Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանի հետ
– Ձեր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարվեց մանդատից, հետո դուք հրաժարվեցիք խորհրդարանական պաշտոններից։ Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում մանդատը դնելու Վանեցյանի որոշումը եւ ի՞նչ կասեք այն հանրային ակնկալիքների մասին, թե դուք՝ մյուս ընդդիմադիր պատգամավորներդ եւս պետք է դնեք մանդատները։
– Նախ՝ հարգանքով եմ վերաբերվում պարոն Վանեցյանի որոշմանը, շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար, կարծես հրապարակային ես դրա մասին դեռ չեմ խոսել։ Ինչ վերաբերում է փոխնախագահի պաշտոնից իմ հրաժարականին՝ տեքստում հստակ նշված է, ես համարում էի, որ դա հնարավորություն կտա՝ ծառայեցնել որպես խորհրդարանական դիվանագիտության գործիք մեր երկրին։ Բնականաբար, հաշվի առնելով իշխող խունտայի պահվածքը, ես հրաժարվել եմ վարչական պաշտոնից, բայց դա որեւէ կերպ չի ազդելու իմ՝ խորհրդարանական դիվանագիտության գործունեության վրա։ Ինչ վերաբերում է մանդատը դնելուն, մանդատը մեզ համար ընդամենը գործիք է։ Էսպես ձեւակերպեմ․ թե՛ մանդատն է ինքն իրենով գործիք եւ թե՛ մանդատը դնելն է որոշակի գործիք։ Դրանցից յուրաքանչյուրի կիրառումն անհրաժեշտ է պատեհ պահի։ Իսկ, որպես այդպիսին, թե ինչպես եմ վերաբերվում մանդատին, ճիշտն ասած՝ ինձ համար շատ ավելի կարեւոր են ժողովրդի, մեր ընտրողների, մեր քաղաքացիների վստահությունը, հարգանքը, ուստի էն վայրկյանին, երբ որ մանդատը՝ որպես գործիք, այլեւս օգտավետ չլինի, եւ երբ մենք համարենք, որ մանդատը դնելը որպես գործիք կկարողանանք օգտագործել, նույն վայրկյանին դա անելու ենք։ Այսինքն՝ խոսքն էստեղ պատեհ պահի մասին է ընդամենը։
– Դուք ասում եք` երբ մանդատը պատեհ պահի պետք գա, կօգտագործեք։ Հիմա երկու պատգամավոր արդեն դրել են մանդատը՝ փաստացի հասկանալով, որ մանդատներն այլեւս չեն ծառայում որեւէ օգտակար բանի։ Ղազինյանն էլ ասում է՝ առնվազն ազնիվ չէ պահելը: Հիմա Դուք ի՞նչ հույսեր եք կապում այդ մանդատի հետ, որը մինչ այս պահն առանձնապես մի օգտակար բանի համար չեք կարողացել ծառայեցնել։
Կարդացեք նաև
– Անկեղծ ասեմ՝ որեւէ հույս, ակնկալիք… նման տրամաբանությամբ էս բառերը ես, իհարկե, չէի օգտագործի, ես կօգտագործեմ, որ պատգամավորի կարգավիճակը որոշակի հնարավորություններ է տալիս՝ սկսած մի քիչ կենցաղային, բայց մեզ համար թիմային տեսակետից շատ կարեւոր, մեր ընկերներին, քաղբանտարկյալներին այցելելուց, հասկանում եք՝ ինչ եմ ասում, վերջացրած հարցադրումների, տարածելիության, միջազգային որոշակի շփումներով, նաեւ վերահսկողական որոշակի ֆունկցիա ունի, մեր՝ Եվրոպայի եւ Ռուսաստանի որոշ գործընկերների հետ ավելի պաշտոնական կապի ապահովման միջոց է։ Մի խոսքով, եւս մի գործիք է, էլի, էսպես ասեմ։ Բայց էդ գործիքը չի կարող ավելի բարձր գին ունենալ, քան քաղաքական մեր նպատակները, ուստի էն վայրկյանից, երբ մեր քաղաքական, ազգային նպատակների համար անհրաժեշտ կլինի դա վայր դնել, նույն վայրկյանին էդպես կլինի։
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ իշխանությունը կարող է նախաձեռնել նաեւ ձեզ մանդատներից զրկելու գործընթաց։
– Երբեւէ կյանքում ինձ դա չի հետաքրքրել, իրենք ինչ գործընթաց ուզում են, թող նախաձեռնեն, բայց մանդատը մենք ստացել ենք ժողովրդից։ Մեզ շատ ավելի հուզում է, որ երբեք մեզ ընտրած եւ մեզ վստահող քաղաքացիներից որեւէ մեկը չհիասթափվի մեզնից։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































