Սեպտեմբերի 7-ին կեսգիշերն անց Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան» Ազգային Պարկի Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։
Մեզ հետ զրույցում «Դիլիջան» Ազգային Պարկի տնօրեն Արա Խլոյանը նշեց, որ այս պահին գործը գտնվում է Դիլիջանի ոստիկանությունում և ընթանում է հետաքննություն:
Կարդացեք նաև
Այն հարցին, թե արդյոք քաղաքացիները կարող էին միտումնավոր հրկիզել մեքենան՝ անտառահատման օրենքի խստացման հետ կապված, Խլոյանը նշեց, որ քաղաքացիները ո՛չ, բայց անտառագողերը՝ գուցե:
Ըստ Խլոյանի բնակիչների կողմից անտառահատման օրենքի խստացման հետ կապված բողոքներ չկան, օրենքից բողոքում են անտառագողերը:
Ազգային Պարկի տնօրենը նաև նշեց, որ Ազգային Պարկի վերահսկողությունը, անկախ ամեն ինչից՝ միշտ բարձր հսկողության տակ է գտնվում, ինչի շնորհիվ վերջին շրջանում կտրուկ նվազել են ապօրինի անտառահատման դեպքերը:
Նշենք, որ «Դիլիջան» Ազգային Պարկի Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենայի հրկիզման մասին գրառում էր կատարել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, մասնավորապես նշելով, որ կան հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։
«Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, եւ այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։ Իսկ հնարավոր կատարողներին եւ/կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում եմ. մասնավորապես բնապահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի. եւ մեր համառ պայքարն ավելի՛ լայն թափով ու է՛լ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու»,֊ նշել է Պետրոսյանը:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ























































