Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աշակերտների նախագծած սարքը կուղարկվի տիեզերք

Հունիս 06,2022 11:00 Share

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը որպես մրցույթի հաղթող կուղարկվի տիեզերք։ Թռիչքը նախատեսվում է հունիսին տիեզերք դուրս եկող ենթաուղեծրային հրթիռից։

Մրցույթին մասնակցել են 12-21 տարեկան հայ պատանիներ և երիտասարդներ: Եզրափակիչ փուլ անցել էր 3 թիմ (Ad Astra, AYAS, GDL), որոնք էլ ներկայացրին իրենց ստեղծած սարքը եզրափակիչ ընտրության համար։


«Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են 12-րդ դասարանի աշակերտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 11-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենտորներն են ինժեներական ակումբի ղեկավար Վազգեն Գաբրիելյանը և ռոբոտաշինության լաբորատորիայի աշխատակից, «Այբ» դպրոցի շրջանավարտ Ռուբեն Քերոբյանը։

«Այբ» դպրոցի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվելու է ենթաուղեծրային հրթիռում և ուղարկվելու բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատելու է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող սենսորները նախատեսվել և առաջարկվել են AYAS թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտները մրցույթում հաղթելու շնորհիվ նաև հնարավորություն կունենան մասնակցելու «Ստարմուս» գիտական 6-րդ միջազգային փառատոնին։

2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթը Bazoomq Space Research Labի և HyeTech կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։

 «Այբ» ավագ դպրոցն առաջին կրթական սոցիալական նախաձեռնությունն է
Հայաստանում։ Աշակերտների 75%-ից ավելին ստանում է ֆինանսական աջակցություն։ Սա նշանակում է՝ որևէ աշակերտ, որ ընդունվում է «Այբ» ավագ դպրոց, այստեղ սովորելու հնարավորությունից չի զրկվում ընտանիքի վճարունակության պատճառով։ 

Դպրոցում մատուցվող «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի բաղադրիչներից է նախագծային ուսումնառությունը (project-based learning), որը «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ: Աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ 

«Այբ» ավագ դպրոց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930