Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Կոստանյան․ Այդպես չի լինում, որ նույնիսկ կենաց առաջարկողին մերժում ես, բայց ինքդ էլ լուծման որեւէ տարբերակ չես առաջարկում․ «Ազգ»

Հունիս 18,2022 10:26

«Ազգ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը

– «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքելուց հետո այդպես էլ հիմնովին չներկայացրեցիք, թե կուսակցության վարած քաղաքականության հատկապես ո՞ր գիծն էր ձեզ համար անընդունելի: Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի՝ կառավարության մեջ պաշտոն զբաղեցնելն էր պատճառը, թե՞ իրականում խորքային այլ պատճառներ կային:

– Կուսակցությունից հեռանալու պատճառի մասին առավել քան պարզ, հանրամատչելի ու սպառիչ մանրամասնել եմ հեռուստաեթերներով, զանգվածային տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցների միջոցով, հիմա էլ վերահաստատեմ նույնը, ինչ մի քանի ամիս առաջ մեկնաբանեցի, ու այսքանով համարենք այս հարցը փակված: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարին կառավարական կաբինետում պաշտոնի նշանակելն ինձ համար եղել է կարմիր գիծը, որից անդին այդ կուսակցությանն իմ անդամակցությունն այլեւս համարեցի անիմաստ: Առհասարակ, միայն ղեկավարի նշանակման գործոնը չէ հիմք եղել. որեւէ կուսակից գործընկերոջ որեւէ համագործակցություն օրվա իշխանության հետ համարել եմ անընդունելի, եւ սրա մասին բաց տեքստով ասել եմ կուսակցական ընկերներիս:

Կուսակցության անդամների համար միանգամայն կանխատեսելի էր հեռանալուս պատճառը, քանի որ միշտ անկաշկանդ հայտնել եմ տեսակետս՝ որեւէ ձեւաչափով «ազգակործան պատուհաս» իշխանության հետ համագործակցության բացառման վերաբերյալ: Երկրորդական կամ մանր-մունր ներկուսակցական որեւէ այլ խնդիր, անհամաձայնություն չէր կարող ստիպել ինձ վեցնամյա կուսակցական գործունեությունը եւ միասին անցած դժվարին ճանապարհը դադարեցնել: Միայն գաղափարական տարաձայնություններն ու ճանապարհի շեղումն էր գլխավոր պատճառը: Ընդհանրապես պետք է հստակեցվեր, թե ով ինչի համար է քաղաքականության մեջ հայտնվել, ինչ կողմնորոշում ունի եւ որ ճանապարհով է տեսնում պետության համար օրհասական խնդիրների լուծումներ փնտրելը, ի վերջո՝ ո՞ր շահերն են ավելի կարեւոր:

– Ձեր նախկին կուսակիցները հակառակ պնդումն էին անում, թե ընդդիմության ավելի «խոշոր» խաղացողների հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեք, ու միանալու եք նրանց:

– Անկեղծ ասած՝ առաջին անգամ եմ լսում նման պնդման մասին, թե նախկին կուսակից ընկերներս կարող էին նման հայտարարություն անել: Բայց եթե իսկապես այդպիսի համոզմունք եղել է, ապա մինչ օրս արդեն իսկ պարզ պիտի լիներ, թե այդ ո՞ր «խոշոր» քաղաքական խաղացողներն էին ի զորու եղել ինձ համոզել իրենց միանալու պայմանավորվածություններ ձեռքբերել: Պազապես ժպտում եմ: Սա խոսում է միայն այն մասին, որ այլ պատճառաբանություն, քան այսորակ անհեթեթություն, որեւէ մեկը չէր կարող գտնել իմ հեռանալու վերաբերյալ:

– Այս օրերին բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը խոսում են Արցախի ու Հայաստանի անվտնագության, սահմանների ամրության ու հայկական երկու պետությունների պետականության կորուստը թույլ չտալու համար, բայց հայտարարույթուններից անդին ռեալ որեւէ գործողություն կյանքի չի կոչվում: Հասարակության գիտակից հատվածը հոգնել է կենացներից. ի՞նչ անել:

– Դժվար է ասել, թե հատկապես ի՞նչ գործողություններով է պետք Արցախի ու Հայաստանի անվտանգության, սահմանների ամրության ու պետականության կորուստը կանխել, քանի որ տարբեր պատկերացումներ ու խնդրի լուծման տարբեր բանաձեւեր կան, յուրաքանչյուրի համար իր առաջ քաշած տարբերակը լավագույնն է: Խորհրդարանական ընդդիմությունն իր փողոցային պայքարով հայ հասարակության մի հատվածի անհամաձայնությունն ու ըմբոստությունն է արտահայտում երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, հարց է, թե պայքարի այդ ձեւաչափն ի՞նչ հեռանկարներ ունի իրական անվտանգային խնդիրները լուծելու համատեքստում: Կենացներից հոգնած ռեալական կամ ինչպես դուք եք ասում՝ գիտակից հատվածն ինքը եւս պետք է տարբերակ առաջարկողի դերը ստանձնի: Այդպես չի լինում, որ նույնիսկ կենաց առաջարկողին մերժում ես, բայց ինքդ էլ լուծման որեւէ տարբերակ չես առաջարկում: Հետո ոչ մեկից ոչինչ պահանջելու իրավունք պարզապես չես ունենալու:

 

Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930