Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ճանաչել նաև մարդկանց միջոցով. LikeLocal-ի միջոցով զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հյուրընկալվել հայ ընտանիքներում. JAMnews

Հունիս 06,2022 10:30

JAMnews. Այս տարվա հունվարից մեկնարկած LikeLocal նախագիծն այսուհետ երկիր այցելողներին հնարավորություն կտա Հայաստանը ճանաչել ոչ միայն տեսարժան ու պատմամշակութային վայրերի, այլև՝ մարդկանց, տեղացիների միջոցով:

Երևանաբնակ Անի Հարությունյան-Դանսերը մոտ երկու ամիս առաջ է Ռուսաստանի Դաշնությունից ամուսնու հետ վերադարձել հայրենիք: Արվեստագետների ընտանիքում մեծացած, արվեստաբան Անին այս կարճ ժամանակահատվածում ոչ միայն հասցրել է ծանոթանալ LikeLocal-ին, այլև՝ միացել է նախագծին որպես հյուրընկալ ընտանիք:

«Իմ մանկություն անցել է շատ հագեցած ու շատ աղմկոտ տանը, որտեղ երեկոյան միշտ արվեստագետներ էին հավաքվում: Իմ մանկության հիշողություններում մենք միշտ ընտանիքով ճաշել ենք, ընտանիքով ընթրել։ Ես այս ամենի մեջ մեծ խորհուրդ եմ տեսնում: Ուզում էի վերականգնել այդ հիշողություններն ու այդ ավանդույթը և մտածեցի, որ դա կարող եմ անել այս նախագծի շրջանակներում՝ իմ հայրական տուն հրավիրելով Հայաստան այցելած մարդկանց,- պատմում է Անին։ — Եթե ես կարողանամ իմ իմացած, իմ ճանաչած Երևանի մասին նրանց պատմել, դա էլ կարող է լինել իմ փոքրիկ ներդրումը Հայաստանի զբոսաշրջության ոլորտում»:

Բազմաթիվ երկրներ ճամփորդած Անին վստահ է՝ զբոսաշրջային փորձառությունների կարևորագույն բաղադրիչը մարդկանց հետ շփումն է․

«Երբ մենք գնում ենք այլ երկիր, հանդիպում ենք տարբեր մարդկանց, նաև նրանց միջոցով ենք ճանաչում այդ երկիրը: Շատ հաճախ գնալով միայն Գառնի, Գեղարդ, Սևան, մարդիկ մի փոքր այլ պատկերացումներ են ստանում Հայաստանի մասին: Դրանք ներկայացնում են երկրի ճարտարապետությունը, բայց ոչ մարդկանց:

LikeLocal-ի միջոցով զբոսաշրջիկը ծանոթանում է ոչ միայն քո խոհանոցին, այլ խոհանոցի միջոցով նաև ազգային մշակույթին ու պատմությանը: Չէ՞ որ մեր խոհանցում շատ կարևոր է, թե որ տարածաշրջանի ուտելիք ես պատրաստում, ինչ պատմություն ունի տվյալ ուտեստն ու տվյալ տարածաշրջանը: Ու ակամայից պատրաստելուն զուգահեռ սկսում ես նաև պատմել այդ ամենի մասին»:

Անին կարևոր է համարում, որ նախագիծն իրականացվում է Հայաստանի տարբեր բնակավայրերում ու հյուրընկալողները տարբերվում են ոչ միայն իրենց սովորություններով, այլև՝ նիստուկացով, համուհոտով:

Իսկ LikeLocal-ը հեղինակը նախատեսում է ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Արդեն իսկ Երևանին, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերին զուգահեռ LikeLocal-ն ակտիվ գործունեություն է սկսում իրականացնել Վիետնամում ու Կամբոջայում:

Գայանե ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930