Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ նախնիներն իմ հարստությունն են». «Ակն ընդ ականն» ամփոփել է մրցույթի արդյունքները

Հունվար 23,2022 22:50

«Բատրակից՝ ուսուցիչ, ապտակից՝ բանտ. Գետափցի պապս». լրագրող Ալինա Խուդոյանն այսպես է վերնագրել իր պապի մասին ակնարկը: Այն «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի «Նախնիներս» մրցանակաբաշխության մասնակից է:

Պապի՝ իր ժամանակի հզոր մարդկանցից մեկի մասին ֆիլմ, Ալինան վաղուց էր որոշել նկարել: Մրցանակաբաշխության մասին տեղեկությունը պարզապես նրան ստիպեց արագ իմի բերել արդեն հավաքած նյութը:

«Մի քանի տարի է ուզում եմ պապիկիս մասին ֆիլմ նկարել՝ ընտանեկան արխիվի համար: Ես իրեն չեմ տեսել, իր մահանալուց 15 տարի հետո եմ ծնվել, բայց միշտ հետաքրքրել է, իր կերպարը, իր մեծ մարդ լինելու մասին պատմությունները ու որոշել էի պրպտել, հնարավորինս շատ տեղեկություն հայթայթել ֆիլմիս համար»:

Պապի կերպարին անդրադառնալու համար լրագրողի կյանքում ճակատագրական է լինում 2007 թվականը, ՊԵԿ-ում աշխատանքի անցնելը: Ալինային հրավիրում են, հատուկ բաժին՝ հարցազրույցի: Այդտեղ էլ իմանում է, որ իր պապիկը եղել է իր ժամանակի այն համարձակը, ով հարվածել է իրենց շրջանի պետանվտանգության կոմիտեի նախագահ ոմն Աղեկյանի՝ մարդատյաց ու ճակատագրեր խեղող վարքի համար: Արդյունքում էլ, երկու տարի ազատազրկման է ենթարկվել:

Լրագրող Նաիրա Փայտյանն «Ակն ընդ ական»-ի հատուկ մրցանակակիրն է «Գիր» անվանակարգում, իր տոհմի պատմությունը ներկայացնելու համար: Մրցանակաբաշխությանը մասնակցել՝ որեւէ ակնկալիք չունենալով: Բայց այս մրցույթը նրան նաեւ մոտիվացրել է: Որոշել է՝ գիրք է գրելու՝ արդեն Փայտյանների բոլոր ճյուղերի մասին: Գիրքն արդեն գեղարվեստական է լինելու՝ Արշակունիների ճյուղից սերող, Փայտակարան նահանգից եկած իր նախնիների մասին:

«Ի հեճուկս նրանց ովքեր կռիվ ունեն իրենց նախնիների հետ, իմ նախնիներն իմ հարստությունն են»,- ասում է Նաիրա Փայտյանը, ում ոգեւորել է, որ մրցույթին շատ երիտասարդներ են մասնակցել:

«Ակն ընդ ական» մրցանակաբաշխության կազմակերպիչներից Հովհաննես Իշխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթի հիմնական պայմանն այն էր, որ հեղինակը պետք է իր նախնիների թեմայով ստեղծագործեր՝ իրական փաստերի հիման վրա: Մրցույթի նպատակը, ըստ Հովհաննես Իշխանյանի, պատերազմից հետո հայերի տրորված արժանապատվությունը պաշտպանելն ու բարձրացնելն է, հնարավոր աղետներից պաշտպանելը:

«Հայաստանի, այսպես կոչված, վարչապետը, իր գրքում գրել է, որ ինքը նզովում է իր նախնիներին: Մենք ընդհակառակը, օրհնում ենք մեր նախնիներին, հպարտ ենք նրանցով, քանի որ մեր նախնիներն իրենց ուսերի վրա են կրել եւ փոխանցել մեզ մեր երկիրը»,- ասաց նա:

Մրցույթի երեք անվանակարգերում մասնակցել է 11 հոգի: 11 մասնակիցներից՝ 9 տեքստ են ներկայացրել, մեկը նաեւ մուլտիմեդիա տարբեր գործիքների կիրառմամբ, երկուսը՝ կարճ ֆիլմեր:

Մասնակիցներին՝ բոլորին, տրվել է իրենց նախնիների նկարներով փազլներ, որպես խորհրդանիշ, բաժակներ, որոնց վրա եղել են նկարազարդումներ՝ տվյալ պատմության հիման վրա: Մասնակիցներին նաեւ գրքեր  են տրվել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31