Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Հայաստանում տարերային, նույնիսկ՝ խուճապային տեմպերով խաչեր են հայտնվում, մայրուղիներին՝ խաչքարեր․ միշտ չէ, որ դրանք քրիստոնեության հետ կապ ունեն»

Հուլիս 07,2022 13:56

«Հայաստանում տարերային, նույնիսկ կարելի է ասել՝ խուճապային տեմպերով խաչեր են հայտնվում․ ուր գնում ես՝ մի տեղ «պլաստմասից», մի տեղ՝ երկաթից, մի տեղ՝ հին կահույքի կտորներից, մի տեղ՝ շինարարության ավելցուկից եւ այլն, եւ այլն»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ կառավարությանը հանձնարարական է տվել, որպեսզի տեղի ունեցող գործընթացն ուսումնասիրվի եւ գնահատական տրվի։

«Նախկինում առիթ ունեցել եմ խոսել այս մասին՝ քաղաքաշինությունը պետական կարեւորագույն գործառույթ է եւ քաղաքաշինությանն ուղղակի նայել, թե ով․ որտեղ, ինչ ուզեց՝ կառուցեց, կիսակառուցեց, բարձրացրեց կամ իջեցրեց, դա մեծագույն խնդիր է։ Ինձ համար քաղաքաշինությունը մտածողության ձեւերի կազմավորման ինստիտուտ է։ Ինձ նախնական տեղեկություն է պետք, թե ինչպես է դա տեղի ունենում։ Պիտի ընդգծեմ իմ համոզմունքը, որ գործընթացը միշտ չէ, որ քրիստոնեության հետ կապ ունի կամ հավատի հետ, որովհետեւ նման նախաձեռնությունների հեղինակներին, վստահ եմ, որ ասես նոր կտակարանից կամ աստվածաշնչից որեւէ բան պատմիր, չի կարողանա պատմել։ Անկախ սրանից, պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում եւ շատ դեպքերում կարող ենք ուղղակի ասել, որ սա վարկաբեկում է ե՛ւ Քրիստոնեությունը, ե՛ւ հավատը, ե՛ւ քաղաքաշինությունը։ Ոչ բոլոր դեպքերում»,-ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաեւ մայրուղիներին տեղադրված խաչքարերին․ «Ամենայն հարգանքով, բայց ասենք մեր երկրում մշակույթ կա՝ մայրուղիների երկայնքով տեղադրել խաչքարեր վթարի դեպքի առթիվ։ Դե պատկերացրեք, որ բոլոր վթարների առիթով մայրուղիներին խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ի՞նչ կստացվի։ Կամ կներեք, մեր երկրում բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան։ Հասկանում եք՝ մենք ուր ենք շարժվում։ Լավ, ասում ենք՝ ոչ մեկին չնեղացնենք, էս չասենք, էն չասենք, բայց սա ի վերջո հակապետական, ապապետական դրսեւորումներ են։ Բոլորը խուսափում են դրա մասին խոսել, պետք է չխուսափել գնալ եւ ապամոնտաժել այն տեղերում, որտեղ ապօրինի է այդ ամենը արված»։

Նա նաեւ նշեց, որ պետք է ուսումնասիրել եւ հասկանալ՝ այդ ամենն որքանով է տեղավորվում օրենքի տրամաբանության մեջ եւ հանձնարարեց, որ համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում տեղեկատվություն տրամադրեն․ «Քաղաքաշինությունը խստորեն կանոնակարգվող ոլորտ է։ Ցավոք, ՀՀ-ում մեծամասամբ շրջանցվում է գործընթացը»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Հա հա հա հա

    Պարոն Աբրահամյան, դուրսէն մասնագէտը գայ աս ուղեղի՞ն կառավարութեամբ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031