Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ադրբեջանական տանկերն ու զրահատեխնիկան ի՞նչ գործ ունեն Բերձորում, ով է թույլ տվել. Արցախի՞, թե՞ Հայաստանի իշխանությունները»

Օգոստոս 29,2022 16:18

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը« Հայելի» ակումբում այսօր անդրադարձավ տարածվող տեսակետին, թե 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը հոգեբանորեն մի տեսակ հանձնված ու պարտվելու հետ համակերպված վիճակում է, ինչի վկայությունն է այն, որ Բերձորը, Աղավնոն ու Սուսը հակառակորդին հանձնելու պարագայում էլ ընդվզում չկա: Մինչդեռ, արցախյան առաջին ու ապրիլյան պատերազմների ժամանակ հայությունը միասնական էր ու մարտական․ աշխարհասփյուռ հայերը եթե չէին կարողանում գալ, ապա հսկայական աջակցություն էին ցույց տալիս։ Էդգար Ղազարյանը հակադարձեց. «Մինչեւ 2020 թվականը «Հայաստան» համահայկական հիմնադրամը տարեկան ամենամեծ հանգանակությունը, որ ունեցել է, եղել է $ 14 մլն: Միայն արցախյան վերջին պատերազմի 44 օրերի ընթացքում հանգանակվել է $ 150 մլն.-ից ավելի գումար, որից 100 միլիոնը մի թվով փոխանցվել է պետական բյուջե ու կորել է, չկա:

Իսկ ինչ վերաբերում է Բերձոր ադրբեջանական զինված ուժերի, տանկերի, զրահատեխնիկայի ներխուժմանը, դա բացարձակ ապօրինություն է, որը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որտեղ գրված է, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով ուղեւորների, բեռների, տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Այսինքն, եթե այդ պահին Բերձորում կան ադրբեջանական տանկեր, նշանակում է հենց այդ պահին խափանվել է ազատ տեղաշարժը, Հայաստանի կապը Արցախի հետ խափանվել է: Չկա ոչ մի ուրիշ ճանապարհ: Եվ եթե որեւէ մեկը ուզեր գնալ Արցախ, Արցախից որեւէ մեկը ուզեր գալ Հայաստան, դա կլիներ ֆիզիկապես անհնար: Հետեւաբար, հարց է առաջանում. դրանք ո՞նց են հայտնվել, ո՞վ է թույլ տվել, որ դրանք հայտնվեն այնտեղ:

Հիշո՞ւմ եք՝ ես ինչքան ժամանակ ասում էի, որ դրանք կգան, դրոշը կդնեն, կգնան, հետո ճանապարհը կբացեն: Հիմա ճիշտ այդպես չի՞ եղել: Հիմա եթե դրոշն արդեն այնտեղ է, եթե վարչակազմի շենքը դարձել է Ադրբեջանի ԱԱԾ ստորաբաժանման գրասենյակ, իրենք ե՞րբ ուզեն ու չեն վերադառնա իրենց գրասենյակ: Դրանք որ եկան մեկ հատ БТР կանգնեցրին ու ճանապարհը փակեցին, ո՞վ է ասելու մի արեք: Ի՞նչ գործ ունեին իրենք այնտեղ: Ո՞վ է դրանց թույլ տվել. Արցախի՞ իշխանությունները, Հայաստանի՞ իշխանությունները:

Ոչ մի նորմալ բան գոյություն չունի: Լավ, գոնե կապիտուլյացիայի տեքստի բովանդակությունը կարողացեք պահպանել: Այս աստիճան ստորացնել կլինի՞: Բայց էս ստորացման օբյեկտը իրենք են: Դա ես չեմ, ես պատրաստ չեմ դրան:

Իսկ այդ ընթացքում ինքը գնացել ԵԱՏՄ վարչապետերի նիստի է մասնակցում, կինն էլ որպես պատվավոր հյուր երեխային վերցրել, գնացել է սահադաշտ՝ ներկայացման: Իրենց էլ դիմավորել է Երեւանի քաղաքապետը, որը, կարելի է մտածել, մայրաքաղաքի բոլոր խնդիրները լուծել է, էլ բան չունի անելու: Ու սա մեր լրահոսի գլխավոր թեման էր:

Ո՞վ է Ալիեւը: Միջնադարյան մի հետամնաց բռնապետ, կոռուպցիոներ: Նա ո՞վ է, որ գա, մեր հերոսական ժողովրդի վրա էդպիսի վարք դրսեւորի: Մի արժանապատիվ ղեկավար ունենանք, մեր ժողովրդի մեջքը ուղիղ է կանգնելու: Այո, եթե ուզում եք իմանալ, գալու է ժամանակը եւ ամեն ինչը վերականգնվելու է: Մենք էլի ենք կորցրել ու էլի վերականգնել ենք: Բայց այսպիսի ստորացո՞ւմ: Ու ինչի՞ է հանդուրժվում: Մեկի համար, որ պատրաստ է այս ստորացումները, իր անձին ուղղված վիրավորանքները հանդուրժե՞լ:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դու ե՞ս ստորագրել, որտեղ գրված է, որ կապը պետք է անխափան պահպանվի: Հիմա խափանված է: Դու ո՞նց ես համաձայնվել: Գոնե քո ստորագրությունը պահպանիր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031