Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն տարի 8-10 հազար զինծառայողի ազատում են բանակից՝ առողջական հիմքով…Կխոսեմ այնքան, ինչքան անհրաժեշտ կգտնեմ». Հայկ Սարգսյանի ու Անդրանիկ Քոչարյանի վեճը

Փետրվար 23,2022 18:55

«Մենք հիմնականում բանակի մասին խոսում ենք բանակի տոնին, պատերազմի հիշատակի օրերին, բայց չենք խորանում բանակի խնդիրների մեջ ու անցնում, գնում է: Օրինակ, մենք ունենք տարեկան 8.000-10.000 զինծառայող, որոնք ազատվում են ծառայությունից՝ առողջական կամ այլ խնդիրների հիման վրա: Թիվը ահավոր մեծ է, իսկ մենք քննարկում ենք ամեն զորակոչին 10-20 հոգու հարցը ոնց կազմակերպենք, որ անվտանգությանը չկպնենք, բայց իրականում ամեն տարի 8-10 հազարի ազատում ենք: Սրա մասին պետք է մտածենք»,- այսօր ՔՊ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ կարելի է առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկներին ներգրավել թիկունքային ծառայության մեջ, օրինակ, եթե կարճատես է, ԱԹՍ-ների, հակաօդային պաշտպանության մեջ ներգրավել. «Եղավ փոխվարչապետի հանձնարարականը, որ օրենքի փոփոխություն կատարելով՝ լրացնենք մեր զորակոչը: Վերջին 8 տարվա մեջ 60 հազարից ավելի զորակոչիկի ազատել ենք պարտադիր զինծառայությունից: Կեսը, համոզված եմ, կարող է պիտանի լինել:

Այսօր բանակը միայն խրամատում կանգնող զինծառայողը չէ: Առաջին հերթին խրամատում կանգնող զինծառայողն է, ով անքուն գիշերներ է անցկացնում խրամատում՝ վտանգելով իր կյանքը, բայց փորձը ցույց տվեց, որ մարտական գործողությունների ժամանակ շատ ավելի կարեւոր են հակաօդային պաշտպանությունը, թիկունքային ծառայությունը, նյութական ապահովումը, որպեսզի առաջնագծում կանգնած զինվորը կարողանա իր առջեւ դրված խնդիրները կատարել: Եթե դու չունես հակաօդային լավ պաշտպանություն ու դիրքում ունես 20 զինծառայող, ԱԹՍ է գալիս կանգնում, շատ լավ է, որ դու ունես 20 զինծառայող, ոչ թե 40, որովհետեւ կխփի ու կունենաս ավելի շատ վիրավոր եւ զոհեր: Այսինքն, եթե դու չունես առանձին օդային պաշտպանություն, միջոցներ, առաջնագծում շատ զինծառայողներ ունենալը, միայն բերելու է շատ զոհեր»:

Անդրանիկ Քոչարյանը դիտողություն արեց՝ ասելով, որ թեմայից շեղվում է: Հայկ Սարգսյանը պնդեց, ասաց, որ օրենքի տրամաբանությունից է ելնում ու պատգամավորները պետք է տեղյակ լինեն, օրինակ, թե վերջին 10 տարում, 20 տարում ինչքան է պակասել զորակոչի թիվը, իր մոտ թիվը կա, կարող է տրամադրել: Անդրանիկ Քոչարյանը պնդեց՝ այլ քննարկման նյութ է, Հայկ Սարգսյանը մնաց անդրդվելի. «Չէ, զորակոչից եմ խոսում, պարո՛ն Քոչարյան, ու սրա մասին ուզում եմ բարձրաձայնել ու լավ կլինի դուք էլ նախաձեռնեք, այլ առիթներով հավաքվենք, սրա մասին խոսենք»: Քոչարյանը դարձյալ միջամտեց՝ կրկնելով՝ սա այլ քննարկման նյութ է, Հայկ Սարգսյանն էլ պնդեց իրենը՝ այլ քննարկման նյութ չի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զգուշացրեց, որ ելույթը ստիպված է ավարտել: «Ես կխոսեմ այնքան, ինչքան անհրաժեշտ կգտնեմ»,- սա էր Հայկ Սարգսյանի արձագանքը թիմակցին:

Հիշեցնենք, որ հանձնաժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Հայկ Սարգսյանն ասաց, որ պատգամավորները հարցեր են տալիս ու փորձում են զոհվածի եղբայրներին պահել զորակոչի մեջ, ինքն էլ ուզում է ցույց տալ տեղը, ինչպես կարող են ԶՈՒ կազմը համալրել: Ուստի Հայկ Սարգսյանը դադարեցրեց ելույթը այն ժամանակ, երբ ավարտեց:

Անդրանիկ Քոչարյանը երկրորդեց Հայկ Սարգսյանին՝ ասելով, որ այդ ռեսուրսը իսկապես ՊՆ-ն պետք է կարողանա տնօրինել, թիվը մեծ է եւ մտահոգիչ: Իսկ իսրայելական բանակում երկու աչքից կույր զինծառայողն ունի իր տեղը: Իրենց առողջական խնդիրներով հանդերձ, նրանք պետք է օգտակար լինեն բանակին:

Հայկ Սարգսյանի նախագիծը դրական եզրակացություն ստացավ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ տեխնիկական թերությունների պատճառով առաջին ընթերցմանը ձեռնպահ կքվեարկեն, երկրորդ ընթերցման ժամանակ կվերանայեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28