Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեզ թվում է, թե ինձ դուր է գալիս, թե ինչ է ասում Արծրուն Հովհաննիսյանը հատկապես մարտական գործողությունների համար՝ այդպես չէ». Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 15,2021 15:11

Պատերազմի օրերին հայտարարվում էր, որ կան դավաճաններ, որոնք առաջնագիծ են գնում ու ասում են՝ հողերը հանձնված են, պետք չի կռվել: Անցել է շուրջ մեկ տարի ու որեւէ մի դավաճանի անուն հայտնի չէ: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ դրանք մանիպուլյացիոն քայլեր են. «Ես 40 օր եղել եմ Արցախում այդ պատերազմի ժամանակահատվածում ու ես տեղում լինելով՝ որեւէ կետում, որեւէ հատվածում, նաեւ՝ Ստեփանակերտում չեմ լսել, որ այդպիսի անձինք կան կամ այդպիսի մարդկանց բռնել են: Եթե կան այդպիսի տեղեկություններ, ո՞վ է հայտարարել, Նիկոլ Փաշինյանը պետք է միջոցներ ձեռնարկեր ու մեկ տարվա ընթացքում կարողանային բացահայտել՝ ովքեր են այդ դավաճանները: Քրեական գործեր կան հարուցված ու դրանց քանակն ու աշխատանքը երկար է տեւելու: Կարծում եմ, իրավական համակարգը կտա այդ հարցերի պատասխանը»:

Արագածոտնի մարզպետն ասել է, որ պատերազմի օրերին գեներալներից մեկին ասում էի արեք մեր մոտ, խորհուրդ տվեք՝ ինչպես կրակենք, այդ գեներալն ասում էր՝ չեմ կարող գալ, այլ հանձնարարությամբ եմ այստեղ եկել ու այդպես թշնամու շարասյունը մտավ Շուշի: Հարցին՝ այդ օրերին իշխանության որեւէ ներկայացուցիչ ձեզանից խորհուրդ հարցրե՞լ է, խնդրե՞լ է՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ 44 օրվա ընթացքում տարբեր տեղերում է եղել ու Արցախի հանրապետության իշխանությունների հետ համագործակցված խորհրդատվական աշխատանք է կատարել. «Ես դեմ եմ հրապարակավ քննարկել մարտական գործողությունների ընթացքը, հատկապես, երբ նշվում է տեղանուններ, զորքերի տեղեր, առավել եւս քարտեզներ»:

Մեր դիտարկմանը, որ Արծրուն Հովհաննիսյանն էլ այս օրերին վերլուծություններ է ներկայացնում ու պատերազմի տարբեր դրվագներ ներկայացնում, ծանոթացե՞լ եք՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Չեմ ծանոթացել: Եթե ձեզ թվում է, թե ինձ դուր է գալիս, թե ինչ է ասում Արծրուն Հովհաննիսյանը հատկապես մարտական գործողությունների համար՝ այդպես չէ: Ես այդպիսի քննարկումներին դեմ եմ»: Նա ասաց, որ նման վերլուծությունները պետք է արվեն գաղտնի ու ՊՆ-ում, քննիչ հանձնաժողովներում, բայց ոչ հրապարակավ:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ իշխանությունները ունեն լծակներ ՊՆ-ում ուսումնասիրություններ անել, ՊՆ վարչություններ, բաժիններ, զորամիավորումների հետ: Նա նշեց, որ պաշտպանական ռազմավարական վերանայում եթե չեն անում, խոսել ԶՈՒ բարեփոխումների մասին չեն կարող: Այս ժամանակահատվածում պետական ապարատը պետք է իրականացներ այդ գործընթացը, իսկ իրենք խոսում են քննիչ հանձնաժողովի մասին, թե կներառենք տարբեր ՀԿ-ների, տարբեր անձանց. «Ոչ մի անհատ անձ, ՀԿ չի կարող գնահատական տալ մեր անվտանգության միջավայրին: Քննիչ հանձնաժողովի մեջ նրանց ներառելը նշանակում է փորձել շեղել հիմնական գնահատականից, թե որոնք են այն պատճառները, որ բերել են պատերազմի այս ելքի ու պատերազմից հետո այս խայտառակ անհաջողությունների համար»: Ըստ նրա, ընդդիմադիրների կողմից քննիչ հանձնաժողով ստեղծելը այլ հարց է, իսկ իշխանություններն արդեն ունեն պետական լծակները՝ պարզելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930