Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի վարած քաղաքականությունն Ադրբեջանի ու Թուրքիայի համար ոչ միայն կանաչ լույս է վառում, այլեւ երաշխիք է տալիս»

Հոկտեմբեր 03,2022 14:30

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի համոզմամբ՝ այսօր ՀՀ-ին ռազմական աջակցություն տրամադրելու հնարավորություն է բացվել:

«Ռուսաստանի վարած քաղաքականությունն Ադրբեջանի ու Թուրքիայի համար ոչ միայն կանաչ լույս է վառում, այլեւ երաշխիք է տալիս իրենց գործողություններն իրականացնել»,-Ամերիկայի հայկական համագումարի կողմից կազմակերպված «Արցախ. Ադրբեջանի հարձակումից երկու տարի անց» խորագրով տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը:

Նա, հետադարձ հայացք նետելով վերջին տարիների իրադարձություններին, դիվանագիտությանը, վարվող քաղաքականությանը, պատերազմական իրավիճակին, ասաց. «Հետադարձ հայացք նետելով իրադարձություններին՝ հասկացել ենք այն, որ այս բոլոր գործընթացները կապված են ժամանակի, աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակի եւ տարբեր այլ գործոնների հետ: Այդ գործոններից են նաեւ հեղհեղուկ քաղաքական իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը»:

Նա արձանագրեց՝ 2020-ի նոյեմբերի, դեկտեմբերի հայտարարությունների ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից շարունակվում է ագրեսիան՝ այժմ արդեն ՀՀ սահմանի նկատմամբ: Նա այս առիթով նկատեց. «Այս դեպքերից հետո մենք դիվանագիտական մակարդակում սկսեցինք տեսնել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունները: Տեսնում եք, թե ինչ հասցեական հայտարարություններ են՝ կապված ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածքից ետքաշման վերաբերյալ: ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հստակորեն դատապարտել են սեպտեմբերի 13-ին ՀՀ պետական սահմանի վրա Ադրբեջանի կողմից հարձակումը: Իրանի հայտարարություններն են գնալով ավելի հնչեղ դառնում՝ Հայաստանի սահմանների ցանկացած հնարավոր փոփոխության հատ կապված անհամաձայնության առումով»:

Հիշեցնելով, թե ինչպես է Ադրբեջանը վարվել հայ զինծառայողների հետ, կին սպանված զինծառայողների հետ, ինչպես է խեղել նրանց մարմինները, ինչպես են վերաբերվում հայ ռազմագերիների հետ՝ նա նշեց, որ միջազգային հանրության գնահատականն այս ամենին համարժեք չէ. միայն սառը մեկնաբանություններ են: Ըստ նրա՝ բոլոր երկրներն էլ լավ հասկանում են, կառավարությունները տեղյակ են, թե ինչ է տեղի ունենում, կառավարությունների մեծամասնությունն էլ ներառված է այս հարցերում: Եվ հասկանալի է, որ այս ամենը տեղի է ունենում հայկական մշակութային ժառանագության հետքը վերացնելու համար ու վստահեցրեց. «Հնարավոր չէ, որ այս նպատակի մասին տեղյակ չլինի ՌԴ կառավարությունը, ԱՄՆ կառավարությունը, որ չտեսնեն՝ Թուրքիան եւ Ադրբեջանն իրար ձեռք բռնած այդ քաղաքականությունն իրականացնում են հայկական հետքը վերացնելու համար: Նրանց նպատակն է էթնիկ զտման, ատելության տարածման միջոցով իրենց ուժի գերիշխանությունը հաստատելը»:

Վան Գրիգորյանը փաստեց՝ գոյություն ունեն օրենքներ, որոնք դատապարտում են այն, ինչ իրականացվում է Ադրբեջանի կողմից ու անդրադառնալով կոնկրետ ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ նշեց. «Երբ ԱՄՆ-ն Թրամփի վարչակարգի ժամանակ Ադրբեջանին հատկացրեց 120 միլիոնի ռազմական աջակցություն, դա Հայաստանի համար սարսափելի ազդանշան էր: Եթե տարածաշրջանում ԱՄՆ-ն ցանկանում է լրջութամբ ընկալվել, ապա այս հարցերին պետք է ուշադրություն դարձնի: ԱՄՆ-ն պետք է հաշվի նստի այս իրողության հետ: 907-րդ բանաձեւը վերջնական տարբերակով ընդունվեց Բայդենի վարչակարգի կողմից, նաեւ հնարավորություն է բացվել Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու համար: Այսօր ցնցումները չեն բխում ԱՄՆ շահերից»:

Վան Գրիգորյանի կարծիքով՝ պետք է գնանք Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները հանրայնացնելու ճանապարհով եւ հասնել նրան, որպեսզի աշխարհը տեսնի, դատապարտի ու պատժամիջոցների ենթարկի Ադրբեջանին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31