Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղերքն ասում են իմպրեսիոնիստ ես, ես էլ ասում եմ՝ ինչ կա որ». Արթին (Ֆոտոշարք)

Օգոստոս 24,2022 22:11

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Արթինի (Հարություն Հարությունյանի) ցուցահանդեսը, որն ավելի շատ հայտնի է իր՝ պաստելով արված աշխատանքներով: Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) նախագահ Սուրեն Սաֆարյանը ցանկացավ, որ Արթինը միշտ իր աշխատանքներով լեցուն դահլիճներ ունենա, ուրախացնի  իր արվեստով:

«Ձեր արվեստից շատ բան  ունենք սովորելու: Ես մեկն եմ, ով իր ուսումնական շրջանում բախտ է ունեցել ձեզ հետ շփվելու»,-ասաց ՀՆՄ նախագահը:

Կինոլրագրող Ռոբերտ Մաթոսյանը հիշեց, որ կինովարձույթի գրասենյակում թերթ էր հրատարակում, իսկ արվեստանոցում ֆիլմերի գովազդներն էին ստեղծում, ու Արթինը միշտ պահանջում էր նախ ֆիլմերը ցույց տալ, որպեսզի դրանից  հետո գովազդները պատրաստի: Ստիպված հաշվի էին նստում նրա պահանջների հետ, որովհետեւ այդ պարագայում, Մաթոսյանի ձեւակերպմամբ, սրտով էր գործն անում:

Aravot.am-ի հետ զրույցում Արթինն ասաց, որ ուրախ է կրկին ներկայանալ հայ հանրությանը: «Երբ ներկայացնում ես քո 15-20 տարիների կյանքը, ավելի զգոն ես դառնում: Ու որ լավ են ընդունում, ավելի լավ ես սկսում նկարել»,-նշեց նա: Արթինի ձեւակերպմամբ, ինքը  նկարիչ է «մկրտվել» ոչ թե 1982թ, երբ միության անդամ է դարձել, այլ  1995 թ., երբ ընկերներն են իրեն նկարիչ համարել:

Այս ցուցահանդեսին ներկայացված 130 աշխատանքները ստեղծվել են տարբեր տարիների՝ 1972-ից մինչեւ մեր օրերը:Ընդհանրապես, Արթինը ցուցահանդեսներ է ունեցել 1982-ից՝ նախ ԽՍՀՄ տարածքում, ապա բազմաթիվ այլ երկրներում՝ Ֆինլանդիա, Կանադա, Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Պերու, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Բելգիա: Ափսոսում է, որ լավագույն հայ նկարիչները դրսում վատ են ներկայացում, մինչդեռ, նրա խոսքով «Եվրոպայում նկարիչներ կան, որ տեխնիկումի վիճակի էլ չեն, սակայն շատ լավ են վաճառվում»:

Արթինն ասում է,որ մուսան կարող է այցելել ցանկացած պահի, պատահել է գիշերվա 3-ին արթնացել ու նկարել է: Ասում է. «Երազումս այնքան հետաքրքիր նկարներ եմ տեսել, բայց  արթնացել ու չեմ կարողացել վերարտադրել, մենակ վերջում մի « Ձմեռ»  կար, ժամը 3-ին արթնացել, նկարել եմ»:

Նկարիչն ասում է այսօր հայաստանցի նկարիչներին ոգեւորությունն է պակասում, որովհետեւ դժվար ժամանակներ են, կռիվներ: Ինչ վերաբերվում է իզմերին, ասում է՝ ինքն իր իզմն ունի. «Տղերքն ասում են իմպրեսիոնիստ ես:  Ես էլ ասում եմ՝ հա, ինչ կա որ…Ի դեպ, իմ Արթին անունը 1962թ քեռուս տղան է դրել,  հիմա թոռանս՝ Հարություն Հարությունյանին, ասում եմ՝ դու էլ անունդ դիր Վան Արթին, այսինքն վանեցի Արթին՝ որպես վանեցու ծոռ, դե  ես էլ վանեցու թոռ եմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031