Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրեժ լուծելու» քարոզը 21-րդ դարում

Մարտ 08,2022 10:00

Պատերազմում ռուսական կողմի հիմնական թեզերը հետեւյալն են.

1/ ՆԱՏՕ-ն ուզում էր ընդլայնվել Ուկրաինայի հաշվին եւ այդ երկրում միջուկային զենք տեղադրել,

2/ Ուկրաինա պետություն ընդհանրապես գոյություն չունի՝ դա Լենինի ստեղծած պետական կազմավորումն է,

3/ ուկրաինացիները 8 տարի սպանում էին ռուսներին Դոնբասում եւ Լուգանսկում:

Առաջին դեպքում մտադրությունը (իրական, թե մտացածին) համեմատվում է գործողության հետ: Համեմատեք. մենք հանձնել ենք Արցախի մեծ մասն այն պատճառով, որովհետեւ «նախկիններն» ՈւԶՈՒՄ ԷԻՆ այն հանձնել: Չիրականացված մտադրությունները ստուգել այնքան էլ հեշտ գործ չէ:

Երկրորդ թեզը տանում է մեզ «պատմական արդարության» հեղհեղուկ ոլորտ: Մանավանդ կազմալուծված կայսրությունների մասերի վերաբերյալ նման դատողությունները քաղաքականության մեջ փաստարկ են դառնում միայն այն դեպքում, երբ «ամրագրվում են» ռազմական ուժով: Բայց այդ թեզն անվրեպ նշանակետին է խփում Ռուսաստանի «ներքին շուկայում», որտեղ բնակչության մեծամասնությունը կայսրապաշտ է. այդ մեծամասնությունը չի ընկալում Ուկրաինան որպես առանձին պետություն, որն ունի իր սահմաններն ու շահերը: Դա իրենց համար Ռուսաստանի մի մասն է, որը ինչ-որ պատմական պատահականությամբ, թյուրիմացությամբ, ժամանակավորապես դուրս է մնացել իրենց վերահսկողությունից:

Ամենավտանգավորը վերջին փաստարկն է, որովհետեւ ստացվում է՝ Դոնբասում եւ Լուգանսկում մարդ էին սպանում (իրոք 2014 թվականից ի վեր եղել են բախումներ եւ զոհեր), եւ հիմա նրանք՝ այսինքն` Ռուսաստանի բանակը, վրեժ է լուծում: Նախ՝ այդ զորքն այժմ շատ ավելի հեռուն է գնացել, քան ДНР եւ ЛНР կոչվող հանրապետությունները եւ անհամեմատ շատ մարդ է սպանել (եւ զոհ տվել), անհամեմատ մեծ ավերածություններ է գործել, քան անցած 8 տարվա ընթացքում էր:

Երկրորդ՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» բանաձեւը 21-րդ դարում պարզապես անիմաստ է: Ինչի՞ հասան ամերիկացիները «սեպտեմբերի 11-ի» համար Աֆղանստանում վրեժ լուծելով (իհարկե, համեմատելի չեն երկու դեպքերը, այստեղ խոսքս միայն բարբարոսական սկզբունքի մասին է). Միացյալ Նահանգները մխրճվեց էր անիմաստ պատերազմի մեջ՝ չհասնելով շոշափելի արդյունքների: Եթե անգամ Ռուսաստանն Ուկրաինայում իրագործի իր բոլոր նպատակները, միեւնույն է՝ հիմա էլ հակառակ կողմում է տասնամյակներով, գուցե՝ դարերով հասունանալու վրեժխնդրության զգացողությունը: «Մի կաթիլ մեղր» հեքիաթի ողբերգական բեմադրությունն է:

…Բռնությունը միշտ «արդարացում» ունի: Այդ թվում հարեւանի նկատմամբ կամ ընտանեկան բռնությունը. «ութ տարի նյարդերս ուտում է, ինձ ափերից հանել է, համբերության բաժակս լցվել, ուրիշ տարբերակ չունեի, ստիպված էի այդպես վարվել»: Հանդիպե՞լ եք նման արդարացումների:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nimar says:

