Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիի համայնքապետի տեղակալը` ծեծկռտուքի մասնակի՞ց

Ապրիլ 03,2022 00:09

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի տեղակալի ու հարազատների մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել։

Aravot.am-ի տեղեկություններով, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Լեւոն Միրզոյանը ծեծել է Մեղրիի բնակիչ Վանո Սարգսյանին։  Ըստ մեր աղբյուրների, Ջրօգտագործողների ընկերության Մեղրիի մասնաճյուղի աշխատակիցները փորձել են տարածաշրջանի գյուղեր գնացող ոռոգման ջրատարի խողովակներն անցկացնել Վանո Սարգսյանի հողամասի տարածքով։

Վերջինս փորձել է պարզել, թե ինչո՞ւ հենց իրեն պատկանող սեփական հողատարածքով, ու նրան հաջողվել է «լեզու գտնել» ջրօգտագործողների հետ։ Սակայն դրանից հետո Վանո Սարգսյանին է հանդիպել Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Լեւոն Միրզոյանը՝ Սարգսյանից փորձել պարզել, թե ինչո՞ւ է ընդդիմանում  համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին։ Վիճաբանությունը թեժացել է,  Լեւոն Միրզոյանը հարվածել է Վանո Սարգսյանին։ Միջադեպին խառնվել են Լեւոն Միրզոյանի հետ հողամաս եկած տղաները, որոնցից մեկը  համայնքապետ Բագրատ Զաքարյանի եղբայր Եղիշե Զաքարյանն է եղել։

«Չգիտեմ, ես տեղյակ չեմ միջադեպից։ Դիմեք իրավապահ մարմիններին»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց  Մեղրիի  համայնքապետի տեղակալ Լեւոն Միրզոյանը։ Համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը նույնպես ասաց, որ տեղյակ չի միջադեպից ու խնդրեց նման հարցերով իրեն չանհանգստացնել։

Վանո Սարգսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Նրա մայրն ասաց, որ չգիտի՝ ուր է իր որդին։ «Լսել եմ ինչ-որ միջադեպի մասին, բայց ինքը տուն չի եկել, մենք էլ տեղյակ չենք` որտեղ է»,-ասաց տիկին Լաուրան։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Բագրատ Զաքարյանի հարազատները ծեծել էին Մեղրիի կոմունալ տնտեսության նախկին տնօրեն Արթուր Աթանեսյանին։ Ըստ տարածված տեղեկությունների, Աթանեսյանը հրաժարվում էր աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Չնայած ոստիկանությունում գործ էր հարուցվել, բայց Արթուր Աթանեսյանի դիմումի հիման վրա այդ գործը կարճվեց։ Աթանեսյանը, Բագրատ Զաքարյանի որոշմամբ ազատվել էր աշխատանքից։ Արթուր Աթանեսյանը դիմել էր դատարան, ի վերջո, կողմերի միջեւ կնքվեց հաշտության համաձայնագիր։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930