Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը ընդդիմությանը կոչ արեց Փաշինյանին հունից հանելու անիմաստ փորձերի փոխարեն առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու

Հունվար 24,2022 19:07

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ նախագահի իր թեկնածուներն ունի, որը, ըստ նրա, կարելի է ընտրել ընդդիմության շարքերից: Նրա կարծիքով, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր կարող է ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը, որն ունի լուրջ կենսագրություն: Տարբերակ է նաեւ Արթուր Վանեցյանը:

Նա ընդդիմությանը կոչ արեց Ազգային ժողովում ոչ թե աշխատել ամեն գնով Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին հունից հանել՝ հիշեցնելով անցյալը, Փաշինյանի արածներն ու չարածները, այլ՝ ներկայացնել այն ստվերային կառավարությունը, անելիքներն ու առաջարկները, որոնք ունի ընդդիմությունը, քանի որ հասարակ քաղաքացիները ուզում են տեսնեն, լսեն՝ այլընտրանքը որն է. «Նույնիսկ Նիկոլին ընտրող երդվյալ կոնտինգենտը լսելու է եւ ասելու է՝ չէ, բայց խելացի բան է ասում՝ հայ-թուրքականի մասով, սահմանազատման, սահմանագծման, ԵԱՀԿ խմբի մասով: Այսօր դրանք ամենակարեւոր հարցերն են»:

Նա սպառված չի համարում ժողովրդի հետ աշխատանքը եւ գտնում է, որ հնարավոր է. «Ես ամեն օր աշխատում եմ տարբեր համայնքներում, հանդիպումներ եմ ունենում տարբեր մարդկանց հետ: Մենք կարող ենք Նիկոլի այդ 680 հազար ընտրողներին բերել ադեկվատ դաշտ: Եվ, ամենակարեւոր թիրախն այն 800 հազար ՀՀ քաղաքացիներն են, որոնք չվստահեցին ո՛չ Նիկոլին, ո՛չ էլ ընդդիմությանը: Դա մեծագույն ռեսուրսն է»:

Նրա համոզմամբ, ընդդիմության դաշտում էլ չկա միասնականություն, եւ սոցիալական հարթակներում նրանք միմյանց դեմ կեղծ օգտատերերով նյութեր են գրում ու պատվիրում: Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց կոնսոլիդացվել ու առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու եւ ասել, թե ինչ կանի ընդդիմության թեկնածուն. «Ի վերջո Հայաստանի հանրապետության անվտանգության երաշխավորը ՀՀ նախագահն է: Եվ, այնպես չէ, որ ինքն, ընդհանրապես որեւէ լիազորություն չունի:

Տիկին Զոհրաբյանն, անդրադառնալով Արցախի հարցի բանակցային գործընթացին, որի մանրամասները, ըստ նրա, խեղաթյուրել է Նիկոլ Փաշինյանը՝ ասաց, որ մոտ օրերս Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալու եւ, հույս ունի, որ այդ բանակցություններից ՀՀ երրորդ նախագահը մանրամասներ կհրապարակի՝ Նիկոլ Փաշինյանի «սուտը» բացահայտելու համար:

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի հայտարարությանը՝ որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չունենք, Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ կարելի է հենց այս պահին սույն տիկնոջ գործունեությունը համարել ավարտված:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31