    Հետաքրքիր է հասկանալ, թե ինչպես կարող եք “հանձնել” մի բան, որը երբեք չեք ունեցել:
    Արցախը ոչ իրավաբանորեն, ոչ դե ֆակտո չի եղել Հայաստանի կազմում: Մեր երկիրն
    իրավասու էր ներկայացնելու չճանաչված պետության շահերը բանակցություններում
    բոլոր ներգրավված կողմերի համաձայնությամբ։ Հակամարտության իրական կողմերը
    Արցախն ու Ադրբեջանն են։ Արցախն է, որ պայքարում է ինքնորոշման համար: Եթե
    ​​նա հասներ նպատակին, իսկ հետո ցանկանար դառնալ Հայաստանի մաս, և այդ
    ցանկությունը բավարարվեր և արտացոլվեր մեր երկրի սահմանադրության մեջ, և հետո
    պատերազմ լիներ ռազմական պարտությամբ, ապա կարելի էր պնդել, որ ինչ-որ բան
    “հանձնվել է”: Եթե… Եթե… Եթե…
    30 տարի է՝ զարմանալիորեն արմատացած կարծրատիպ՝ բոլոր որոշումները կայացվում
    են Հայաստանում, իսկ Արցախում՝ միայն իրագործվում։ Մեր արեւելյան հարեւանի
    քարոզչությամբ ոգեշնչված այս բոլորովին կեղծ գաղափարը ամուր դրված է որոշ
    ուղեղներում։

  2. Լավատես says:

    Տարբեր քաշային կարգի պետությունները չեն կարող լինել ռազմավարական դաշնակիցներ, եթե բարձրքաշայինը կարող է փրկել ցածրքաշայինի գոյությունը, ապա հակառակը չի կարող լինել, բայց ցածրքաշայինները կարող են միաձայն միակամ միաբռունցք դաշինք կազմել եւ միասնական դաշինքով դառնալ բարձրքաշային եւ դառնալ մյուս բարձրքաշայինինների ռազմավարական դաշնակից: Մենք ցածրքաշային լինելով ի՞նչ գործ ունենք բարձրքաշայիններից ինչ որ բան ակնկալել’ լինի Ռուսաստան, ԱՄՆ թե Եվրոպա, մեր ռազմավարությունը պետք է լինի մեզ նման ցածրքաշայինների հետ ռազմավարական կուռ գոյաբանական դաշինք արարելը, հետո այդ դաշինքով մտնել բարձրքաշայինների հետ ռազմավարական գոյաբանական դաշինքի արարմանը, սա կտա մուլտիպլիկատիվ արդյունք’ մեկը մեկի հետ երկու, երկուսը երկուսի հետ չորս, չորսը չորսի հետ ութ եւ շատ արագ կդառնանք պետությունների բարձրքաշային դաշինք: Նույն սկզբունքով էլ ձեւավորում ենք ժողովրդից ազգ’ քաղաքացիական հասարակություն, այսինքն’ ընտանիք, համայնք, պետություն, …: Ցանկացած իրադրություն’ դա մի մակարդակ է, լուծեցիր այդ մակարդակի խնդիրը, անցնում ես հաջորդ մակարդակ: Այսօր մեկը մենք ենք, մյուս մեկը’ վրացիք, եթե չենք ուզում որ վաղն էլ մեջ կռիվ գցեն չար ուժերը, եկեք ռազմավարական դաշինք ստեղծենք իրար հետ, միասնական զորավարժություններ, իրարից ռազմավարական կախվածություն, որ մեկս առանց մյուսի չի կարող գոյությունը պաշտպանի, դրա համար ստորագրում ենք ոչ թե միջպետական համաձայնագիր, այլ ստեղծում ենք վերպետական դաշինք, որի օրենքներին մեր պետությունները պարտավորվում են ենթարկվել: Հետո երկուսով գնում ենք մեր քաշայիններին ռեկլամում մեր դաշինքը եւ ընդլայնվում է մեր դաշինքը: Չար ուժերն ուզում են վերացնել պետությունները եւ մարդուն թողնել ռոբոտների հետ մրցակցեն, նախապես թուլացնելով եւ հիմարացնելով մարդուն եւ հասցնելով ռոբոտի մակարդակին, սկզբից մարդը կհաղթի, հետո ոչ ոքի, հետո ռոբոտները կիշխեն, եթե այսօր պետք է համացանցում ապացուցես, որ դու ռոբոտ չես, վաղը ռոբոտի վարկանիշն ավելին կլինի, քան մարդունը եւ արդեն ռոբոտը պետք է ապացուցի, որ ինքը մարդ չի: Իրականում ոչ մի ռոբոտ նույնիսկ տեսականորեն մարդու մակարդակին չի հասնի, եթե չդեբիլացնեն մարդուն հատուկ: Այնպես որ, եթե ուզում ենք նորմալ ապագա, ստեղծենք նորմալ դաշինքներ եւ ազատագրենք ամբողջ աշխարհը չար ուժերի ձեռքից:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031