Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքում կա հիասթափություն ցանկացած հայկական կառույցից. Սփյուռքի նկատմամբ միշտ սպառողական մոտեցում ենք դրսեւորում. Վահրամ Միրաքյան

Հունվար 26,2022 16:30

«Կարեւոր նախապայմաններից մեկն այն է, որ քաղաքական թեմաներն արգելված են միության ներսում, դա շատ է օգնում, որովհետեւ, քաղաքականությունն, ըստ էության բաժանող է: Եթե խնդիր է դրված մարդկանց միավորել, հետեւաբար, քաղաքականությունը մեզ մոտ արգելված է»,-այսօր, ներկայացնելով «Մանթաշով» գործարարների միության ստեղծման նպատակը, 3 տարվա կատարած աշխատանքները՝ ասաց միության հիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը:

Նրա խոսքով, միության գործունեությունը սկսել են 10 գործարար ընկերներով, հիմա Հայաստանում ունեն մոտ 140 անդամ, 30 անդամ՝ Լոս Անջելեսում, մոտ 20 անդամ Մոսկվայում եւ այդքան էլ՝ Կրասնոդարում:

«Մենք, հայերս, գլոբալ ազգ ենք, հայերի 25-ից 30 տոկոսն է ապրում Հայաստանում, բայց գլոբալ ազգ լինելով՝ մենք ունենք շատ քիչ գլոբալ կառույցներ, իսկ տնտեսական կառույցներ չունենք: Մեր միությունը ստանձնում է այդ դերը, որ դառնա գլոբալ հայկական տնտեսական կառույց»,-ասաց Վահրամ Միրաքյանը: Նախատեսում ենք այս տարի եւս վեց քաղաքում տարածվել։ Դա տալու է այն, որ հայ գործարարը աշխարհում աշխատում է ավելի արդյունավետ»,-ասաց Վահրամ Միրաքյանը:

Aravot.am-ի հարցին՝ երկրում ստեղծված իրավիճակից հետո սփյուռքի գործարարներն էլ կարծես թե հիասթափված են, ինչի մասին վկայում է ներդրումների բացակայությունը, ինչպե՞ս են համոզելու, որ Հայաստանում ներդրումներ անեն, Վահրամ Միրաքյանը պատասխանեց՝ «Սփյուռքում կա հիասթափություն ցանկացած հայկական կառույցներից: Կլինի՝ պետություն, եկեղեցի, բարեգործական ընկերություն, թե քաղաքական կառույց: Մարդիկ իրենց խաբված են զգում ու հայկական թեմաներից մի տեսակ վանողականություն կար: Ինչը շատ վատ է: Մենք միշտ սպառողական մոտեցում ենք դրսեւորում մեր սփյուռքի նկատմամբ, սփյուռքից միշտ մի բան ուզում ենք, ինչը շատ վատ է: Սփյուռքից ուզում ենք գումար՝ եկեղեցի կառուցելու համար, ուզում ենք գումար՝ Արցախում ճանապարհ կառուցելու համար, ուզում ենք գումար՝ Աշտարակում ջրագիծ կառուցելու համար, մենք սփյուռքին մեղադրում ենք, եթե իրենք կարծիք են ասում երկրի մասին տարբեր թեմաներով եւ այլն»:

Վահրամ Միրաքյանի խոսքով, պետք է լինի ոչ թե սպառողական մոտեցում սփյուռքի նկատմամբ, այլ՝ գործընկերային. «Չպիտի սփյուռքին դիտարկենք, որպես գումարի պարկ, որ պետք է անընդհատ գումար վերցնենք մեր կարիքների համար: Եվ այդպես համագործակցությունն ավելի արդյունավետ կստացվի: Մենք պետք է կենտրոնանաք՝ ինչ ենք տալիս մեր սփյուռքին, պետք է այդպիսի նախագծեր անենք: Մենք, որպես պետություն ինչ ենք տալիս: Գուցե մենք տանք, հետո ուզենք այդպես ավելի հեշտ լինի: Նույնիսկ՝ երեխան, եթե արդեն չափահաս է, բայց անընդհատ ուզում է, ուզում է, ծնողը մի օր հոգնում է՝ ասում է՝ գնա, առանձին ապրի, նույնը վերաբերում է այս հարցերին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31