Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթող գեղեցկուհուն թագը նվեր կմնա». «Միսս ԱՊՀ»-ի տնօրեն

Մայիս 17,2022 15:43

Հունիսի 3-ից հունիսի 18-ը  Հայաստանում կկայանա «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, որին կմասնակցեն 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհիներ։

«Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթը մասշտաբային ծրագիր է, որը երկրորդ անգամ է կայանում Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց մրցույթի կազմակերպիչ եւ հիմնադիր Նաիրի Մնացականյանը: Նա ընդգծեց, որ ի սկզբանե նպատակ էր դրվել անպայման մրցույթն անցկացնել Հայաստանում, ինչը կարեւոր է մեր երկրի ճանաչելիության  բարձրացման եւ PR-ի առումով:

«Տարբեր երկրներից ժամանած գեղեցկուհիների միջոցով, որոնք իրենց երկրներում արդեն ունեն անցած ճանապարհ, համարվում են տվյալ ոլորտի հաղթող, ունեն տվյալ ոլորտի հետեւորդներ, ցանկություն կա ներկայացնել մեր երկիրը, մեր մշակույթը, մեր պատմությունը»,-ասաց  Նաիրի Մնացականյանը: Հավելեց, որ մրցույթի շրջանակում գեղեցկուհիները 15 օր շարունակ  մնալու են Հայաստանում, եւ տուրիզմի կոմիտեի հետ միասին նրանց համար զբոսաշրջային հետաքրքիր երթուղի է մշակվել. «Մրցույթին մասնակցում է 16 երկիր` այդ թվում ոչ ԱՊՀ անդամ երկրներից: Մասնակից կա նաեւ Կուբայից, Լատվիայից, Լիտվայից եւ Էստոնիայից»: Գեղեցկուհիների  հետ եւ գալա շոուի վրա աշխատող մասնագետները դրսից են հրավիրված: Ժյուրին բաղկացած է 13 անդամից, որոնցից 2-ն են Հայաստանից: Ժյուրիի կազմը միջազգային չափանիշների համաձայն` ամենավերջին պահին կհրապարակվի:

Անդրադառնալով մահմեդական երկրներից մասնակից գեղեցկուհիների` լողազգեստով հանդես գալուն, Նաիրի Մնացականյանն ասաց, որ որոշվել է ավելի զուսպ հանդես գալ, թեեւ այդ երկրների ներկայացուցիչները չէին էլ հրաժարվի լողազգեստով համարից. «Իրենք տասնյակ անգամ ավելի հետաքրքրված են մեր միջոցառմամբ, քան Հայաստանը` որպես կազմակերպող երկիր»:

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի տնօրեն, «Արմմուդ Ֆեշն» նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանի խոսքով. «Աղջիկները 15 օր կլինեն Հայաստանում եւ մրցութային փուլեր, որպես այդպիսին, չեն լինի այդ ընթացքում: Փորձել ենք այդ ժամանակաշրջանը հօգուտ մեր երկրի ծառայեցնել:Մենք ունենալու ենք ճանաչողական տուրեր, որովհետեւ առհասարակ գեղեցկության շուրջ շատ են կենտրոնանում, դրա համար մտածեցինք, որ աղջիկների միջոցով կարելի է ճանաչելի դարձնել Հայաստանը իրենց  երկրներում: Կարեւորագույն ուղերձներից մեկն այն է, որ մեր երկրում կայանա միջազգային մրցույթ, որը ամեն տարի զբոսաշրջիկների հոսք կբերի մեր երկիր»:

Հայտնեց, որ մրցույթի գալա շոուի ժամանակ կլինի 3 փուլ, աղջիկները նախ կներկայանան այսպես կոչված` բոդիի տարբերակով եւ ոչ թե լողազգեստով: «Այն ներկայացնելու ենք մշակութային տեսանկյունից, գեղարվեստորեն, մեր հայ դիզայներների զարդերով համադրված: Մի խոսքով, շատ էսթետիկ համար է լինելու: Դրան հաջորդելու է ազգային տարազը, իսկ վերջին փուլում` երեկոյան հագուստը»,-ասաց Ռուբինա Գրիգորյանը:

Հաղթող գեղեցկուհին կարժանանա թագի, որը նրան նվեր կմնա: Հավելենք, որ մրցույթի կազմակերպման և անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է «Նաիրի Թրավել»  ընկերությանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031