Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսներից ԱԺ ամբիոնից բողոքելն անիմաստ է

Նոյեմբեր 17,2021 10:00

Պատերազմի անփառունակ ավարտից մի քանի օր հետո ես գրել էի, որ հիմա, իմ կարծիքով, նույնիսկ 4-րդ դասարանի երեխային պետք է պարզ լինի, որ Ադրբեջանի հարձակման հաջորդ թիրախը կլինի ՀՀ Սյունիքի մարզը: Ի պատասխան իշխանության չափից դուրս խանդավառ կողմնակիցներն ինձ մեղադրում էին խուճապային տրամադրություններ տարածելու մեջ՝ պնդելով, որ Արցախը մի բան է, «պաշտոնապես» Ադրբեջանի տարածքն է, իսկ ահա Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ բոլորովին այլ բան է, եւ ռուսները, պարսիկները, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրությունը նման ոտնձգություններ թույլ չեն տա: Այդպիսի դատողություններ անողներն, ամենայն հավանականությամբ, ծանոթ չեն համաշխարհային եւ հայ ժողովրդի պատմությանը, ինչպես նաեւ չեն հետեւում այժմ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Պատերազմում հաղթած կողմը երբեք չի բավարարվում պարտության թուղթը ստորագրելու պահի (տվյալ դեպքում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին) ձեռք բերածով, եւ փորձում է թուլացած հակառակորդից կորզել առավելագույնը:

Այս մեկ տարվա ընթացքում իշխանությունը նույնպես չի հասկացել իրավիճակի լրջությունը եւ, ըստ երեւույթին, հույս է դրել նրա վրա, որ եռակողմ բանակցություններում ինչ-որ գեղջկական ճարպկություն կդրսեւորի ու կկարողանա մի կերպ պահպանել նոյեմբերի 9-ի «status quo»-ն: Հիմա պարզվեց, որ դա հիմնովին սխալ հաշվարկ է: Արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը շատ ավելի բարդ եւ նուրբ գործ է, քան խարազանող ճառերով սրան-նրան «քլնգելը»: Հատկապես բարդ գործ է Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելը: Մեր այսօրվա պաշտոնյաները ոչ միայն պատկերացում չունեն, թե ինչպես է կառուցված ռուսաստանյան իշխանությունը եւ ինչպես է պետք այնտեղ հարցեր լուծել: Նրանց մեծ մասը նույնիսկ ռուսերեն էլ չգիտի:

Երեկ ՔՊ-ականներն իրենց շեֆից հրահանգ էին ստացել՝ ԱԺ ամբիոնից շանտաժել ռուսներին, իսկ ավելի ժողովրդական լեզվով ասած՝ «մուննաթ գալ»: Նախ՝ Փաշինյանի կողմից կազմած ցուցակով խորհրդարան մտած պատգամավորներն այն քաղաքական քաշը, այն հեղինակությունը չունեն, որ նրանց դիմումները ռուսների կամ միջազգային հանրության վրա որեւէ ազդեցություն ունենան: Երկրորդ՝ Ռուսաստանի հետ պետք է աշխատել ապարատային, բյուրոկրատական եղանակով՝ դա այն երկիրը չէ, որի վրա կարող են ազդել PR ակցիաները: Եվ վերջապես, ռազմաճակատում ստեղծված իրավիճակն ամենեւին ռուսների մեղքը չէ. պատճառը անտերության մատնված պետությունն է:

…Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ ելքը իշխանության հեռացումն է: Այսինքն ի՞նչ՝ խորհրդարանական նոր արտահերթ ընտրությունների կազմակերպո՞ւմը: Դուք դեռ չե՞ք համոզվել հունիսի 20-ի փորձով, որ Փաշինյանի ընտրազանգվածը (ավելի քան 680 հազար քաղաքացի), մեղմ ասած, անտարբեր է մարդկային եւ տարածքային կորուստների հանդեպ: Եթե վաղը լինեն նոր արտահերթ ընտրություններ, ապա դրանց ելքի վերաբերյալ ես ոչ մի կասկած չունեմ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930