Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդանանը կարևորում է հակամատությունների խաղաղ կարգավորումը և ողջունում դրան ուղղված ջանքերը

Ապրիլ 21,2022 22:11

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Արթուր Դավթյանի։

Հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս հայտնեց, որ այն առավել կզորացնի երկու խորհրդարանների հարաբերությունները՝ մեծապես նպաստելով երկրների միջև հետագա սերտ գործակցությանը:

Վեհափառ Հայրապետը, վերհիշելով իր այցը Հորդանան, ինչպես նաև հանդիպումները Հորդանանի թագավորի հետ Հորդանանում և Սուրբ Էջմիածնում, գոհունակությամբ հաստատեց հայ համայնքի նկատմամբ Հորդանանի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը՝ որպես ձևավորված դարավոր բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորում: Հայոց Հովվապետը արձանագրեց նաև, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները կարողացել են ապաստան գտնել Հորդանանում և կազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի առաջընթացին:

Իր հերթին պարոն Խալդուն Հինան Վեհափառ Հայրապետին փոխանցեց Հորդանանի ժողովրդի և հորդանանահայության ողջույնները։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դեռևս չհաղթահարված հետևանքներին, Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կյանքի դեմ շարունակվող ոտնձգություններին։ Խոսելով  Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների, սրբավայրերի, խաչքարերի, շիրմաքարերի պղծման և ոչնչացման դեպքերի մասին՝ Նորին Սրբությունը նկատեց, որ Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը հարիր չէ իսլամի ոգուն, և հույս հայտնեց, որ այն իսլամական աշխարհի կողմից կարժանանա խիստ դատապարտության։

Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահը վերահաստատեց, որ Հորդանանը կարևորում է հակամատությունների խաղաղ կարգավորումը և ողջունում դրան ուղղված ջանքերը։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930