Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ականջ ունի…

Մայիս 07,2022 20:39

Մինչ մենք երկրի ներսում իրար մեղադրում ենք դավաճանության մեջ, թուրք նախարարը՝ Չավուշօղլուն, ակնարկում է հայ-թուրքական սահմանների հստակեցման մասին: Կարելի է կռահել, թե ինչ վտանգներ է պարունակում այս հայտարարությունը մեզ համար, բայց սրա մասին թող խոսեն քաղաքագետները:

Ես ուզում եմ լսելի լինել այն մարդկանց, ովքեր փողոց դուրս չեկողներին դավաճան են կոչում, ովքեր համոզված են, որ ճիշտ են և այդ պարզունակ «առանց Նիկոլ, առանց Սերժ կամ առանց Քոչարյան» օրակարգից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Ժողովո՜ւրդ, գուցե դուք սխա՞լ եք, գուցե ի վերջո կա՞նգ առնենք ու բացե՞նք մեր աչքերը:

Անկախության շրջանում, ես չեմ հիշում գեթ մեկ իշխանություն, որին թույլ ենք տվել առանց ցնցումների կառավարել: Արդյունքում ի՞նչ ենք ստացել. ստեղծել ենք օջախներ, որոնք օգտագործվել են օտար երկրների գործակալական ցանցերի կողմից: Երբ փողոցում տասը մարդ է հավաքվում և այդ տասն էլ ինչ-ինչ պատճառներով ատում են տվյալ պահին գործող իշխանություններին, նրանք դառնում են խոցելի, նրանք այն տասը մարդն են, որոնց հետ մեր հակառակորդները պիտի աշխատեն և տարբեր ձևերով հավաքագրեն: Ի՞նչ է լինում, երբ տասի փոխարեն փողոց են դուրս գալիս հազարները: Հավաքագրելու հնարավորությունները մեծանում են, առաջանում է պարարտ հող երկիրը ներսից քանդելու համար: Իսկ վերջում լինում է այն, ինչ մեզ հետ եղավ, հարձակվում են մասնատված երկրի վրա ու ծնկի բերում:

Հիմա մենք ուզում ենք շարունակե՞լ այս ճանապարհով գնալ, թե՞ վերջապես խելքի ենք գալու:

Եթե փոքր-ինչ սթափ նայենք իրականությանը, կհասկանանք այն ծիծաղելի փորձերը, որ արվել են իբրև թե երկիրը փրկելու համար: Այդ փրկության ճիգերը, բոլորն անխտիր շրջվել են մեր դեմ: Ինչ-որ իմաստով արդարացված էին այն ժողովրդական հուզումները, որոնք առաջանում էին ակնհայտորեն կեղծված ընտրություններից հետո, բայց մենք այսօր չունենք նման իրավիճակ: Մենք պարզապես գտնվում ենք աշխարհաքաղաքական բախումների կիզակետերից մեկում և չենք կարողանում կողմնորոշվել, քանի որ բոլոր կողմերը մեզանից ինչ-որ զիջումներ են պահանջում:

Գանք 2018 թ.-ին…

Եղել եմ այն քիչ մարդկանցից մեկը, ով դեմ էր հեղափոխությանը, այն ժամանակ մեղմ ասած սրերով էին ընդունում, անգամ իմ ընկերներից ոմանք, բայց ես չէի հասկանում այդ հեղափոխության բերած արժեքները, չէի ընդունում դրանք: Սև ժապավեններ, փողոցներ փակել, քերծված ձեռքի ցուցադրություն, անչափահաս լակոտների մեծամիտ պահվածք և հարձակում կենսագրություն ունեցող, երկրի համար գործ արած մարդկանց վրա: Ելույթներ, որոնց գլխավոր միտքը՝ Սերժին մերժելն էր: Մերժեցինք և ի՞նչ ստացանք: Էս հարցերին պատասխանելու կարիք չկա, բոլորս գիտենք պատասխանը:

