Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սիրում եմ մեծ քայլեր անել, ես թռիչք եմ սիրում»

Հունվար 14,2022 12:00

Նարինե Ալեքսանյանը՝ իր դերերի «ներկապնակի» ու նոր անակնկալի մասին

ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Ալեքսանյանն «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ ներկայումս ամուսնու՝ վաստակավոր արտիստ Վարուժան Մանուկյանի հետ նոր նախագծի վրա են աշխատում, սակայն առայժմ ձեռնպահ մնաց «փակագծեր» բացելուց: Ընդգծեց, որ դա յուրատեսակ թռիչք է լինելու, ինքնատիպ մի բան: Սիրված դերասանուհու հետ խոսեցինք անցած ճանապարհի մասին, նա նաեւ սիրով մի քանի այլ հարցերի պատասխանեց:

Մեր հարցին՝ ինչպե՞ս հայտնվեց թատրոնում եւ ո՞րն էր առաջին դերը, դերասանուհին այսպես արձագանքեց. «Թատրոնում եղել եմ միշտ, եւ երբ սովորում էի Գյումրիի թատրոնին կից դերասանական ստուդիայում, եւ իմ ուսուցիչն էր Խորեն Աբրահամյանը: Այն ժամանակ իսկապես չէի գիտակցում, որ մեծության հետ եմ աշխատում, որովհետեւ դա պարզապես օրվա պահանջն էր, օրվա հրամայական… Աշխատում էի թատրոնում՝ սիրահարված թատրոնին, բեմին եւ այն ամենին, ինչը կապված էր թատրոնի հետ: Դրանք տարիներ էին, երբ սովորում էի ու անում էի առաջին քայլերը մեր դերասանների հետ: Այնուհետեւ թատերական ինստիտուտ, փոքրիկ դերեր, հետո մեր կուրսով վերաբացեցինք «Մետրո» թատրոնը՝ Նիկոլայ Ծատուրյանի խմբով ու խաղացինք «Եվ երկինքէն 3 աթոռ ինկավ» ներկայացումը: Դա դիպլոմային աշխատանք էր, բայց այնքան սիրվեց, որ դարձավ «Մետրո» թատրոնի խաղացանկային ներկայացումը: Հետո ճանապարհները փոխվեցին, կուրսը, թատրոնը…Ամեն ոք գնաց իր ճանապարհով, եւ ես մի որոշ շրջան հայտնվեցի «Փոսի» թատրոնում, որտեղ խաղացի Աիդա Հովհաննիսյանի բեմադրած Լուիջի Պիրանդելլոյի «Անավարտ ինքնանկարում»: Իմ խաղացած դերը բավականին լուրջ էր եւ էքսպերիմենտալ բառն իսկապես արժեք ուներ: Ես ինձ իդեալական էի զգում: Դա լուրջ հայտ էր թատրոնում այլեւս տեղ ունենալու համար»:

Նարինե Ալեքսանյանը խոսեց հեռուստատեսությունում աշխատանքի մասին, որի ընթացքում մի շրջան չաշխատեց թատրոնում, քանի որ հեռուստատեսային նախագծերը աշխատատար էին ու ժամանակատար. «Եվ Քրիստ Մանարյանի «Ալամբուչիկ» նախագծում էինք զբաղված, եւ «Ոսկեջրած ձկնիկը» ներկայացումն էր, ու այդ տարիների համար շաբաթը երեք անգամ եթեր ապահովելը բավականին ծավալուն աշխատանք էր…»: Սիրված դերասանուհու ձեւակերպմամբ, 2003-ին կրկին վերադարձավ այն ակունքին, որտեղից սկսել էր. «Վարուժանը ներկայացում էր խաղում Պարոնյան թատրոնում, եւ ես գնացի թատրոն՝ ներկայացումը նայելու: Պարոն Ղազանչյանին հանդիպեցի աստիճանների վրա, հարցրեց՝ ե՞րբ ես գալու թատրոն: Ասացի՝ երբ ասեք, ասաց՝ վաղվանից արի: Ես հայտնվեցի թատրոնում, խաղացի «Մեր տան տերերը»՝ Սվետլանա Ռուբենովնայի հետ…Անհամեստ չհնչի, բայց ես այդ ժամանակ ճանաչված էի հեռուստատեսային ասպարեզում եւ իբրեւ ճանաչված հեռուստատեսային դեմք հրավիրել էին թատրոն, որպեսզի մասնակցեի Սվետլանա Ռուբենովնայի 70-ամյակին նվիրված ներկայացման մեջ: Ու Պարոնյան թատրոնը դարձավ իմ թատրոնը, եւ շատ հետաքրքիր ներկայացումներ խաղացինք: Ցանկացած դեր անսահման մեծ սիրով, նվիրումով եւ աշխատասիրությամբ եմ խաղացել: Մինչեւ վերջին պահը, մինչեւ բեմելը անընդհատ կասկածել եմ՝ այո թե ոչ, եւ որեւէ ներկայացում երբեք նման չի եղել մյուսին, զգացողությունները միշտ տարբեր, սերը միշտ առկա է եղել եւ գերակա ուժն է եղել, ցանկացած հարց դրվել է մի կողմ, երբ բացվել է վարագույրը…»:

