Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմպիոններ լիգան՝ մեկ ամիս անց

Հունվար 09,2022 22:25

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը ավարտվել է և արդեն պարզ են փլեյ-օֆֆի մասնակիցները և զույգերը։ 1/8-րդ եզրափակչում են հայտնվել ինչպես եվրոպական ֆուտբոլի գրանդ ակումբներ և մրցաշարի հաղթողի հիմնական ֆավորիտներ, այնպես էլ խաղամակարդակով մնացածին զիջող թիմեր։ Սակայն այդ թիմերը կարող են անակնկալներ մատուցել մրցաշարի ընթացքում, քանի որ խմբային փուլում նրանք դուրս են թողել այնպիսի մրցակիցների՝ ինչպիսիք են Բարսելոնան, Դորտմունդի Բորուսիան և Սևիլյան։

Հաջորդ փուլի հիմնական դիմակայությունը կարելի է համարել Ռեալ Մադրիդ-ՊՍԺ հանդիպումը։ Թիմերը իրենց ազգային առաջնություններում զբաղեցնում են առաջին հորիզոնականը և համարվում են չեմպիոնության ֆավորիտ։ Մադրիդի Ռեալը խմբային փուլում կարելի է ասել խնդիրներ չունեցավ, եթե չհաշվենք Շերիֆից կրած անակնկալ պարտությունը։ ՊՍԺ-ի դեպքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէր։ Ի տարբերություն Ռեալի՝ ՊՍԺ-ին բարդ մրցակիցներ էին բաժին հասել։ Ֆրանսիական թիմը ոչ-ոքի է խաղացել Լայպցիգի հետ և պարտվել ՉԼ-ի տիտղոսի հիմնական ֆավորիտ Մանչեսթեր Սիթիին և զբաղեցնելով խմբում երկրորդ հորիզոնականը՝ դուրս եկել հաջորդ փուլ։

Իսկ Մանչեսթեր Սիթին կմրցի այս մրցաշրջանի հայտնություն՝ պորտուգալական Սպորտինգի հետ։ Սպորտինգին բավականին բարդ խումբ էր բաժին հասել՝ Այաքս, Դորտմունդ և Բեշիքթաշ։ Սպորտինգը միայն Այաքսին է զիջել՝ երկու խաղերի ընթացքում կորցնելով 6 միավոր։ Սակայն ավելի ուժեղ է գտնվել Դորտմունդի Բորուսիայից և անակնկալ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։

Անցած մրցաշրջանում Սկուդետոն նվաճած Միլանի Ինտերին բաժին է հասել Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը՝ Լիվերփուլը։ Ինտերը խմբային փուլում զիջել է միայն մեկ հանդիպում՝ Մադրիդի Ռեալին և ոչ-ոքի ավարտել Շախտյորի հետ դիմակայությունը։ Լիվերփուլը, ի տարբերություն Ինտերի՝ հաղթանակով է ավարտել խմբի բոլոր հանդիպումները և վստահորեն զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Այս դիմակայության ֆավորիտ կարելի է համարել Լիվերփուլին։

Չեմպիոնական տիտղոսի հիմնական ֆավորիտներից մյուսը՝ Մյունխենի Բավարիան խմբում գրանցեց հարյուրտոկոսանոց արդյունք և գրավելով առաջին հորիզոնականը՝ կմրցի Ռեդ Բուլլ Զալցբուրգի հետ։ Զալցբուրգը 2 պարտություն է գրանցել՝ ֆրանսիական Լիլից և գերմանական Վոլֆսբուրգից։ Զալցբուրգը հաղթանակներ է տարել Սևիլյայի դեմ խաղերում և դուրս թողել իսպանական թիմին պայքարից։ Այս դիմակայությունում անկասկած, ֆավորիտը Բավարիան է։

Բավարիայի մրցակիցն էր խմբային փուլում Բենֆիկան։ Բենֆիկան պարտվելով Բավարիային երկու խաղերում էլ՝ կարողացել է հաջողության հասնել Բարսելոնայի հետ առաջին հանդիպմանը և գրավելով 2-րդ հորիզոնականը՝ մրցելու է հոլանդական Այաքսի հետ։ Այաքսը խմբային փուլում հաղթել է բոլոր դիմակայություններում և կարող է համարվել Բենֆիկայի դեմ խաղի ֆավորիտ։ Սակայն թիմերի խաղամակարդակը այնքան էլ տարբեր չէ, և Բենֆիկան կարող է հաղթանակի հասնել։

Մանչեսթեր Յունայթեդը երկար դադարից հետո հայտնվել է Չեմպիոնների Լիգայում։ Խմբում մանկունյանցիները հաջող հանդես եկան և զբաղեցրին առաջին հորիզոնականը։ Ռանգնիկի սաների մրցակիցն է Մադրիդի Ատլետիկոն։ Սիմեոնեյի թիմը, չնայած անհաջողություններին, խմբում կարողացավ գրավել երկրորդ հորիզոնականը։ Ատլետիկոյի ուժերից վեր էր մրցել Լիվերփուլի դեմ, սակայն մադրիդյան թիմը զիջել է նաև խմբի հետնապահ Միլանին և ոչ-ոքի գրանցել Պորտուի դեմ խաղում։

Իսպանական Վիլյառեալը անցած մրցաշրջանում նվաճել է Եվրոպա լիգայի չեմպիոնի տիտղոսը և հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Վիլյառեալը երկու անգամ զիջել է Մանչեսթեր Յունայթեդին և մեկ ոչ-ոքի գրանցելով Ատալանտայի դեմ խաղում՝ դուրս է եկել փլեյ-օֆֆ և կմրցի Յուվենտուսի դեմ։ Յուվենտուսը իր խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ պարտվելով միայն Չելսիի դեմ արտագնա հանդիպմանը։ Չնայած Յուվենտուսը վերջին շրջանում թուլացրել է խաղամակարդակը, Վիլյառեալի դեմ խաղում Ծեր Սինյորան կարող է համարվել ֆավորիտ։

Յուվենտուսի մրցակիցը խմբային փուլում Լոնդոնի Չելսին էր։ Չելսին պարտվել է միայն խմբի առաջատար Յուվենտուսին և անակնկալ ոչ-ոքի ավարտել Զենիթի հետ հանդիպումը։ Չնայած սայթաքումներին՝ անգլիական ակումբը դասվում է Եվրոպայի ուժեղագույնների շարքին։ Չելսիի մրցակիցն է ֆրանսիական Լիլը։ Չելսին հանդիպման ֆավորիտն է, սակայն ֆրանսիացիները կարող են տհաճ անակնկալ մատուցել ազնվականներին։

Անկասկած թեժ պայքար է լինելու Չեմպիոնների լիգայի տիտղոսի համար։ Պայքարի մեջ են ոչ միայն հեղինակավոր և փորձառու թիմեր, այլ նաև երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեցող ակումբներ։ Որ թիմերը կհաղթահարեն այս փուլը, և վերջապես ո՞ր թիմը կնվաճի բաղձալի տիտղոսը՝ ականատես կլինենք ամիսներ անց։

1/8-րդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կսկսեն փետրվարի 15-ին, 16-ին, 22-ին և 23-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին։

 

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31