Պատերազմ՝ խայտառակ պարտություն և փոխանակ ուշքի գալու՝ կրկին ուռաներ, ծածանվող դրոշներ, կենացային մակարդակ: Սա, շատ կներեք՝ ԹԻԹԻԶ հայրենասիրություն է: Ես ինքս էդ թիթիզ հայրենասերներից եմ, ի՞նչ մեղքս թաքցնեմ: Ես էլ եմ ուզում մեր տան ճակատին դրոշ փակցնեմ և՛ Արցախի, և՛ Հայաստանի, ես նույնպես պաշտում եմ այդ երգերը, որ հնչում են Ֆրանսիայի հրապարակում, բայց մի բան եմ հիշում ու զգաստանում:

Ասեմ, թե ինչ: Երբ պատերազմը սկսվեց, իմ շրջապատից տղերք, ընկերներ, ծանոթներ, հարազատ եղբայրս, առանց սպասելու, որ իրենց կանչեն զինկոմիսարիատից՝ մեկնեցին պատերազմ: Մինչև վերջ կռվեցին ու որևէ մեկն անգամ մի նկար չտեղադրեց համացանցում, ոչ մի կերպ չգովազդեցին իրենց կռիվը: Սա է իրական հայրենասիրությունը: Այս օրինակները տեսնելուց հետո, ես այլևս չեմ կարող տրվել թիթիզությանը, որքան էլ դա լինի կանչող: Ընդ որում որպես ինքնաարդարացում ասեմ, որ երբեք տանը չէի մնա, պարզապես առողջական խնդիրների պատճառով ռազմաճակատում բեռ կլինեի: Ավելի լավ է զբաղվեմ իմ գործով և այդպես փորձեմ օգտակար լինել մեր Հայրենիքին: Ես լուռ ու թիթիզ հայրենասիրության կրողն եմ, երկուսն էլ իմն են, դրանում վատ բան չեմ տեսնում:

Ուզում եմ պարզապես հարցնել այն մարդկանց, ովքեր փողոցներ են փակում, ժողովուրդ, գուցե դուք ճիշտ չե՞ք, դուք բազմաթիվ անգամներ բռնել եք այդ ճանապարհը, փորձել եք օգտագործել փողոցը հաջողության հասնելու համար, բայց այսօր այլևս իշխանափոխությամբ հաղթանակելու ժամանակներ չեն, անցել են այդ ժամանակները: Մեր երկիրը, պետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Ինձ մոտ տպավորություն է, որ մենք ազգովի անտեսում ենք թուրքական գործոնը, ընդունում ենք, որ մեր թշնամին Ադրբեջանն է և ըստ այդմ անցնում ենք մեր գործողություններին:

Թող որ լինեմ սխալ, թող ես ընդհանրապես ձեր մտքում չլինեմ, բայց վերը նշված հարցերի մասին գոնե պարտավո՞ր ենք մտածել ու սթափվել, մոռանալ հեղափոխական ճանապարհները, հիշել, որ ապագա պատերազմում մենք էլի մենակ ենք լինելու, ունենալու ենք գուցե դաշնակիցներ, բարեկամներ, բայց մեծ հաշվով մենակ ենք լինելու, որովհետև բոլոր ազգերն էլ միայնակ են արյան հարցերում: Մինչև ինձ դավաճան հանելը, միտք արեք:

Կուզեի, որ մեր մշակույթի գործիչները խոսեն և ամենայն անկեղծությամբ, առանց վախենալու, որ «ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ» կհռչակվեն, բացատրեն մարդկանց իրականությունը:

Լավ եղեք, հուսամ այս անգամ մենք ավելի լուրջ կվերաբերվենք մեր պետությանը, որովհետև այսօր վտանգներն անհամեմատ ավելի մեծ են: Քաղաքագետները կփաստեն:

Տարոն ԳԼԱԿ

ԲԱՆԱՍՏԵՂԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031