Դերասանուհին նշում է, որ իր ներսում անընդհատ եռում էր այն միտքը, որ միայն կատակերգական ժանրը չէ իրենը, թեեւ դա ամենադժվար ժանրն է, երբ կարողանում ես ճշմարիտ ու ճանաչելի լինել. «Անընդհատ լուրջ դերի հայտ էի ուզում ներկայացնել: Երջանիկ պատահականությամբ ես խաղացի հրավիրված ռեժիսոր Վահե Շահվերդյանի «Տիկին մինստրուհին» ներկայացման մեջ: Դա լուրջ էր, բայց տրագիկոմեդիա էր, դա հերոսուհու եւ ողբերգությունն էր, եւ կոմեդիան, եւ տառապանքը: Ես ակնածանքով էի մոտենում այդ դերին, ուզում էի ցույց տալ, որ կարող եմ ճշմարիտ լինել նաեւ դրամատիկ ժանրում: Պարոն Շահվերդյանի հետ մենք շատ նուրբ աշխատանք կատարեցինք, ներկայացման մեջ չկար որեւէ դրվագ, որ աշխատված չլիներ»:

Նարինե Ալեքսանյանի գործունեության մեջ շրջադարձերը մեկը մյուսին են հաջորդել, ասում է՝ դրանից հետո սկսել է խաղալ «Սիրային ներկայացման» մեջ, որը նրա խոսքով, լրիվ ուրիշ պատմություն էր, իրավիճակային կոմեդիա: «Հրաշալի բան է, երբ ունես գունապնակ, եւ գույների հետ խաղում ես, ընդ որում՝ ամեն դերս մի երանգ է եւ ես շատ սիրում եմ այդ ներկապնակը: Ինձ առաջարկվող պիեսները եւ դերերը մեկը մյուսին նման չեն եղել, ու ես բոլորի մեջ ինձ հրաշալի եմ զգացել… Շատ հետաքրքիր էքսպերիմենտալ աշխատանք էր դերս «Գոյ» թատրոնում՝ Վիլյամ Սարոյանի «Քարանձավի բնակիչները» ներկայացման մեջ… Սարոյանական պիեսում օգտագործվում էին շեքսպիրյան մենախոսություններ, եւ դերասաններս հնարավորություն ունեինք «Գոյ» թատրոնում խաղալ եւ Շեքսպիր, եւ Սարոյան… Անպատմելի հաճույք է, երբ խաղում ես պրոֆեսիոնալների հետ՝ Արթուր Սահակյանի բեմադրած ներկայացան մեջ…

