ռուսական զորքը դուրս կբերվի Արցախից ու Հայաստանից, իսկ թուրքական զինվորը կլինի բուն Ռուսաստանում ու ուղղակիորեն կբախվեն ռուս-թուրքական շահերը, մենք դեռ ականատես կլինենք, թե ինչպես են ռուսները ծուղրուղու կանչում՝ օգնության ակնկալիքով հայացքն ուղղելով նաև հայերիս։

Կալաշնիկովի նման պոպուլիստ քաղաքական գործիչների պատճառով է, որ Ռուսաստանը միջազգային հարթակում այսօր մնացել է գրեթե մենակ, առանց դաշնակիցների։ Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում բարձրանում է հակառուսական տրամադրվածությունը, որի վառ օրինակն այն է, որ առանցքային բարձր պաշտոնները զբաղեցնում են հակառուսական տրամադրվածություն ու կողմնորոշում ունեցող մարդիկ։

Հայաստանի անկախությունից ի վեր մինչ այսօր Հայաստանի ու Ռուսաստանի անվտանգության մարմինները մշտապես համագործակցել են ի շահ մեր երկրների անվտանգության, ուստի մեր գործընկերներին առաջարկում ենք ուշադրության կենտրոնում պահել «կալաշնիկովյան» մոտեցումները, քանի որ այդպիսիք կարող են խաթարել մեր դաշնակցային հարաբերությունները, ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Հայաստանին մղել դեպի Արևմուտք։ Չպետք է փորձել օգտվել Հայաստանի ներկայիս թուլացած վիճակից, միևնույն է, մեր ժողովուրդն արժանապատվորեն ոտքի է կանգնելու։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Կալաշնիկովը և նրա նմանները փող են վերցնում թուրքից կամ ադրբեջանցուց և մտնում նրանց տակ, թքած ունենալով նաև իր «հայրենիքի» շահի վրա, սա տիպիկ ծախու մարդու կերպար է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031