Ի դեպ, դեռ երկրորդ կուրսում էի, երբ Նիկոլայ Ծատուրյանին խնդրեցի, որ Սարոյան խաղանք, հարցրեց՝ ո՞ր գործը, ասացի՝ «Քարանձավի բնակիչները», ասաց՝ ի՞նչ ես ուզում խաղալ, ասացի՝ թագուհի, ասաց՝ դու դեռ աղջիկը խաղա, հետո հասիր թագուհուն… Անցավ մի երեսուն տարի… Եվ երբ Արթուր Սահակյանը զանգեց ինձ ու առաջարկեց խաղալ «Քարանձավի բնակիչները» ներկայացման մեջ, հեռախոսը ձեռքիս դողում եմ: Հարցրի՝ թագուհի՞ են խաղալու, ասաց՝ բա հո աղջիկ չես խաղալու…Շատ հետաքրքիր էր իմ թագուհին, իմ թագուհուն շատ եմ սիրում: Ափսոս, քիչ խաղացինք, բայց «Գոյ» թատրոնում լավ են խաղում ու քիչ են խաղում, չնայած ես պարբերաբար մենախոսությունները կրկնում եմ… Ընդհանրապես թատրոնն ինձ համար օդ է, ջուր, շնչառություն, կյանք, արեւ, լույս, տառապանք, մարդկային ամեն ինչ … Թատրոնն աշխատանքի վայր չէ, ես թատրոնով շնչում եմ, հզորանում եմ…»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Անուշ Սարգսյանի բեմադրությամբ Դարիո Ֆոյի գործի հիման վրա ստեղծված «Իմ կինը, Ձեր ամուսինը եւ քաղաքապետի օգնականը» ներկայացմանը: Նարինե Ալեքսանյանը՝ ըստ Ժան Կոկտոյի գործի բեմադրված «Նա» ներկայացման էլ անդրադարձավ: Ասաց, որ հրաշալի աշխատել են Հակոբ Ղազանչյանի հետ. «Պարոն Ղազանչյանը թույլ է տալիս, որ խաղաս, լողաս, առանց պիեսից հեռանալու՝ իմպրովիզ անես ու իմպրովիզը դառնա աշխատանքի հիմքը… Հետաքրքիր էր նաեւ «Չինացին էլ կարող է հայ լինել» ներկայացումը, որը համարում եմ մեր հաղթանակը: Ես զգում էի, որ հանդիսատեսը ուզում էր ծիծաղել, ընդհանրապես խենթանում եմ, երբ հանդիսատեսը ծիծաղում է: Ես սիրում եմ զգալ հանդիսատեսի շնչառությունը, սիրում եմ իմ հանդիսատեսին»:

Նա խոսեց նաեւ Վարդգես Բարսեղյանի բեմադրած «Անտարբեր սրտակերը» ներկայացման մասին, որը եւս յուրահատուկ աշխատանք է համարում: Ասում է՝ սկզբում պիեսը կարդացել ու դրել է կողքի, մտածել, որ այն իրեն այլեւս չի հուզում, սակայն մի քանի օր անց պիեսը կարդալով՝ պատուհանի ապակուն մարկերով նշումներ է արել, հաջորդ օրն էլ դրանք փոխանցել թղթի վրա: Նարինե Ալեքսանյանն ասում է՝ վերաբաժանել է պիեսը, վերաձեւակերպել՝ պիեսից մի տող անգամ չհեռանալով. «Վարդգեսը սիրով համաձայնեց այդ էքսպերիմենտին, եւ մենք հրաշալի աշխատանքային պրոցեսով կարողացանք «Նա» մենադրաման հասցնել ավարտին… Մենք կարողացանք լրիվ այլ կերպ մեկնաբանել Կոկտոյի «Նան»:

Մեզ հետ զրույցում դերասանուհին ավելի է անկեղծանում, ասում է՝ փոքրիկ քայլերի արվեստի համար պետք է հատուկ մարդ լինել. «Ես սիրում եմ մեծ քայլեր գցել… Այդ մեծի մեջ գուցե ինչ-որ բան կորցնեմ, գուցե գտնեմ… Ես սիրում եմ շրջադարձ, եւ այդ շրջադարձի մեջ կարեւորել այն, ինչ արել եմ, բայց նաեւ սիրում եմ առաջ գնալ, ու հետ չնայել, որովհետեւ թռիչք եմ սիրում, եթե թռչելու համար են փոքրիկ քայլերը, ուրեմն համաձայն եմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31